21 01 2019

Ընդդիմության բացակայությունից մինչև մարզպետների ինքնապարգևատրում. Ֆեյսբուքյան անդրադարձ

Ընդդիմության բացակայությունից մինչև մարզպետների ինքնապարգևատրում. Ֆեյսբուքյան անդրադարձ

Աղասի Ենոքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Փորձագետների շրջանում կասկած չկա, որ Նիկոլ Փաշինյանը չի կարողանում դիմագրավել Ղարաբաղի հարցով ճնշումներին, և, ի վերջո, գնալու է լուրջ զիջումների։ Չի բացառվում, որ զիջումներն այնքան խորանան, որ հետագայում կասկածի տակ դնեն Հայաստանի Հանրապետության գոյությունը, սակայն ՀՀ քաղաքացիները այդ խնդիրները չեն քննարկում։  Դրա փոխարեն հանրային օրակարգ են նետված բազմաթիվ այլ խնդիրներ՝ էկոլոգիա, կոռուպցիա, մարդու իրավունքներ, մահապարտների իրավունքներ, ԼԳԲՏ և կենդանիների իրավունքներ և այլն։ Իհարկե, դրանք բոլորն էլ Հայաստանի զարգացման համար կարևոր են , բայց այն դեպքում, եթե Հայաստանը շարունակի գոյություն ունենալ։  Այս կեղծ օրակարգի տարածման կարևորագույն պատճառը ընդդիմության բացակայությունն է։ Դժվար է պատկերացնել, որ Բարգավաճ կամ Լուսահոգի Հայաստանները կարող են անվտանգության հիմնահարցեր բարձրացնել Նիկոլ Փաշինյանի կառավարության դեմ, քանի որ նրանք ընձյուղված են այդ իշխանությանը։ Արտախորհրադարանական ընդդիմությունը իշխանության կորստից և ընտրություններում պարտությունից հետո դեռևս իր վերքերն է լիզում։ Նիկոլ Փաշինյանին ինստիտուցիոնալ ընդդիմախոս կարող է լինել մամուլը և այդ պատճառով էլ տարվա սկզբից նա նետվեց մամուլին լռեցնելուն։ Իշխանական խաշի վերաբերյալ հրապարակմանը անհամարժեք բուռն ռեակցիայից հետո Նիկոլ Փաշինյանը հայտարարեց նախկին իշխանությունների կողմից լրատվամիջոցների 90%-ին տիրապետելու մասին։ Այնուհետև նրան կից փորձագետները սկսեցին խոսել այս ոլորտում սեփականության վերաբաշխման անհրաժեշտության մասին։ Լիլիթ Մակունցը խորացնում է Նիկոլ Փաշինյանի միտքը և հասարակության երախտագիտությունն է պահանջում լրատվամիջոցներին չճնշելու համար։ Մի խոսքով, հայտարարվեց մամուլի հանդեպ որսի սեզոնի բացումը»:

 

Սևակ Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Արարատի, Կոտայքի, Սյունիքի և գուցե առաջիկայում պարզվի՝ ինքնապարգտևատրած այլ մարզպետների թեման, բնականաբար, տեղին է մշտապես քննարկելը․ այլապես դա պետբյուջեից սնվող բոլոր ղեկավարների համար կդառնա վատ օրինակ։ Մի մասը դատապարտում է՝ համարելով, որ նման սոցիալական պայմաններում պարգևատրումը չափազանց մեծ շռայլություն է, այն էլ՝ ընդամենը կես տարի աշխատած ու դեռ նշանակալի գործ չարած մարզպետների համար։ Մյուս մասը, որոնք հիմնականում ԱԺ «Իմ քայլը» դաշինքի պատգամավորներն են, պաշտպանում են ինքնապարգևատրումը, բայց՝ զավեշտալի մեկնաբանությամբ։ ԱԺ խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն ասում է․ «Այստեղ խնդիրը ցածր աշխատավարձերն են, նաև լավագույն աշխատողները, իհարկե, խրախուսման, պարգևատրումների կարիք ունեն»։  Հիշեցնեմ․ Հայաստանում մարզպետի դրույքաչափը 661,400 դրամ է։ Հայաստանում նվազագույն աշխատավարձը կազմում է 55 հազար դրամ, իսկ պետական հիմնարկում միջին աշխատավարձը՝ 149,41 դրամ։ Եթե տիկին ղեկավարը 661 հազար դրամը համարում է ցածր աշխատավարձ, ի՞նչ կասի իրապես ցածր աշխատավարձ ստացողների մասին, այն դեպքում, երբ իր թիմը նվազագույն աշխատավարձին ձեռք չի տվել։ Մինչ այս իր ղեկավարած ոլորտում նվազագույն աշխատավարձ ստացողները շատ էին, քանի՞ անգամ է առաջարկել աշխատավարձի արդար բաժանում։ Ի դեպ, մշակույթի նախարարությունը վարչապետը համարում է առանձին գործելու համար ոչ նպատակահարմար կառույց։ Այդ կառույցի ղեկավարը՝ նույն Մակունցը՝ նախկինում, ստանում էր հենց նույնքան աշխատավարձ, որքան մարզպետինն է։ Այսինքն, կառավարությունն ամիսներ շարունակ Նիկոլի դասատուին պարգևատրել է 661,400 դրամով՝ աննպատակահարմար գործունեության համար։  ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանն ավելի հեռուն գնաց՝ ասելով, թե մարզպետների պարգևավճարները․ «Նախկին մնացած պրակտիկայով՝ իներցիայով այդ հարցը մնացել է և այդպես է լուծվել»։ Ի վերջո, ընդունո՞ւմ եք, որ նախկինին համեմատելի է այսօրվա իշխանությունը, և խոշոր հաշվով ոչինչ չի փոխվել»։

Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Հարգելի՛ գործընկերներ, Այսօր գրությամբ դիմել եմ վարչապետին՝ առաջարկելով աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կազմում ստեղծել աշխատանքի պետական տեսչություն։  Խնդիրն այն է, որ արդեն մի քանի տարի է, ինչ չի գործում աշխատանքի պետական տեսչությունը, իսկ ներկայիս առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը չունի լիազորությունների այն ողջ ծավալը, ինչ ուներ աշխատանքի պետական տեսչությունը (աշխատանքի տևողություն, արձակուրդ, ստաժ, չհրամանագրված աշխատողներ, աշխատավարձին առնչվող խնդիրներ և այլն)։ Ընդ որում, այստեղ խոսքը հատկապես բազմաթիվ գործատուների կողմից իրականացվող զանգվածային և պարբերական խախտումների մասին է։ Այսպես, հազարավոր քաղաքացիներ աշխատում են ծայրահեղ վատ պայմաններում՝ առանց օրենքով սահմանված ժամաքանակի սահմանափակման, առանց նորմալ հանգստյան օրերի՝ ստանալով չնչին աշխատավարձ։ Մյուսներն ընդհանրապես հրամանագրված չեն, ինչի հետևանքով հետագայում զրկվելու են աշխատած տարիները ստաժում հաշվարկելու իրավունքից և այդ տարիների համար չեն ստանալու աշխատանքային կենսաթոշակ և այլն։ Այսպիսով, թվարկված աշխատանքային բնագավառի խնդիրների կարգավորման մասով որևէ պետական մարմին չի զբաղվում և հետևաբար, աշխատողը կարող է միայն իր ոտնահարված իրավունքների պաշտպանության համար դիմել դատարան։ Իսկ դատարան դիմելը, հայտնի փաստ է, որ ծախսատար և ժամանակատար պրոցես է․ դատարան դիմելու համար անհրաժեշտ են խորը իրավական գիտելիքներ կամ դիմել փաստաբանի ծառայությանը։  Մի՞թե նշյալ պայմաններում աշխատող քաղաքացին կդիմի դատարան։ Ակնհայտորեն ոչ․ քաղաքացիների մեծ մասն ուղղակի խուսափում է դատապրոցեսում ներգրավվելուց, քանի որ վստահ չէ, որ անգամ ճիշտ լինելու պարագայում միայնակ կարող է հաղթել գործատուին։ Իսկ գործատուներն օգտվում են այդ փաստից և շարունակում խախտել աշխատողի իրավունքները, քանի որ երկրում գործազրկության մակարդակը շատ բարձր է և այլ աշխատող գտնելն առանձնապես բարդ խնդիր չէ։ Այսինքն, պետությունը մենակ է թողել իր քաղաքացուն գործատուի հետ, մինչդեռ, քաղաքացիների աշխատանքային իրավունքների պաշտպանության մասով ունի պոզիտիվ պարտականություն։ Այսպիսով, անհրաժեշտ է վերստեղծել աշխատանքի պետական տեսչություն, որի լիազորությունը կլինի աշխատանքային իրավունքի բնագավառում վերահսկողությունը՝ ինչպես սեփական նախաձեռնությամբ, այնպես էլ համապատասխան դիմումի հիման վրա»։

Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Փաշինյանի թիմակիցների "գյոռմամիշաչտեսությունը"

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր վերջին ուղիղ եթերներից մեկում դժգոհում էր, որ իշխանությունների ընդդիմախոսները փորձում են իր թիմակիցներին ներկայացնել որպես "գյոռմամիշներ"...  Բացարձակ չէի անդրադառնա այս թեմային, եթե այս օրերին ԶԼՄ-ներից չտեղեկանայի, որ պարոն Փաշինյանի թիմակից մարզպետներից ոմանք, 3-ից 8 ամիս "տիտանական" աշխատանք կատարելու համար, իրենք իրենց և իրենց "քիփիլիկ" շրջապատներին մեկ ամսվա աշխատավարձերի չափով և նույնիսկ դրանից ավել պարգևավճարներ են տվել...Պարգևավճարներ ստացողներից ոմանք էլ,առանց ամոթի,այն բացատրում են օրենքով՝չբացատրելով,թե ինչպես կարող է պաշտոնյան կամ պետական հիմնարկի աշխատակիցը 12 ամիս չաշխատել,բայց ստանալ,այսպես կոչված 13-րդ աշխատավարձը՝պարգևավճարը... Սա ի՞նչ է, եթե ոչ պարոն վարչապետի ասած "գյոռմամիշությունը"... Ինչպես կասեր խորհրդային ֆիլմերից մեկի հերոսը՝ "За чей счет этот банкет ?"... Իրոք, ում հաշվին են այս տիպի նախաամանորյա խրախճանքներ կազմակերպում ՀՀ վարչապետի թիմակիցները...  Կամ վարչապետի ոճով թանկարժեք "սպեցովկաներ" հագնվելը՝ դոշին պաշտոնը և ազգանունը գրված... Այո՛, դա արդեն "գյոռմամիշություն" չէ, այլ տարրական չտեսություն է, որն ինձ մոտ ուղղակի նողկանք առաջացրեց...  2018 թ-ի Թավշյա հեղափոխության պատճառներից մեկը Սերժ Սարգսյանին շրջապատող "գյոռմամիշաչտեսների" և բեսպրեդելշչիկների ահռելի թվաքանակն էր, որոնց պահվածքը և գործունեությունն հասարակության մոտ տարրական ատելություն առաջացրեց ՀՀԿ-ի և նախկին նախագահի անձի նկատմամբ... Հեղափոխությունից ամիսներ անց նրա ալիքների վրայով և Փաշինյանի ուսերին բազմած իշխանության եկած վերջինիս թիմակիցները վատ բաներում կրկնօրինակում են նախորդ իշխանություններին... Հարգելիներս, մի փորք զուսպ եղեք և չմոռանաք ձեր անցյալը... Մի փոքր համեստ լինելը միայն օգուտ կտա պարոն Փաշինյանին, որպեսզի վերջինս ստիպված չարդարացնի իր թիմակիցների բացթողումները, որը նրա մոտ վերջերս այդպես էլ լավ չի ստացվում... Իշխանություն ունենալը չի նշանակում ամնեզիա և հասարակությունից կտրվել... Նախորդ իշխանությունների անփառունակ հեռացումը քաղաքական Օլիմպոսից հենց պայմանավորված էր վերը նշված երկու հանգամանքով... Բայց եթե վերջիններս մոռացան իրենց անցյալը և հասարակությունից կտվեցին մի քանի տարում, ապա Փաշինյանի թիմակիցների մոտ դա "էքստերնով" է... Հայաստանի նման երկրում (չեմ ցանկանում "աղքատ" բառն օգտագործել), որտեղ հասարակությունը հեղափոխության միջոցով տապալեց իր համար անընդունելի իշխանություններին, մեծ շռայլություն է նոր իշխանավորների համար հների ոճով երկիր կառավարելը...  Հ.Գ. Սպասում եմ, որ Հնդկաստանի կառավարության անդամները և իշխող կուսակցության պատգամավորները Փաշինյանի թիմակիցներին ի պատասխան, որոնք իրենց "վեչերինկեկից" մեկի ժամանակ հնդկական մոտիվների տակ էին պարում, "հակըննդեմ" փարթի կազմակերպեն, "գրուպովոյ" քոչարի պարեն և տեղադրեն համացանցում...Բայց համոզված եմ, որ այդ սպասումներս չեն իրականանա»...

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ