Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Բնօրինակով լսեցի Նիկոլ Փաշինյանի ելույթը գերմանական Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի կենտրոնակայանում։
Որքա՞ն կոմպլեքսավորված պիտի լինես, որ արտերկրում վարչապետ հալով այդ կարեւոր խոսքի մի մասը նվիրես փնովելու նախորդ իշխանություններին։
Որքա՞ն հանցավոր կարճամիտ պիտի լինես, որ զուգահեռներ տանես մեր և նացիստական Գերմանիայի միջեւ։
Որքա՞ն անսկզբունքային պիտի լինես, որ դրանից անմիջապես հետո գովաս այդ նույն իշխանությունների կարևոր ձեռքբերումներից մեկը՝ Հայաստան-ԵՄ նոր համաձայնագիրը»:
ՀՀ նախագահի աշխատակազմի ֆեյսբուքյան էջը մեջբերել է նախագահ Արմեն Սարգսյանի խոսքը.
«Ժամանակը մեզ անընդհատ մղում է առաջ՝ հասկացնելով, որ որպես պետություն, որպես ժողովուրդ՝ ուշանալու իրավունք չունենք: Մենք պետք է շարժվենք առաջընթացի ճանապարհով՝ Սահմանադրության նկատմամբ անվերապահ հարգանքի, հանրության, քաղաքացիական հասարակության ինստիտուտների և իշխանության բոլոր ճյուղերի կողմից պետության հանդեպ մեծ պատասխանատվության գիտակցումով»,-ասված է մեջբերման մեջ:
Աղվան Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Տևական ժամանակ է, ինչ արշավ է սկսվել Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանի դեմ: Մամուլում տեղեկություններ են շրջանառվում, որ հնարավոր է գեներալը պաշտոնանկ արվի: Թեպետ Բալասանյանն ինքն օրերս նշեց, որ հրաժարական չի տալու, Արցախի Հանրապետությունում իրեն պաշտոնանկ անելու հարց չի քննարկվում, իսկ ՀՀ-ից որեւէ մեկը չի կարող նպաստել իր հրաժարականին: Հասկանալի է, որ գեներալի դեմ սկսված մեդիա տեռորը ուղղորդվում է ներիշխանական շրջանակներից, որը պայմանավորված է 2020թ. Արցախում կայանալիք նախագահական ընտրություններում, որտեղ որպես ֆավորիտ թեկնածու համարվում է Վիտալի Բալասանյանը: Փաստ է, որ գեներալի վարկանիշը մեծ անհանգստություն է պատճառում որոշ շահագրգիռ ուժերի, ովքեր ամեն կերպ օգտագործելով պետական ռեսուրսները և մամուլը, սկսել են Բալասանյանի դեմ վարկաբեկման գործընթաց: Ուշագրավ է, որ ԼՂՀ հարցի կարգավորման վերաբերյալ ընթացող գործընթացների կոնտեքստում, ներիշխանական շրջանակներից սկսել են մեդիա տեռոր՝ պատերազմական բոհով անցած գեներալի դեմ»:
Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Երեկ խոսեցի Վրաստանի իմ գործընկեր Դավիթ Սերգեենկոյի հետ Վրաստանում կարմրուկի դեպքերի բռնկումների մասին։ Նա ինձ հայտնեց, որ մինչ օրս արձանագրվել է կարմրուկի 1028 նոր դեպք, ինչը հիմնականում պայմանավորված է նրանով, որ 90-ականներին բազմաթիվ երեխաներ չեն պատվաստվել կարմրուկի դեմ։ Ես տեղեկացա նաև, որ օրական արձանագրվող 50-60 դեպքը իջել է օրական 35-ի՝ շնորհիվ այն հակահամաճարակային միջոցառումների, որ իրականացվում են Վրաստանում, այդ թվում 20-40 տարեկան ազգաբնակչության ինտենսիվ պատվաստումների։ Բարեբախտաբար Հայաստանում վերջին կարմրուկի տեղական դեպքը արձանագրվել է 2007թ-ին՝ շնորհիվ մեր երկրում կարմրուկի դեմ պատվաստումների բարձր ցուցանիշների։ Վերջին բերովի դեպքը արձանագրվել էր 2018թ․-ի դեկտեմբերին ՌԴ-ից ժամանած ուղևորի մոտ և կրկին բարեբախտաբար տարածում չէր ունեցել մեր երկրում։ Կոչ եմ անում բոլորին ստանալ ազգային իմունիզացիայի ծրագրով նախատեսված բոլոր պատվաստումները, իսկ գանգատների դեպքում՝ դիմել բժշկի»,- հորդորել է նախարարը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը