Վարչապետ Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ գազի գնի խնդրին, ներքաղաքական և արտաքին քաղաքական ակտուալ հարցերին։
Անդրադառնալով դիտարկմանը, որ ժամանակին ինքը խոստացել էր, որ գազի գինը կնվազի, սակայն այժմ խոսքն ընդամենը անփոփոխ թողնելու մասին է, Փաշինյանն ասաց․ «Լրագրողն այնպես հարցը տվեց, որ ակնկալում էր, որ կասեմ գազի գինը կբարձրանա, ես էլ ասացի՝ հակառակի հույս ունեմ: Մենք Ռուսաստանի մեր գործընկերների հետ պայմանավորվել ենք, որ դա բաց թեմա է, որը դեռ պետք է քննարկենք: Բայց ես նաեւ ասել եմ, որ ճիշտ կլինի, որ այդ հարցը լուծվի ոչ թե երկկողմ տրամաբանության մեջ, այլ ԵՏՄ տրամաբանության մեջ, որովհետեւ դա ի վերջո շատ կարեւոր, անկյունաքարային նշանակություն ունի»,-հայտարարեց Փաշինյանը:
Ժողովրդավարության վերաբերյալ հարցին ի պատասխան վարչապետը նշեց․ «Այն, որ ժողովրդավարությունը մեր հավատամքն է եւ այն, որ մենք պետք է սուպերվարչապետական համակարգից բալանսավորման պետք է գնանք, միանշանակ է: Մարդիկ ուզում են, որ դա մեկ օրում տեղի ունենա: Այո, մեկ օրում կարելի է դա անել, բայց կարող է պարզվի, որ ամբողջ իշխանությունը կաթվածահար եղավ եւ երկրում անիշխանություն ստեղծվեց: Այդ ի՞նչ սպառնալիք ենք մենք ստեղծում այսօր Հայաստանում ժողովրդավարության, թափանցիկության համար: Այսօր ՀՀ պետական կառավարման համակարգը թափանցիկ է, քան երբեւէ, եւ ես ուզում եմ շնորհակալության հայտնել այն մարդկանց, որոնք դրա համար ջանք են գործադրում: Այն, ինչ ասել ենք հեղափոխության հարթակից, մեր սկզբունքներն են եւ այնպես չի, որ այսօր հասել ենք կառավարական կարգավիճակի ու ամեն ինչ հետ ենք շրջում: Ինչ է տեղի ունեցել, վերջին 7-8 ամսիներին համոզվեցիք, որ դիկտատուրա՞ է հաստատվել»,-հայտարարեց Փաշինյանը՝ հավելելով, որ կարող է այդ պրոցեսը 3-4 տարվա ընթացքում տեղի ունենա:
Դիտարկմանը` երբ պատգամավոր էիք, ասում էիք` կառավարությանը պետք է անպայման ասող լինի, Փաշինյանը կատակով արձագանքեց. «Հիմա կա ասող, ես եմ այդ ասողը»:
Հակադարձմանը` ասողն էլ է, լսողն էլ, Փաշինյանը պատասխանեց. «Կառավարությանը ասող կա, և խորհրդարանն այդ դերը ստանձնում է ու կշարունակի ստանձնել»:
Անդրադառնալով ՊԵԿ-ում աստղաբաշխական պարգևատրումների թեմային՝ Փաշինյանն աննախադեպ որակեց այն, որ խորհրդարանական մեծամասնությունը՝ «Իմ քայլը», հրավիրեց ՊԵԿ նախագահին և պարզաբանումներ ստացավ պարգևատրումների վերաբերյալ:
Նա նշեց, որ խնդիրները պետք է լուծել այնպես, որ ունքը սարքելու փոխարեն աչքը չհանեն: Ինչ վերաբերում է պարգևատրումների առումով նախկին իշխանությունների հետ համեմատություն անցկացնելուն, Նիկոլ Փաշինյանն ասաց. «Չգիտեմ, թե նախկինում կար մարզպետ, ում համար 400-600-հազար դրամ աշխատավարձը կարևոր էր, թե ոչ, բայց այսօր մարզպետների 90 և ավելի տոկոսի համար այդ աշխատավարձը կարևոր է:
Ես ուզում եմ՝ տեղյակ լինեք, որ այդ պրոբլեմը ֆիքսել ենք, և 2019 թվականի համար ՊԵԿ պարգևավճարների ֆոնդն ուղիղ կեսով չափ կրճատվել է, բայց մենք փոխարենը այլ բան ենք արել, ամբողջ պետական կառավարման համակարգի համար բոլոր գերատեսչությունների համար հավասար 30 տոկոս պարգևատրման ֆոնդ ենք սահմանել, և հույս ունեմ, որ այս պրոցեսը մինչև վերջին անկյունը կբացվի, կիմանանք, թե ով որքան է ստացել, և կունենանք քննարկում, թե ինչպես ենք վարվում»,-ասաց նա:
Ինչ վերաբերում է հարցին, թե ինչ են արել այս ամիսների ընթացքում, վարչապետը վերջին երեք քայլերը մատնանշեց` չարորակ ուռուցքները կվիրահատվեն անվճար, կրճատվել է ծառայողական մեքենաների թիվը, և վերջին կետը գաղտնիք է:
Անդրադառնալով կառավարության կառուցվածքի փոփոխություններին և ոստիկանությունը, Ազգային անվտանգության ծառայությունը նախարարություն դարձնելու քննարկումներին՝ վարչապետն ընդգծեց՝ ընդհանուր առմամբ միանշանակ է, որ պետական մարմինները պետք է լինեն խորհրդարանական վերահսկողության ներքո, բայց դա չի նշանակում, որ դրա ճանապարհը նախարարություն դարձնելն է:
«Նախարարություն նշանակում է, որ քաղաքական դեմք պետք է նշանակվի այդ ուժային կառույցի ղեկավար, սրանից բխում է, որ այդ ուժային կառույցը ուղղակի կամ անուղղակիորեն կուսակցանացվելու է»,-ասաց նա:
Նիկոլ Փաշինյանը նշեց, որ այսօրվա կարգավորման արդյունքում իրավապահ համակարգի, ոստիկանության կայունությունը որոշակի պահպանվել է, կադրային փոփոխությունները լինում են շատ բալանսավորված: «Նախարարը հայեցողական պաշտոն է, կարելի է ցանկացած մեկին նշանակել պաշտոնին: Իսկ որ ոստիկանությունը, ընդհանրապես կառավարության առընթեր մարմինները լինեն խորհրդարանական վերահսկողության ներքո, ես համաձայն եմ»,-ասաց նա:
Վարչապետը աննախադեպ որակեց նաև այն, որ ԱԱԾ տնօրենը գնացել, մասնակցել է կատարողականի քննարկումներին, քանի որ նախկինում նման դեպք չի եղել: «Քանի որ նախարարությունները պետք է միավորվեն և 12 նախարարության մեջ տեղավորվեն, մենք այս օրենքը ուզում ենք իրականացնել առավել սահուն, անցնցում, դե ֆակտո պրոցեսը մինչև վերջին նյուանսը պլանավորենք, նոր դե յուրե իրականացնենք: Եթե ձեզ թվում է, որ որևէ նախարարություն վարչապետին պակաս ենթակա է, քան ԱԱԾ տնօրենը կամ ոստիկանության պետը, դա սխալ տպավորություն է»,-ասաց՝ հավելելով, որ չկա որևէ երկիր, որտեղ նախարարը վարչապետին չի ենթարկվում:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նաև վստահեցրեց, որ իր՝ ԱՄՆ նախագահի անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի հետ հեռախոսազրույցի հետ կապված այլ մանրամասներ չկան, քան ներկայացվել է իր ֆեյսբուքյան գրառման մեջ։
Նա ևս մեկ անգամ շեշտեց, որ իր որդեգրած քաղաքականության մեջ բացառվում է ստվերայնությունը։ «Բացառված է մի տեղեկատվություն, որի մասին հանրությունը տեղյակ չլինի։ Ասել եմ, որ Բոլթոնի հետ հեռախոսազրույցի ընթացքում Ղարաբաղի հարց չի քննարկվել։ Ղարաբաղ կամ Արցախ անունը չի շոշափվել, Ադրբեջան անուն չի շոշափվել։ Ցանկացած պրոֆեսիոնալ լրագրող, որ իմ գրառումը կարդա, դրան գումարի Բոլթոնի թվիթերյան գրառումը, ամեն ինչ կիմանա։ Պարզապես ճիշտ չէ, որ ասեմ՝ ինքն այսպես ասաց, իսկ ես՝ այնպես, ամբողջ տեղեկատվությունը տրամադրված է»,- ասաց Փաշինյանը։
Ինչ վերաբերում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպումներին, վարչապետն ընդգծեց, որ դրանք բանակցություններ չեն, դրանք ոչ պաշտոնական շփումներ են, որոնք ընթացքում տեղի է ունենում մտքերի փոխանակում։
Մինսկի խմբի եռանախագահող երկրներից կա՞ նախաձեռնություն ի վերջո սկսել արցախյան հակամարտության հետ կապված բանակցություններ։ Այս հարցին Նիկոլ Փաշինյանը պատասխանեց․ «Այդ հարցը գտնվում է ԱԳ նախարարների քննարկման օրակարգում։ Ես ու պարոն Ալիևն ասել ենք, որ մեր ԱԳ նախարարներն աշխատում են, իրենք կաշխատեն ու համանախագահներին հետ խորհրդատվություններ կներկայացնեն մեզ, ու կորոշենք»։
Դիտարկմանը, թե քննադատություն կա, որ Արցախի հարցում այսօրվա իշխանությունը վերադառնում է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի քաղաքականությանը, վարչապետ Փաշինյանն արձագանքեց․ «Կարծում եմ, որ մեր Կառավարությունը Ղարաբաղի հարցում վարում է մի քաղաքականություն, որը ոչ մեկը չի վարել։ Որևէ զուգահեռ ու ընդհանրություն գտնելու փորձերը նախկինում վարած որևէ քաղաքական ուղեգծի հետ կատարյալ մոլորություն է»:
Վարչապետը, խոսելով «տարածքներ՝ խաղաղության դիմաց» բանաձևի մասին, շեշտեց․ «Մենք չենք կարող նույնիսկ քննարկել տարածքներ խաղաղության դիմաց բանաձևը»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը