Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Խորհրդարանի ղեկավարի պաշտոնում իմ գործունեության ընթացքում չի եղել մի դեպք, երբ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման համատեքստում երբևէ Արցախի իշխանությունների հետ խոսեն պարտադրանքի լեզվով:
Հետևաբար ինձ համար անհասկանալի են փաստերի բոլոր այն խեղաթյուրումները, որոնք այս օրերին հանրային հարթակ են նետվում 2020թ. Արցախում սպասվող ընտրությունների ֆոնին:
Ինչ վերաբերում է 2016թ. հուլիսին Ստեփանակերտում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ Արցախի քաղաքական ուժերի պատասխանատուների հանդիպմանը, ապա որպես դրա մասնակից՝ կցանկանայի անդրադառնալ մի կարևոր հանգամանքի:
Թե ինչ է քննարկվել ՀՀ նախկին նախագահի հետ և որոնք էին հետևանքները, կարծում եմ՝ ակնառու է. դրանից հետո ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ թե՛ պաշտոնական Երևանի, և թե՛ Ստեփանակերտի դիրքորոշումներն ավելի են կոշտացել:
Բազմիցս նշել եմ և այսօր էլ շարունակում եմ պնդել. տարածք՝ խաղաղության դիմաց, տարածք՝ կարգավիճակի դիմաց կամ տարածք՝ միջազգային երաշխիքների դիմաց սկզբունքներն անընդունելի են:
Դավադրության տեսություն զարգացնելու փոխարեն խորհուրդ եմ տալիս շահագրգիռ անձանց մտածել հայկական կողմերի դիրքերն ամրապնդելու մասին»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը