Նախօրեին Նիկոլ Փաշինյանը շտապել է «ավետիս» տալ, թե 2018-ի 4-րդ եռամսյակում ներդրումները 50%-ով ավելացել են՝ 2017-ի նույն ժամանակահատվածի համեմատ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:
«Փաշինյանն ասել է, թե մենք` ընդդիմադիրներս, քննադատում էինք իրեն՝ գուժելով ներդրումների նվազման մասին:
Հիմա գնդակը ուղիղ հարվածով փոխանցում եմ Փաշինյանին և նրա իշխանությանը: Հերիք չի՞ աճպարարությամբ զբաղվեք, մինչև ե՞րբ եք մանիպուլյացիա անելու:
Այո, ձեր իշխանության օրոք ներդրումները նվազել են: Ձեր իսկ ներկայացրած տվյալներով՝ 2018-ի առաջին եռամսյակում ներդրումները եղել են 94,2 միլիոն դոլար, երբ իշխանության է եղել Հանրապետականը, իսկ 2018-ի չորրորդ եռամսյակում ընդամենը 75, 5 միլիոն դոլար:
Այսինքն՝ գրեթե 20 միլիոն դոլարով պակաս: Աջ ու ձախ օպտիմալացումը, աշխատանքից և օրվա հացից բազմաթիվ քաղաքացիներին զրկելը Փաշինյանի իշխանությունը բացատրում է ծախսերի արդյունավետությամբ: Մինչդեռ «դուխով» իշխանության համար ծախսերի կրճատումը վերաբերում է Հայաստանի քաղաքացուն, բայց ոչ իշխանավորներին:
Մարդ չգիտի՝ լա, թե խնդա. Նիկոլի կադրերից մեկը ոչ ավել ոչ պակաս իրեն պարգևատրել է 104,5% դրույքաչափով, մյուսը` մեկ օրում երկու անգամ պարգևատրել է ինքն իրեն: ԱԺ 2 նոր հանձնաժողով են բացել՝ ծախսերն ավելացնելով նվազագույնը 35 միլիոն դրամով:
Եվ սա անում է այն իշխանությունը, որի ղեկավարը տառապում էր պապիկ-տատիկների նիսյաների համար, թռիչքային զարգացում էր խոստանում: Փաստորեն, կախարդական փայտիկը թարս է շարժվում:
Հ. Գ. Այս տեմպերով որ գնա, Նիկոլ Փաշինյանի կառավարությունը 2019-ին դժվար, բայց 2020-ին շանսեր ունի թռիչք գրանցելու: 2020-ին Տոկիոյում կայանալիք Օլիմպիական խաղերին Փաշինյանի «քայլող իշխանավորները» մարաթոնյան վազքում կարող են լուրջ հաջողություն արձանագրել»,-գրել է Էդուարդ Շարմազանովը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը