Ներկայացվել է տարբեր երկրներում ժողովրդավարության վիճակի վերաբերյալ Freedom in the World ամենամյա զեկույցը, որում ներառված է 195 երկիր։ Հայաստանը 1 տարում խոշորագույն առաջընթաց գրանցած երկրների առաջատար վեցնյակում 4-րդն է:
Freedom House-ի զեկույցի հեղինակները նշել են, որ նախորդ տարի ազատության անկում է նկատվել, ժողովրդավարությունը նահանջում է։ Ուսումնասիրված երկրների ու տարածքների 44,1%-ը բնորոշվել է ազատ, 30,3%-ը՝ մասամբ ազատ, իսկ 25,6%-ը՝ անազատ:
Այդուհանդերձ, որոշ երկրներում «անակնկալ» դրական արդյունքներ են գրանցվել։ Փաստաթղթում նշվում է, որ անակնկալ բարելավում է եղել մի Հայաստանում, Մալայզիայում, Եթովպիայում, Անգոլայում և Էկվադորում։
Հայաստանն առաջընթաց է գրանցել 6 միավորով, սակայն շարունակում է մնալ «մասամբ ազատ» երկրների շարքում:
«Զանգվածային ոչ բռնի ցույցերը Հայաստանում հանգեցրին վարչապետ Սերժ Սարգսյանի հրաժարականին: Դեկտեմբերին տեղի ունեցած խորհրդարանական արտահերթ ընտրություններից հետո խորհրդարանում մեծամասնություն կազմած բարեփոխիչները պարտավորվել են, որ կոռուպցիայի ու պաշտոնական դիրքի չարաշահման դեմ պայքարում կգերիշխի թափանցիկությունն ու հաշվետվողականությունը»,-ասվում է զեկույցում:
Տարածաշրջանում վատագույն ցուցանիշն է գրանցվել Թուրքիայում Իրանում ու Ադրբեջանում։ Այս երկրները ներառվել են անազատ երկրների շարքում: Անազատ է համարվել նաև ՌԴ-ն, մինչդեռ Վրաստանը ժողովրդավարության մակարդակով ճանաչվել է մասամբ ազատ պետություն, սակայն առաջընթացի անկում է ունեցել։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը