Politik.am-ը գրում է.
«Կառուցվածք չունեցող կառավարությունը կազմավորվեց` երկու երրորդով. այլապես` չէր համարվի գոյություն ունեցող։ Վերընտիր վարչապետի այս գյուտից պարզ դարձավ, որ նա կարող է հաշվել անհայտ թվի մասը. մաթեմատիկոսները խելագարվել են։ Նախարարական պաշտոնների միայն մի մասը շնորհեց` վերջնաժամկետից հինգ պակաս. և խիստ վաղաժամ բացահայտեց իշխանական համընդհանուր ապատիան։ Նախարարների պաշտոններն, ինչպես` պատգամավորական մանդատները, իհարկե, բաժանեց ժողովրդի բացառիկ ու աննախադեպ մասնակցությամբ։ Պարզապես վերընտիր վարչապետն այլևս ժողովուրդ է համարում միայն իր մերձավոր նեղ շրջապատը։
Արդեն քպական «վերնախավի՛ն» անգամ «ժողովուրդ» ընդհանրության մեջ չի մտցնում։ Ինչպես որ` ժողովուրդ չեն ադեկվատները, սևերը, հակահեղափոխականները, այլ կերպ մտածողները, կարծիք ունեցողները, առկա խնդիրների լուծումներն այլ կերպ տեսնողները, վերընտիրին «անիմաստ» քննադատողները. մեր երկրի գրեթե ողջ բնակչությունը։ Իշխանության բոլոր թևերի ու մասերի, հատվածների ու բաժանմունքների մնայուն անգործությունը անհեռանկար երկարաձգվում է։ Դա են ապացուցում վերընտիր վարչապետի դեռ ժպ ժամանակներից անփոփոխ շարունակվող, արտահերթ խորհրդարանի քառօրյա անհեթեթ դրսևորումներով հիմնավորվող ու նորանշանակ նախարարների բազմամսյա անցյալում հնարավոր ամեն ինչ տապալած գործունեությամբ ապացուցվող համընդհանուր ապատիան։ Տեսնելու ցանկություն ունեցող ամենքին բացահայտ է դառնում, որ, օրինակ, արտահերթ խորհրդարանական ընտրություններն ինքննպատակ էին ու իմաստազուրկ։
Այսինքն. նպատակը միայն` վարչապետի ժպ-ին վարչապետ դարձնելն ու նրան առընթեր պառլամենտ ունենալն էր, իսկ իմաստը` քպականներին պարապ խոսելու և ոչինչ չանելով` ամեն ինչ փչացնելու ու քանդելու համար բարձր աշխատավորձով ապահովելը։ Նույնքան բացահայտ է, որ կառավարության սպասվող կառուցվածքային փոփոխությունները բնավ էլ կշռադատված մտքի կամ որևէ հայեցակարգի արդյունք չեն լինելու։
Արդեն իսկ պարզ է, որ նախարարություններն ստեղծվելու են ոչ թե ըստ անհարժեշտության, այլ` ըստ փոխվարչապետերի հավակնությունների։ Այսինքն. կառավարության կառուցվածքն է հարմարեցվելու սրանց ընդունակություններին ու ցանկություններին։ Ակներև է, որ հենց սրանց վասալներն էլ նշանակվելու են նախարարներ` ըստ քիմքին հաճո նախասիրությունների ու ցանկացած ծրագիր տապալելու հմտության։ Նախարարներն էլ իրե՛նց վասալներին են բաժանելու աշխատակազմի պաշտոնները` ըստ ապահոված քվեների, տված ցուցմունքների, ներդրած գումարների, քայլած կիլոմետրերի, կուսակցափոխության արագության, թափած արցունքների, անվերջ ստորացող հպարտության ու նսեմացող դուխի։ Ահա և` թավշյա հիերարխիկ իշխանությունների կադրային նոր քաղաքականության էությունն ու բովանդակությունը։ Թավշյա իշխանության համար կարևորը խորհրդարանի, կառավարության, նախարարությունների անելիքն ու անելու ձևերը որոշելը չէ։
Գլխավորն ու էականը` ԱԺ նախագահ ու փոխնախագահ, փոխվարչապետ, նախարար դարձած անձինք են. անգամ եթե նրանք պատկերացում չունեն` թե ինչ են անելու։ Փոխարենը, հստակ գիտեն` թե ո՛ւմ ու ինչի՛ համար են նախագահելու ու նախարարելու։ Նրանց նպատակը բնավ էլ արդյունավետ կառավարումը չէ։ Իսկ որ իշխանությունը տասն ամիս քայլ առ քայլ ինստիտուցիոնալ ու գործառնական խորը ճգնաժամի մեջ է հայտնվել ու շարունակում է խորասուզվել` պետական բյուջեն անձնապես մսխող նորահայտ չինովնիկներից ոչ մեկին չի հուզում։ Իշխանափոխության փուլի ավարտից հետո նախորդին էլ ավելի նմանված վերընտիր վարչապետը առավել սերտ է կառչել իր համար նախկինում արգահատելի ու իր իսկ մերժած սուպերվարչապետության փրկօղակից։ Հասկացել է, որ սեփական կուսակցության չգոյության պարագայում` սա է իր միանձնյա, ավտորիտար կառավարման հիմքն ու ապավենը։
Արդեն նրա հաճախորդներն՛ ու կռապաշտները՛ չեն հավատում «թողեք աշխատեն ու ամեն ինչ կփոխվի» առասպելին։ Տասնամսյա զուտ բացասական փոփոխությունների համապատկերը գունազարդելու համար էլ «երկնքից պիտի մանանա՞ թափվեր» արդարացումն են մոգոնում։ Բայց չէ որ` Նիկոլն ինքն է իրեն «փրկիչ» հռչակել։ Ոչ ոք նրան չի ստիպել` անիրագործելի խոստումներ շռայլել, պնդել իր բացառիկությունը ու համոզել, թե` կախարդական փայտիկ ունի։ Ու հիմա պարզվում է, որ ընդամենը` առանձնակի կապեր ունի ինչ-որ «ոսկե ձկնիկի» հետ։ Միայն հիմա է կցկտուր փորձում արդարանալ, թե` հնարավոր չէ տասն ամսում էական փոփոխություններ կատարել։ Բայց չէ որ` բոլոր ճանապարհներն սկսվում են առաջին քայլից։
Իսկ առաջին ու առայօր կատարված բոլոր քայլերով միայն էականորեն փոխվել են վարչապետի, իր ազգուտակի, մերձավորների, իրենց «վերնախավ» համարողների կյանքն ու կենցաղը։ Ուրեմն` հնարավոր է. չէ։ Չէ որ` վերընտիր վարչապետի ընտանեկան շեշտակի ու համալիր փոփոխությունները ոչ միայն ստորադաս «վերնախավի» նախանձն են հարուցում, այլ նաև փոխվարչապետերի, նախարարների ու ամենքի համար հափրածության նոր հարթություններ նվաճելու օրինակ են դառնում։ Ովքեր անցյալ ձմեռն անցկացրել են ռեզինե բարցովկայով ու դրանցով Գյումրիից Երևան են քայլել, հիմա պետական գործուղուման են մեկնում Փարիզ, Հռոմ ու Լոս` շոփինգի։ Ովքեր վեց ամիսը մեկ ավելի էժան վարձով բնակարան էին փնտրում, հիմա արդեն «սեփականատեր» ու «բարեխիղճ գործարար» նշանակված «նախկին» օլիգարխներից ստացել են իրենց հասանելիք բնակարաններն ու մայրաքաղաքի կենտրոնում առանձնատուն կառուցելու մտածմունք են անում։
Այս իրողությունները տեսնում է յուրաքաչյուրը, եթե իհարկե` բաց աչքերով ու առանց վարդագույն ակնոցների է նայում հետիշխանափոխական իրականությանը։ Թավշյա իշխանությունը, սակայն, փորձում է համոզել, թե հնարավոր չէ տասն ամսում անել այն ամենը, ինչ նախորդ իշխանությունը արեց տասը տարում։ Նախորդները, սակայն, հստակ գիտեին, որ անգամ շատ բուռն ժամանակներում, եթե անգամ անհրաժեշտ է լինում ամեն ինչ փոխել, նույքան անհրաժեշտորեն constant` հաստատուն, անփոփոխ պետք է պահել օրենքներն ու դատական համակարգը. անարխիայի չվերածվելու և դրա զոհը չդառնալու նկատառումներով։
Ցավոք, թավշյա իշխանությունը չունի ո՛չ նպատակ, ո՛չ էլ ցանկություն` ժողովրդի համար էլ ինչ-որ բան անելու։ Եթե թավշյա իշխանափոխությունը, ըստ վերընտիր վարչապետի, արդյունքի չի հասնում աղբի, բուտկաների ու կարկասների գոյության պատճառով, նշանակում է` հասել է մայրաքաղաքապետին էլ սև համարելու ժամանակը։ Հետո կգա աղքատներին ու գործազուրկներին հակահեղափոխականության մեջ մեղադրելու և խստագույնս պատժելու ժամանակը` քանի որ հեշտությամբ կարելի է «ապացուցել», որ հենց նրանց գոյությունն է խոչընդոտվում տնտեսական հեղափոխությունը։
Այդուհետ մարդու իրավունքները, սահմանադրությունն ու օրենքները արգելելու «անհրաժեշտությունը» կառաջանա, քանի որ դրանք են պայմանավորում կոռուպցիայի դեմ «պայքարն» ու կաշառակերության «վերացումը»։ Իսկ երբ չկա օրենք, չկա նաև կոռուպցիա։ Հետո բոլոր ձախողումները կմեղսագրվեն այսօր դեռ անմեղ ներգաղթյալ հնդիկներին` այն պարզ պատճառով, որ նրանք գնչուներ չեն, բայց շատ նման են միշտ ու ամենուր ամեն ինչի համար մեղավոր գնչուներին։ Եվ միայն վերջում իշխանափոխության անարդյունք տապալման մեղավորներ կհայտարավեն հպարտ ու դուխով քաղաքացիները։
Ամենայն հավանականությամբ իշխանական համապարփակ ապատիան կավարտվի գարնանը` նոր իշխանափոխությամբ»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը