05 02 2019

Օրհներգը փոխելուց մինչև արտասահման գնալու համար աշխատանքից ազատում. Ակտիվ Facebook

Օրհներգը փոխելուց մինչև արտասահման գնալու համար աշխատանքից ազատում. Ակտիվ Facebook

Վարագ Սիսեռյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ուզում եմ ձեզ տեղեկացնել, որ կտրականապես դեմ եմ Հայաստանի Հանրապետության օրհներքը և/կամ դրոշը փոխելու գաղափարին և այդ առնչությամբ հնչեցվող տարատեսակ առաջարկներին։ Համոզված եմ, որ պառակտում առաջացնող նյութեր քննարկելուց զերծ մնալը և կառուցողական քննարկում պահանջող նյութերի շուրջ համախմբվելը նախընտրելի է։

Ասեմ ավելին և փորձեմ արտերկրում բնակվող իմ ընկերներին և հայրենակիցներին վստահեցնել, որ այս գծով զրուցել եմ թե՛ գործադիրում և թե՛ օրենսդիրում աշխատող մի քանի գործընկերների հետ և վստահ կարող եմ ասել, որ օրհներք և/կամ դրոշ փոխելու օրակարգ չկա։

Վերջապես, կարծում եմ, որ այս փուլում շատ ավելի կարևոր և առաջնահերթ խնդիրներ ունենք լուծելու։ Շնորհակալություն»:

Փաստաբան Նորայր Նորիկյանը երեկ ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Հանրության մի ստվար զանգված ցանկանում է իսկապես տեսնել և հասկանալ, թե ո՞րն է նոր իշխանությունների հայ-վրացական օրակարգը, ինչպես նաև հայ-իրանական, հայ-ռուսական, հայ-ադրբեջանական, հայ-թուրքական, հայ-եվրոպական և հայ-ամերիկյան օրակարգերը:

Առհասարակ, կա՞ որևէ օրակարգ կամ հարցերի շրջանակ, որոնց շուրջ Հայաստանը գտնվում է երկխոսության մեջ կամ պատրաստվում է սկսել այդպիսի երկխոսություն նշված երկրների ու կենտրոնների հետ:

Եթե կան, ապա որո՞նք են դրանք:

Առհասարակ, Հայաստանն ունի՞ այդ պետություններին ուղղված որևէ ուղերձ, հարաբերությունների ձևավորման, զարգացման որևէ ռազմավարական հայեցակարգ, թե՞ ոչ, արդյո՞ք փոխվում են խաղի կանոնները, կամ նոր ոճ ու տոնայնություն է հաղորդվում այդ կանոններին, թե՞ մենք շարունակում ենք նախորդ վարչակազմի գծած և իրագործած քաղաքականությունը նշված երկրների հետ:

Ավելի պարզ ասած, ո՞րն է Փաշինյանի կառավարության արտաքին քաղաքականության դոկտրինը և արտաքին մարտահրավերների լուծման ռազմավարական հայեցակարգը…

Հույս կա, որ առաջիկայում Ազգային ժողով ներկայացվող կառավարության ծրագրում կունենանք նշված հարցերի պատասխանները, ինչպես նաև այն, թե, այնուամենայնիվ, Փաշինյանի կառավարության համար ի՞նչ թիրախներ ու ոլորտներ են դիտվում որպես առաջնահերթություններ:

Սրանով հանդերձ, մի բան նույնպես ակնհայտ է. Արհեստական օրակարգերի ձևավորումն այն պարագայում, երբ հիմնական խնդիրների լուծման մեխանիզմներն ուրվագծված ու ընդգծված չեն որպես առաջնահերթություններ, ճիշտ չեն ընկալվում հանրության կողմից կամ դիտարկվում են որպես սխալ ազդակներ՝ առաջին հերթին վնասելով դրանց հասցեատերերին»:

Հրապարակախոս Կարինե Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ես չեմ կարող հավատալ, որ Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Ավետիք Ալոյանին ազատել են այն պատճառով, որ նա հնազանդորեն չի կատարել Նոր տարվա արձակուրդները Հայաստանում անցկացնելու վարչապետի հորդորը: Ի՞նչ է դա նշանակում: Հնազանդությու՞նն է չափանիշը նախարարների լավ կամ վատ աշխատանքի:

Այս դեպի ո՞ւր ենք գնում: Իր արձակուրդն է, որտեղ կուզի, այնտեղ էլ կանցկացնի: Ավելի ստորացուցիչ բան դժվար է պատկերացնել: Թող հիմնավորեն այդ որոշումը:

Եվ Ճարտարապետների միությունը, որը անհասկանալի հանգամանքներում դարձավ Ճարտարապետների պալատ, ինչ է թե Թուրքիայում էլ է այդպես կոչվում, այսօր կառավարությունից պետք պահանջի այդ հիմնավորումը: Որովհետև Կառավարության աշխատանքի արդյունավետության բարձրացումը սկսվում է հենց այդտեղից. որ ամեն նշանակում հիմնավորվի և ամեն ազատում՝ նույնպես: Հասարակության առջև հաշվետու է պետք լինել խոսքով և գործով:Միշտ դա ենք պահանջել, այդպես չէ՞»:

 Վահագն Գրիգորյանը ֆյեսբուքյան իր էջում գրել է.

Իրավաբանին հաճախ տրվող հարցերից․ «Տունս պետքա աներձագիս անունով անեմ, հիմի առուվաճա՞ռք անեմ, թե՞ նվիրատվություն»։

Պատասխան – Եթե նայենք բացառապես աներձագի շահից, ապա խորհուրդ եմ տալիս վաճառել (ավելին ասեմ՝ շուկայական ողջամիտ գնով)։ Իսկ եթե նայենք Ձեր ու այլ հնարավոր շահագրգիռ անձանց շահից, ապա խորհուրդ եմ տալիս նվիրել։

Ո՞րն է տարբերությունը –

1) Դուք կարող եք հետագայում պահանջել վերացնել նվիրատվությունը՝ ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 601 հոդվածով սահմանված որևէ հիմքով։ Այս նորմը չի գործում վաճառքի դեպքում։

2) Եթե Դուք հետագայում սնանկ ճանաչվեք, ապա նվերը համեմատաբար ավելի հեշտ կարող է հետ վերցվել աներձագից։ Իսկ հետ վերցվելուց հետո այն կիրացվի, ու ստացված գումարով կմարվեն Ձեր պարտքերը։

3) Եթե հետագայում պարզվի, որ Դուք գույքը վաճառելու իրավունք չունեիք, որի մասին աներձագը չգիտեր (նա անմեղ «բարեխիղճ» ձեռք բերող էր), ապա գույքը աներձագից կարող է հետ վերցվել միայն որոշակի դեպքերում։ Իսկ եթե հետագայում պարզվի, որ Դուք գույքը նվիրելու իրավունք չունեիք, ապա նվիրված գույքը միշտ կարող է հետ վերցվել։

Հատված «Ա՜խ այդ պայմանագրերը» գրքից, որը երբեք լույս չի տեսնի (երևի):

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ