15 01 2019

Ո՞վ ունի ճանապարհ փակելու լիազորություն, բացի Նիկոլ Փաշինյանից



Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարի 15-ին ֆեյսբուքյան ուղիղ եթերում մի շարք ուշագրավ հայտարարություններով հանդես եկավ և գնահատականներ տվեց։

Բողոքի ցույցերի մասին

Խոսելով Մանվել Գրիգորյանի խափանման միջոցը փոխելու հետ կապված բողոքի ցույցերին, վարչապետը սխալ համարեց ճանապարհ փակելը։

«Ասում են՝ բա լա՞վ է, որ դուք փակում էիք: Հարգելի' քաղաքացիներ, մենք փակում էինք, որովհետև երկրում չկար ժողովրդի վստահությունը վայելող իշխանություն: Այսօր մեր քաղաքացիներն իրենց իշխանությունը ձևավորել են ազատ, արդար ընտրություններով: Եվ այդ իշխանությունը պետք է առկա խնդիրները լուծի: Մարդիկ ասում են՝ Մանվել Գրիգորյանին բաց են թողել: Այնպիսի տպավորություն է, որ իրենք են Մանվել Գրիգորյանին բռնել, մենք էլ բաց ենք թողել: Մեր իշխանության, կառավարության գործունեության արդյունքում են տեղի ունեցել այդ բացահայտումները: Հիմա այն գործողությունները, որոնք արվում են ճանապարհները փակելու հետ կապված, արվում են ուղիղ ընդդեմ կառավարության: Կրկին հուսահատ շեշտադրումներ են ի հայտ գալիս, թե` տեսեք, կառավարությունը չի կարող ճանապարհները բաց պահել, ոչինչ չի փոխվում և այլն։

Անկեղծ, ինձ համար էլ տհաճ էր, որ իմացա խափանման միջոցը փոխելու մասին: Բայց հենց դա է խնդիրը` անկախ դատական իշխանություն գոյություն չի ունենում այն ժամանակ, երբ իշխանությունը փորձում է դատական համակարգից իր համար միայն հաճելի լուրեր լսել: Մյուս կողմից` ես գտնում եմ, որ պատասխանատվության անխուսափելիությունը շատ կարևոր սկզբունք է, և որևէ մեկը չի կարող խուսափել պատասխանատվությունից: Էջմիածնում մի քանի կլաններ են եղել, միշտ իրար դեմ պայքարել են: Իմ տպավորությամբ` ոմանք փորձում են մանիպուլյացիաներ անել և այս ֆոնի տակ կլանային հարաբերություններ հաստատել Էջմիածնում: Դա չի անցնելու:

Որոշ նախկին կլանային ուժեր փորձում են իրավիճակից օգտվել: Բա լավ էր, որ Նիկոլը ճանապարհ էր փակում, հիմա մենք ենք փակելու: Չեք փակելու, որովհետև դուք դրա լիազորութոյունը չունեք:  Ժողովուրդն իր իշխանությանը ընտրել է, և այդ իշխանության լիազորությունն է ապահովել ճանապարհների անցանելիությունը:  Եթե ուզում են իրավիճակը կաթվածահար անեն, ուրեմն գործում են ուղիղ կառավարության դեմ:

Ես ուզում եմ խնդրել, որ փաստաբաններին չընկալեք հանրության թշնամի: Մենք վենդետա չենք ուզում, մենք ուզում ենք արդարադատություն, իսկ դրա ամենակարևոր նախապայմանը անկախ համակարգն է, ինչպես նաև մեղադրյալի պաշտպանության իրավունքը, որ պետք է իրականացվի պաշտպանի միջոցով: Ես վստահեցնում եմ՝ Հայաստանում ոչ մի կոռուպցիոներ չի խուսափելու պատասխանատվությունից»:

Վարչապետի ոչ թալանչի ու ոչ գյոռմամիշ կերպար ունեցող ընտանիքի մասին

«Մեր կառավարությունից փորձում են կերտել իշխանության իմիջ` բառիս վատ իմաստով, քանի որ հասկանում ենք, ՀՀ-ում լավ իշխանություն երբեք չի եղել: Հիմա փորձում է արվում իշխանական վարչապետի ընտանիքից ստանալ նորմալ, ստանդարտ, թալանչի գյոռմամիշ կերպար: Նայեք` սրանք ծնունդ են անում, գետինը մտնեք, սրանք շոր են հագնում, սրանք ՀՀԿ-ից ավելի վատ են։

Լրատվական դաշտում տեղի է ունենում այն գործընթացը, որ նախկին իշխանության ներկայացուցիչները կամ լրատվական դաշտը տանում են հետևյալ թեզը՝ փորձ է արվում մեր իշխանությունը հանրապետականացնել և ցույց տալ, թե երկրում ոչինչ չի փոխվել: Ահա, ասում են՝ այս իշխանությունը նույնպիսինն է, ինչպիսին նախորդ՝ Հանրապետականը: Սրա համար բերվում է փաստարկ՝ տեսեք ՀՀԿ-ականները երկու աչք, երկու ականջ, երկու ոտք, երկու ձեռք, երկու ականջ ունեն, տեսեք, այս իշխանությունը նույնպես նախորդի պես ունի մի քիթ, մեկ բերան: Ուրեմն՝ ՀՀԿ-ականներից ոչ մի տարբերություն: Ուրեմն թալանչի են»։

Իշխանությունը եղունգներով պահելու մասին

«Իշխանությունը ձևավորել է ժողովրդի կողմից: ՀՀ քաղաքացիներն են ձևավորել  իշխանությունը: Իշխանությունը չի փորձելու ժողովրդի ձեռքից վերցնել իշխանությունը ձևավորելու հնարավորությունը: Եղունգներով իշխանությունը չենք պահելու: Եթե ժողովրդին պետք լինի, ապա մենք կլինենք այս կարգավիճակում, եթե ոչ, ապա չենք լինի: Ինձ համար անընդունելի կլինի այն վիճակը, եթե պարզվի, որ իմ վարչապետ լինելն ավելի շատ հարկավոր է ինձ, քան Հայաստանի քաղաքացիներին: Որ պահին այդպես լինի, ուրեմն ես անելիք չունեմ այս կարգավիճակում:

Նոր կառավարությունից փորձում են կերտել բացասական կերպար՝ ցույց տալով, թե  ոչինչ չի փոխվել։ Ես թույլ չեմ տալու, որ այդ իմիջը ստեղծվի, ընդ որում, դա անելու եմ ոչ թե լրատվամիջոց խլելով, այլ այս ճանապարհով, այն է՝ քաղաքացիների հետ ուղիղ շփումով»:

ՀԴՄ գերիշխանության մասին

«Տնտեսության փոփոխությունները պետք է տեղի ունենան բոլոր քաղաքացիների մասնակցությամբ: Չի կարող լինել մի իրավիճակ, երբ իր տանը բազմոցին պառկած անձը սպասի, թե իր կյանքը երբ է փոխվելու: Այդ մարդու կյանքը, ով բազմոցին է պառկած  երբևէ չի փոխվելու: Այդ պայմաններում նրա կյանքը չի փոխվելու, կփոխվի այն ժամանակ, երբ կառավարությունն իր անելիքն անի, իսկ կառավարությունը միանշանակ կանի իր անելիքը, իսկ բազմոցին պառկած մեր հայրենակիցն անի իր անելիքը: Մենք Գյումրիից վեր կացանք, քայլելով եկանք Երևան: Այդ ընթացքում, երբ մարդիկ որոշեցին, որ իրենց քայլն են անում, տեղի ունեցավ փոփոխությունը: Հիմա հին տնտեսական համակարգից գնում ենք նոր տնտեսական համակարգի: Քաղաքական հեղափոխությունից քայելով գնում ենք տնտեսական հեղափոխության: Եթե քաղաքացիները մեզ հետ քայլեն, ապա այդ ժամանակ էլ արդյունքը կերևա»:

Նիկոլ Փաշինյանը օրինակ բերեց, թե ինչպես իրեն խանութում ՀԴՄ կտրոն չեն տվել․ «Մինչև վերջ կանգնել եմ, որ կտրոնը տան:  Մինչև խանութի աշխատողը ՀԴՄ-ի սարքը միացրեց հինգ-վեց րոպե տևեց: Իրենց թվում է, որ պետք է շարունակեն հարկ չվճարել, բայց ասել, որ ճանապարհները լավը չեն, թոշակները բարձր չեն, աշխատավարձները բարձր չեն:

Մենք ասում ենք հետևյալը, մենք չենք ուտում ձեր հարկերը, բայց դուք պետք է դրանք վճարեք: Այո, հարկ չվճարողը նույնն է, ինչ կոռումպացված պաշտոնյան: Կան մարդիկ ասում են՝ վայ էնքան խեղճ ենք, ՀԴՄ կտրոնը չենք կարող տալ… դրա համար մենք անում ենք փոփոխություն, մինչև 24 մլն դրամի շրջանառություն ունեցողը կազատվի հարկերից: Միգուցե տեղին չհնչի, այդ բառը լավը չի, բայց այդ ՀԴՄ դիկտատուրան պետք է հաստատվի: Մենք չենք լափում ձեր վճարած հարկերը, բայց դուք պետք է վճարեք հարկերը, և ես պնդում եմ, որ հարկ չվճարող քաղաքացին նույնն է, ինչ կաշառակեր նախարարը կամ կոռումպացված վարչապետը: Իսկ քաղաքցիական հասարակությունը չպետք է թույլ տա, որ ՀԴՄ կտրոն չխփվի»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ