Փաշինյան-Պուտին հանդիպումը Մոսկվայում բավական կարճ է տևել, եթե այն համեմատելու լինենք մեկ օր առաջ տեղի ունեցած Լուկաշենկո-Պուտին հանդիպման հետ: Այս մասին գրում է 7or.am-ը:
«Պատճառը շատ պարզ է՝ Լուկաշենկոն ու Պուտինը երկկողմ հարաբերությունների լայն սպեկտոր ունեն քննարկելու և երկուսն էլ տիրապետում են առարկային:
Հայ-ռուսական հարաբերություննում այժմ այնպիսի վիճակ է, որ իշխանական վերնախավում առարկային տիրապետող չկա, և դա է պատճառը, որ թեև, ինչպես Փաշինյանն էր ասում, Հայաստանի ղեկավարը վերջին ամիսների ամենահաճախ այցելողն է ՌԴ, սակայն բովանդակային որևէ փաստաթուղթ չի ստորագրվել: Այսինքն՝ հանդիպումներն ավելի շատ արարողակարգային ու շարքային են և որևէ էական արդյունք չկա:
Ենթադրվում էր, որ Փաշինյան-Պուտին հանդիպման ժամանակ հիմնականում շոշափվելու են Ղարաբաղի խնդրին, ԵԱՏՄ-ին, ՀԱՊԿ-ին և գազի գնին վերաբերող հարցերը (պաշտոնական մասով): Այդպես էլ եղել է, սակայն առարկայական ոչ մի արդյունք չկա:
Ղարաբաղի հարցում Փաշինյանը հրապարակային տեսակետներ չի հայտնում և այդպիսով նախաձեռնությունն ու խաղի կանոններ թելադրելը թողնում է Ադրբեջանին: Բացի այդ՝ Փաշինյանի թիմը, ամերիկացիների «քավորությամբ» և Մոսկվային շրջանցելով, Ալիևի հետ ոչ հրապարակային ինտենսիվ բանակցում են: Բոլորն ամեն ինչ տեսնում են ու համապատասխան քայլեր պատրաստում: Տեսնում է նաև Կրեմլը: Տեսնում է, բայց առայժմ չի ուզում խոսել:
ԵԱՏՄ-ի պահով Փաշինյանն ու իր թիմը առարկային չեն տիրապետում, ուստի՝ պատրաստ չեն Մոսկվայի հետ բովանդակային զրույցի և առաջարկների:
ՀԱՊԿ-ի մասով Փաշինյանը հիմա ընդամենը դեմքը փրկելու տարբերակների շուրջ է մտմտում, քանզի չի կարող կատարել իր խոստումը՝ Խաչատուրովից հետո ՀՀ-ի համար պահել այդ կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնը՝ կանոնադրությամբ նախատեսված ժամկետով:
Գազի գնի մասով էլ Փաշինյանն ասաց, որ որևէ որոշում չկա և ինքը հույս ունի, որ ամեն ինչ լավ կլինի կամ գոնե վատ չի լինի:
Փաշինյանի միակ «ձեռքբերումն» այս այցից այն էր, որ իր քարոզչական թիմն ու «հեղափոխությանը» կցված լրատվամիջոցները տարածեին, թե իբր Պուտինը շնորհավորել է Փաշինյանին, սակայն շնորհավորանք, որպես այդպիսին, չհնչեց: Հնչեց զուտ արարողակարգային ու քաղաքավարական բարեմաղթանք՝ աշխատանքային հաջողություններ ցանկանալու տեսքով: Այդպիսի մաղթանք կաներ ցանկացած երկրի ղեկավար ցանկացած այլ երկրի ղեկավարին հանդիպելիս: Ռազմավարական գործընկները միմյանց շնորհավորում են ընտրությունների արդյունքները հրապարակելուց 5 րոպե անց: Տվյալ դեպքում դա չեղավ, ինչը մտահոգիչ է հարաբերությունների բովանդակության առումով, այլ ոչ թե քաղքենիական՝ «Վույ ամա՜ն, Դարչոն Կեկելին պաչել ա» ծրագրի շրջանակներում:
Ուշագրավն այն է, որ Փաշինյանին կից քարոզչագործիքները «Պուտինը շնորհավորեց Փաշինյանին» վերնագրերով էին հանդես գալիս, ինչով մատնում էին Փաշինյանի թիմի ներքին ապրումներն ու ձգտումները, ինչպես նաև՝ ողորմելի վիճակը: Եվ դա այն դեպքում, երբ Փաշինյանն ու իր արևմտամետ թիմակիցներն իրենց գիտակցական կյանքի հիմնական հատվածը նվիրել են և այդ ժամանակահատվածում գումար են վաստակել Պուտինին ու ՌԴ-ին հայհոյելով: Այս թիմը հիմա դարձել է Մոսկվայից «շնորհավորանք» մուրացող, ինչը ՀՀ-ին նվաստացնում է միջազգային հարաբերություններում:
ՀՀ-ՌԴ ռազմավարական հարաբերությունները շատ կարևոր են, բայց երբ դրանք զրկվում են բովանդակությունից (կողմերից մեկի՝ առարկային չտիրապետելու պատճառով), ապա ամեն ինչ ավարտվում է ընտրություններից շաբաթներ անց շնորհավորանքի ակնկալիքով:
Շնորհավորանք, ի դեպ, Փաշինյանն իր հետ Մոսկվայից բերեց: Նրա՝ Երևան հասնելուն պես Պուտինը շնորհավորական ուղերձ հղեց... ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին: Փաստորեն ստացվեց այնպես, որ Փաշինյանն իր հետ բերեց Քոչարյանին հղված շնորհավորանքը:
Դիվանագիտության մեջ պատահական բաներ չեն լինում: Դիվանագիտության մեջ կարևոր են ժեստերը և ակնարկները: Տվյալ դեպքում Մոսկվան շատ կոնկրետ ժեստ ու չափից դուրս թափանցիկ ակնարկ է արել:
Պուտինի կողմից Նիկոլ Վլադիմիրովիչ (իրականում՝ Վովաևիչ) դիմելաձևին արժանացած Փաշինյանի համար սա ՌԴ նախագահի հետ տեղի ունեցած բանակցությունների իրական գնահատականն էր Կրեմլից:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը