27 12 2018

Բանկերի տույժ-տուգանքներից մինչև կովկիթի ծառայություն. Ակտիվ Facebook

Բանկերի տույժ-տուգանքներից մինչև կովկիթի ծառայություն. Ակտիվ Facebook

Նիկոլ Փաշինյանը ֆյեսբուքյան իր էջում գրել է.

«Հուլիսին մեր իրականացրած օրենսդրական փոփոխությունների արդյունքում Հայաստանի բանկերը ավելի քան 7 միլիարդ դրամի տույժ-տուգանքներ են ներել՝ 14 հազար 963 վարկառուի:

Վերանայվել է շուրջ 124 հազար հաճախորդի վարկային պատմություն: Այս գործընթացը շարունակական է:

Անհուսալի վարկեր ունեցող քաղաքացիները պետք է այցելեն իրենց վարկավորած բանկերին՝ տույժ-տուգանքների գծով համաձայնության գալու համար»:

Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Արցախյան հակամարտության կարգավորման հարցում սպասվում են բեկումնային զարգացումներ:

Միացյալ Նահանգները իր զորքը դուրս է բերում Սիրիայից, ԱՄՆ պաշտպանության նախարարը ներկայացրել է իր հրաժարականը: Դա նշանակում է, որ առկա է պայմանավորվածություն Ռուսաստանի հետ` Իրանի դերակատարությունը Սիրիայում զսպելու հարցում: Առանց Իրանի հարցում Ռուսաստանի հետ պայմանավորվելու, ԱՄՆ իր զորքերը Սիրիայից դուրս չէր բերի, Իսրայելը դա ուղղակի թույլ չէր տա:

Սա բավականին ռիսկային է Հայաստանի համար, քանի որ այս մեծ գործարքի մեջ կարևոր տեղ ունի Արցախի հակամարտության կարգավորումը: Կարծես ուրվագծվում են Ռուսաստան - ԱՄՆ ընդհանուր շահերի ձևավորումը մեր տարածաշրջանում, ինչի հետևանքով Արցախի շուրջ վերջիններիս փոխհամաձայնությունը զգալիորեն կսահմանափակի ստատուս-քվոն պահպանելու Հայաստանի հնարավորությունները:

Փաշինյանի կառավարությունը պետք է պատրաստ լինի իրադարձությունների այսպիսի զարգացմանը և այսօրվանից ձեռնամուխ լինի Արցախյան կարգավորման այլընտրանքային առաջարկության մշակմանը:

Հավատարիմ մնալով իմ` Հայաստանի Հանրապետության ազգային և պետական շահին ծառայելու հանձնառությանը, ինչպես նաև անթույլատրելի համարելով Արցախի հարցում ներքաղաքական ցանցակած շահարկում, հայտնում եմ իմ պատրաստակամությունն ու հանձնառությունը օժանդակել Հայաստանի կառավարությանն ու վարչապետին` Հայաստանի և Արցախի համար առավելագույն նպաստավոր լուծման հասնելու համար:

Սպասվող բանակցություններում Հայաստանը պետք է ներկայանա աննադեպ ուժեղ և համախմբված:

Աստված պահապան Հայաստանի Հանրապետությանը, Արցախի Հանրապետությանն ու Հայ ժողովրդին»:

Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Հարգելի՛ գործընկերներ, Քիչ առաջ գրությամբ դիմել եմ ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանին՝ հերթական անգամ բարձրացնելով կաթի շուկայում տիրող անարդարության հարցը։ Խոսքը մասնավորապես այն մասին է, որ տարեցտարի թանկանում է խոտի տուկը, կոմբիկերը, հովիվների ծառայությունը, կովկիթի ծառայությունը, անձնակազմի աշխատավարձը և ամենագլխավորը՝ կաթի, մածունի, թթվասերի, կաթնաշոռի, կարագի, պանրի, թանի մանրածախ գները առևտրի կետերում, մթերվող կաթի գինը շարունակաբար անկում է ապրում: Կաթ վերամշակող ձեռնարկությունները միանձնյա որոշում ու ընդունում են կաթի մեծածախ մթերման գինը:

Վերջին մեկ տարվա ընթացքում կաթի գինը խիստ անկում է ապրել՝ 200 ՀՀ դրամից հասնելով 120-ի։ Եվ սա այն պայմաններում, որ 1 լիտր կաթն առևտրի կետերում 400-440 դրամով է վաճառվում:

Կաթի մթերման գների նման անկման պայմաններում հնարավոր չէ աճ ապահովել, և ֆերմերները միակ ելքը տեսնում են անասնագլխաքանակի կրճատման այլ ոչ թե ավելացման մեջ: Քանի որ ֆերմերների միակ եկամուտը կաթի մթերումից ստացվող գումարն է, վերջիններս չեն կարողանում կաթի մթերման ցածր գների պայմաններում ոտքի կանգնել, և դա առաջ է բերում դժգոհության ու ընդվզման մեծ ալիք:  Այսպիսով՝ առաջարկել եմ ուսումնասիրություն իրականացնել կաթի շուկայում՝ պարզելու համար գերիշխող դիրքի չարաշահման և հատկապես հակամրցակցային համաձայնագրերի կնքման ու այլ ապօրինությունների դեպքերը, որոնց հետևանքով կաթի մթերման գինը շարունակ անկում է ապրում՝ կաթնամթերքի մանրածախ գնի շարունակական աճի պայմաններում»։

Միհրան Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ռազմական արդյունաբերության համար նախ և առաջ արդյունաբերություն են ունենում: Իսկ ռազմականը` որպես արդյունաբերության ճյուղ, ամենագիտատարն է: Պարզ չէ, թե ի՞նչ գումարներով ու ի՞նչ գիտակատեխնիկական բազայի վրա է ծավալվելու ռազմարդյունաբերությունը: Ֆունդամենտալ հարց է. պետական միջոցների հաշվի՞ն է, թե՞ մասնավոր: Ի՞նչ միջոցներ են դրանք:

Ես, իհարկե, հասկանում եմ, որ ականջահաճո տերմիններ կան աշխարհում, բայց չեղած գիտատեխնիկական բազայի ու չեղած փողի պարագայում կարելի է նաև ասենք լուսին թռնելու ազգային նպատակ հռչակել և նույնիսկ նախարարություն ստեղծել: Ամեն դեպքում, եթե տանկային, ավիացիոն, հրետանային համակարգերի, հակատանկային ու ՀՕՊ միջոցների ստեղծման, արտադրության և մոդերնիզացիայի խնդիր չես դնում(իսկ Հայաստանը նման խնդիր չի կարող դնել), ուրեմն զբաղված ես ինչ-որ անհասկանալի գործունեությամբ:

Մի քիչ սպասենք, կառավարության ծրագիրը տեսնենք, բյուջեի հետ համադրենք ու հասկանանք` սովորական փիառ գործողությու՞ն է սա, թե՞ պետական միջոցներն անիմաստ վատնելու և Զինված ուժերին փաստի առաջ կանգնեցնելու նպատակաուղղված քաղաքականություն: Իսկ վտանգները` սկսած կոռուպցիայից, պետական միջոցների անարդյունավետ վատնումից վերջացրած Զինված ուժերին անորակ և անմրցունակ սպառազինություն պարտադրելով, շատ են: Հավատացեք, շատ շատ են»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ