26 01 2019

Դոնալդ Թրամփը համաձայնել է ավարտել «շաթդաունը»

Դոնալդ Թրամփը համաձայնել է ավարտել «շաթդաունը»

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կառավարության մասնակի ֆինանսավորման սառեցումը երեք շաբաթով դադարեցնելու համաձայնություն է ձեռք բերվել։ Այս մասին հաղորդում է «Ռիա Նովոստին»:

Սպիտակ տան այգում խոսելով 35 օր տևած «շաթդաունի» մասին՝ Դոնալդ Թրամփն ասել է, որ համաձայնության շնորհիվ ԱՄՆ կառավարությունը կֆինանսավորվի մինչև փետրվարի 15-ը։ Ենթադրվում է, որ առաջիկա երեք շաբաթվա ընթացքում բանակցություններ կտարվեն ավելի երկարաժամկետ բյուջե ունենալու ուղղությամբ:

Հիշեցնենք, որ բյուջեի նախագծում Մեքսիկայի հետ սահմանին պատ կառուցելու ֆինանսավորման շուրջ Թրամփի և Կոնգրեսում մեծամասնություն կազմող դեմոկրատների միջև տարաձայնության պատճառով կառավարությունը այսպես կոչված՝ shutdown-ի էր գնացել: Կառավարական գերատեսչությունների գրեթե քառորդ մասը չէր աշխատում, իսկ 800 հազար պետական ծառայողների մի մասը հարկադիր արձակուրդ էր ուղարկվել:

Թրամփը, սակայն, իր թվիթերյան էջում նշել է, որ ինքը դեմոկրատների չի զիջում, այլ մտածում է միլիոնավոր մարդկանց մասին, ու եթե մինչեւ փետրվարի 15-ը համաձայնության չգան բյուջեի հիմնական նախագծի շուրջ, ապա ամեն ինչ կսկսվի նորից:

Հավելենք, որ սա ԱՄՆ պատմության մեջ ամենաերկար shutdown-ն էր. կառավարության մի մասը չաշխատեց 35 օր։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ