Իսրայելի ՊՆ-ն կասեցրել է ավիաշինարարական ընկերության 3 ղեկավարի արտահանման արտոնագրերը, հաղորդում է Times of Israel-ը:
Խոսքը վերաբերում է Aeronautics Defense Systems Ltd. ընկերությանը, որը կասկածվում է իր հաճախորդ Ադրբեջանի պահանջով «մահապարտ-անօդաչուները» ՀՀ զինուժի դեմ 2017 թվականին փորձարկելու մեջ։ Դա իսրայելական օրենքի խախտում է։
Գործի քննության մանրամասները դատական կարգով գաղտնի են պահվում:
Իսրայելի ՊՆ-ն ավելի ուշ հայտնել է, որ արտոնագրից զրկվել են ընկերության գործադիր տնօրեն Ամոս Մաթանը և փոխտնօրեն Մեյր Ռիզմովիչը։ Երրորդ աշխատակցի անունը, սակայն, չի նշվում։
Հիշեցնենք, որ նոյեմբերին Իսրայելի ոստիկանությունը քրեական հետաքննություն է սկսել անօդաչու թռչող սարքեր արտադրող իսրայելական ընկերության դեմ, որը տեղեկությունների համաձայն փորձել է Ադրբեջանի անունից ռմբակոծել հայկական զինված ուժերը իր սարքավորումներից մեկի ցուցադրության ժամանակ
Ֆեյսբուքյան իր էջում այս թեմային անդրադարձել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ կասեցումը պայմանավորելով նաեւ «Մահացու ինքնավար զենքի» կիրառումը կանոնակարգող իր հեղինակած բանաձևով, որ ընդունել է Արեւելյան գործընկերության խորհրդարանական վեհաժողովը։
«Դեռևս 2017 թվականի նոյեմբերին Արեւելյան գործընկերության Խորհրդարանական Վեհաժողովը ընդունել էր իմ հեղինակած և հայկական պատվիրակության կողմից ներկայացված «Մահացու ինքնավար զենքի» կիրառումը կանոնակարգող բանաձև:
Ընդունված բանաձեւը հղում է կատարում միջազգային բազմաթիվ իրավական ակտերի եւ փաստաթղթերի, այդ թվում նաեւ ռոբոտաշինության ոլորտի 116 հիմնադիրների եւ 26 պետությունների առաջատար կազմակերպությունների կողմից ՄԱԿ-ին հղված նամակին՝ մահացու զենքերի մարտահրավերներին հրատապ կերպով արձագանքման անհրաժեշտության եւ դրանց միջազգային կիրառման սահմանափակումների առնչությամբ:
Այն նախեւառաջ վերաբերում է վերջին սերնդի դրոնների (անօդաչու թռչող սարքեր) կիրառմանը:
Ընդունված բանաձեւի համապատասխան կետով Վեհաժողովը կարեւորում է ինքնավար զենքերի արտադրումն ու կիրառումը միջազգային իրավական նորմերի շրջանակում, դատապարտում հակամարտող գոտիներում խաղաղ բնակչության նկատմամբ ինքնավար զենքերի թիրախավորված կիրառումը: Արեւելյան գործընկերության երկրներին նաեւ կոչ է արվում նպաստելու թափանցիկ եւ հաշվետու քաղաքականության իրականացմանը՝ կապված մարդասպան ռոբոտների կամ այսպես կոչված «killer robot»-ների կիրառման հետ: Բանաձեւում կարեւորվել է նաեւ հակամարտության գոտիներում հետաքննության մեխանիզմների ներդրումը՝ նպատակ ունենալով բացահայտել եւ կանխարգելել այնպիսի մեխանիզմներ, որոնք ուղղված կլինեն հակամարտության գոտիներին հարակից տարածքներում ապրող խաղաղ բնակչության նկատմամբ կամայական գործողությունների իրականացմանը: Իդպես, բանաձևին դեմ էր քվեարկել ադրբեջանական պատվիրակությունը:
Սա յուրահատուկ և հաջողակ նախաձեռնություն էր, և, կարծում եմ, Հայաստանի պատասխանատուները բոլոր մակարդակներում պետք է շարունակեն այս խնդրի միջազգայնացմանն ու կանոնակարգմանը միտված նախաձեռնությունները»,- ասված է նրա գրառման մեջ:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը