Ս.թ. հունվարի 17-ին ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչության պետ Լևոն Այվազյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանության ռազմական կցորդ Մահդի Վեջդանիին: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ լրատվական ծառայությունը։
Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության ոլորտում երկկողմ հարաբերությունների զարգացման ընթացիկ խնդիրներն ու առաջիկա անելիքները: Կողմերն անդրադարձել են նաև ս.թ. հունվարի 16-ին ԻԻՀ ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Մոհամմադ Բաղերիի՝ Ադրբեջան կատարած այցին և վերջինիս՝ ԼՂ հիմնահարցի շուրջ արտահայտած դիրքորոշման վերաբերյալ ադրբեջանական մամուլում շրջանառվող տեղեկատվությանը:
ԻԻՀ ռազմական կցորդը վերահաստատել է բազմիցն արտահայտած Իրանի հավասարակշռված դիրքորոշումն արցախյան հիմնախնդրի վերաբերյալ, ընդգծել է, որ այն որևէ փոփոխությունների չի ենթարկվել և մամուլում ներկայացվող տեղեկատվությունն ու դրա զանազան մեկնաբանություններն աղավաղում են այն: Շեշտելով երկու երկրների միջև առկա քաղաքական բարձր մակարդակի հարաբերությունները, կողմերը վստահություն են հայտնել, որ առաջիկայում բարձրաստիճան փոխայցելությունների և դրանց ընթացքում տարբեր հարցերի շուրջ պաշտոնական դիրքորոշումներ արտահայտելու բազմաթիվ առիթներ կլինեն: Այս առումով Լևոն Այվազյանն ու Մահդի Վեջդանին կարևորել են պաշտպանության ոլորտում հարաբերությունների զարգացումն՝ ի նպաստ տարածաշրջանային կայունության, խաղաղության և անվտանգության ամրապնդման:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը