14 02 2019

Անցումային կուլակաթափություն․ Panorama.am

Անցումային կուլակաթափություն․ Panorama.am

Panorama.am-ը գրել է․ «Քայլային փոխատեղումներից հետո օդից կախված մնաց «հեղափոխություն» բառը։ Նոր կառավարությունն անգամ առիթ ունեցավ ասելու, որ սա իշխանափոխություն է, հեղափոխություն չէ։ Սակայն շուտով երևի հասկացավ, որ հեղափոխությունը շատ ավելի խորհրդավոր բառ է, բացատրություններ չպահանջող ու վախենալու, քան՝ իշխանափոխությունը, ու այն դրեց ակտիվ շրջանառության մեջ։

Այսպիսով՝ կառավարության հեղափոխական ծրագրի քննությունը ԱԺ-ում սկսում է նմանվել հարբածի տակետակ անկեղծացմանը։

Որքան զգացմունքային ֆոնը բարձրանում է, այնքան խոսքերը դառնում են անկեղծ։ Որովհետև տրամաբանության առումով ծրագիրը բան չի տալիս քննարկելու։ ՈՒղղակի քանի որ այն «հեղափոխական ծրագիր» է, քչերն են իրենց մեջ «դուխ» գտնում այն քննադատելու՝ վերլուծական առումով։

Ծրագրում թվեր չլինելու պահը «Իմ քայլը» դարձրեց թեզերի անհրաժեշտություն ու սկսեց սարկազմով պատասխանել բոլոր նրանց, ովքեր թվեր են փնտրում։

Պիտի նշել, որ թեզերի ժամանակը ապրիլ-մայիսն էր, երբ քայլային հանրությունը ամբիոն չուներ ու ղեկ չուներ։ Ի դեպ՝ վարչապետը այսօրվա կառավարության քաղաքականությունից դժգողոհներին սաստեց, թե՝ մի հատ քանակ հավաքեք, նոր։ Հետաքրքիր կլիներ գիտության, կրթության, մշակույթի ու սպորտի նախարարի ռեակցիան, երբ այդքան քանակի դպրոցականներ, որ մայիսին էին փողոցներում, այսօր էլ դպրոցը թողնեին ու դուրս գային «օպտիմալացման» դեմ իրենց ծնողների բողոքը կիսելու։

Ինչևէ՝ վերադառնանք թվերին ու թեզերին։ Եթե կառավարության ծրագիրը նախորդեր տարեկան բյուջեի հաստատմանը, թեզերի պահը դեռ կորղ էր ինչ-որ տեղ հասկանալի լինել։ Բայց հաստատել բյուջե, հետո անցնել թեզերի...  նույնն է թե՝  ձուն դնել թխսի գլխին։

Այնինչ նույնիսկ հաստատված բյուջեն ուներ շատ բացեր, որոնք արդեն իրենց ցույց են տալիս ու թերևս քննարկման, բացահայտման, մանևրելու կարիքը ակնհայտ է։ Դրանցից մեկը, ինչին անդրադարձել ենք՝ քաղցկեղի անվճար վիրահատությունների մասին նախարարի հայտարարությունն էր։ Panorama.am-ի հարցում-նամակին ի պատասխան ԱՆ-ից հայտնեցին, որ կա առաջնահերթություններ, չկա նոր օրենք, ու փաստացի՝ մեծացվել է պետպատվերը։ Հաշվարկներով՝ այդ բյուջեն չի հերիքելու ԲՈԼՈՐ վիրահատությունների համար։

Դե հիմա թեզերով դա փակենք, տեսնենք։

Նույնը կառավարության ծրագրի դեպքում է։ Հեղափոխություն բառը կրկնելը, աղքատություն բառը արհամարհելը, քննարկման սարկազմը չի կարող սվաղել արդեն գործող քաղաքականության բացերը։

Ու նույնիսկ հանրությանը ստի սիրահար լինելու մեջ մեղադրելը, մենակ քայլել չկարողանալու համոզմունքը չի ծածկում այդ նույն հանրության այնքան հասուն լինելը, որ տեսնի այս ամենի զավեշտը։

Բյուջեն կա, դրա բաշխումը ըստ առաջնահերթությունների կառավարության ծրագրում՝ չկա։Պարգևավճարներից դժգոհ եք, այս տարի քիչ կտան, «տեղը կընկնի»։ Նստվածքը հեչ, դա ընդամենը «հեղափոխությունը» չհասկանալուց է։

Փաստաբանները աշխատում են ստվերում, պիտի այլ կերպ հարկել՝ ասում է վարչապետը։ Փաստաբանները բողոքում են, հարցը հանվում է, փաստաբանները գոհ են։ Հուսանք՝ ոչ այնքան շնորհակալ, որ զիջումների գնան մասնագիտական հարցերում։Իսկ որ «մասնագիտական հարցերը» աճելու են, դրա մասին ուղիղ ասվեց։

Նախ վարչապետը գտավ, որ ԱԱԾ-ն սկսել է «քիչ աշխատել» «ապօրինի հարստացումների» հետ կապված։

«Կարծում եմ, որ մեր իրավապահ մարմինները՝ ԱԱԾ-ն և ոստիկանությունը, այս թեմայով պետք է առավել ակտիվ աշխատեն և առավել մեծ արդյունքներ ցույց տա: Որովհետև ձեզ հասկանալի պատճառներով հոկտեմբերից սկսված քաղաքական պրոցեսների արդյունքում անձամբ ես մի փոքր այդ թեմայից շեղվեցի և ես զգում եմ, որ դա որոշակի լճացման տեղիք է տվել» ,-ուղղակիորեն ասաց նա:

Ինչ է սա, եթե ոչ ուղիղ ցուցում ԱԱԾ-ին։

Երկրորդ։«... կառավարությունը քննարկում է առանց մեղադրական դատավճռի գույքի նկատմամբ բռնագանձում տարածելու մեխանիզմը: Ես հասկանում եմ, որ այս անվանումը կարող է տարօրինակ թվալ, բայց ուզում եմ ասել, որ մենք ունենք հիմնավորում, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դիրքորոշումներում սա համարվում է նորմալ պրակտիկա: Սա չի համարվում մարդու իրավունքների սահմանափակում: Այն, ըստ էության, անցումային արդարադատության էլեմենտ է: Եթե մարդը չի կարողանում ապացուցել, որ գույքը ձեռք է բերել օրինական ճանապարհով, այդ գույքը համարվում է ապօրինի»,- ասել է վարչապետը:Իսկ ուր մնաց մարդու ոչ միայն սեփականության իրավունքի «էլէմենտը», այլև՝ նրա անմեղության կանխավարկածը։ Ինչու պիտի մարդը ապացուցի իր գույքի ձեռբերումը, եթե նա դատարանում չէ։ Ում ու որտեղ պիտի ապացուցի։

ՖԲ-ո՞ւմ։ԱԱԾ-ու՞մ։Դատախազությունու՞մ։

Ուր կարող է տանել այս «անցումային արդարադատության էլէմենտը»։ Անցումային արդարատություն, որը այդպես էլ չսահմանվեց, բայց որի էլեմենտները, փաստորեն, պատրասվում են կիրառել։

Ասեմ ուր կարող է տանել. կուլակաթափության սխեմային։

Ու «օպտիմալացման» այս կերպ պրիմիտիվ, առանց հետագա քայլերը որոշակիացնելու, առանց մարդկանց այլընտրանք առաջարկելու կիրառումն էլ...  կոլխոզացում է։Կուլակաթափություն, կոլխոզ, սովետի գալուստ՝ այս զուգահեռները ակամա առաջ են գալիս շատերի մոտ։ՈՒ հանրության չունևոր կամ գործազուրկ զանգվածների համար մեկ է՝ դրանք մտնում էին «հեղափոխություն» բառի մեջ, «արդարադատություն», թե՝ «համբերի, գարուն կգա...»կառավարական թեզի։Եթե մարդկանց կյանքի լավացման այժմեական թեզերը ու քայելրը բացակա են, ինչքան ուզում եք սարկազմ թափեք աջուձախ, մարդիկ չեն հասկանա՝ իբր ինչ»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ