Կրեմլը մեկնաբանել է Վենեսուելայում ստեղծված իրավիճակը։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն:
«Վենեսուելայում գերագույն իշխանության անօրինական զավթման փորձը հակասում է միջազգային իրավունքի հիմքերին և սկզբունքներին ու խախտում դրանք: Դա է մեր դիրքորոշման հիմքը»,-լակոնիկ ասել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:
Վենեսուելայի ժողովուրդը չի ճանաչում ինքնահռչակ ընդդիմադիր կառույցները: Այդ մասին էլ Россия-24-ի հետ զրույցում ասել է Մոսկվայում երկրի դեսպան Կարլոս Ռաֆայել Ֆարիա Տորտոսան:
«Լատինական Ամերիկայի պատմության մեջ նման դեպքերը հազվադեպ չեն: Մենք պատրաստ ենք դրան, ժողովուրդը մեզ աջակցում է: Այն չի ճանաչում ինքնահռչակ ընդդիմադիր կառույցները և, այսպես կոչված, նախագահին: Բանակը մեր կողմից է»,- ասել է դեսպանը:
Վենեսուելայում շարունակվում են նախագահ Նիկոլաս Մադուրոյի դեմ ցույցերը: Ընդդիմության առաջնորդ Խուան Գուաիդոն իրեն երկրի նախագահ է հռչակել, նրան ճանաչել են ԱՄՆ-ը, Վրաստանը և այլ երկրներ: ԱՄՆ-ը հրաժարվում է կատարել Մադուրոյի պահանջը և դուրս բերել երկրից իր դիվանագետներին:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Նիկոլաս Մադուրոյի հետ, որի ընթացքում նշել է երկրում ճգնաժամի պատճառները։ Նրա խոսքով՝ իրավիճակի վրա դրսից են ազդել։ Ռուս նախագահը նշել է, որ ապակառուցողական արտաքին միջամտությունը կոպտորեն խախտում է միջազգային իրավունքը։ Պուտինն իր աջակցությունն է հայտնել Վենեսուելայի օրինական իշխանությանը։ Նա նշել է, որ ճգնաժամը պետք է հաղթահարել սահմանադրական կարգով։
Պեսկովը հայտնել է, որ հեռախոսազրույցի նախաձեռնությունը Պուտիննն է եղել։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը