Տարեկան մինչև 58․3 մլն դրամ շրջանառություն ունեցող բիզնեսի համար Երևան համայնքում տեղական տուրքերը 2019 թվականին չեն բարձրանա: Այս մասին դեկտեմբերի 25-ին Երևանի ավագանու նիստում հայտարարեց քաղաքապետ Հայկ Մարությանը։
Անդրադառնալով տեղական տուրքերի դրույքաչափեր սահմանելու մասին հարցին ասաց. «Ես առաջարկում եմ հունվարի 15-ին արտահերթ նիստ ունենանք և այդտեղ սահմանենք բացառություններ մանր ու միջին բիզնեսի համար: Այն է՝ մինչև 58,3 մլն դրամ տարեկան շրջանառություն ունեցող բոլոր կազմակերպությունները կազատվեն այս բարձրացումներից: Այսինքն կշարժվեն հին տուրքերով: Ճիշտ է, մենք նիստը կանենք հունվարի 15-ին կամ 20-ին, բայց այդ որոշումը կգործի հունվարի 1-ից»:
Քաղաքապետարանի եկամուտների հաշվառման և գանձման վարչության պետ Արմեն Հարությունյանն էլ նշեց, որ Երևանում տեղական տուրքերը հիմնականում պահպանվել են բացառությամբ մի քանիսի. «Մասնավորապես ոչ հիմնական շենք-շինությունների համար շինթույլտվության տրամադրման տուրքը փոխվել է. մինչև 20 քմ տարածքով շինությունների համար նախկինում 15 հազար դրամի փոխարեն սահմանվել է 21 հազար դրամ, իսկ 20 քմ-ից ավելի տարածքի դեպքում՝ նախկին 25 հազար դրամի փոխարեն սահմանվել է 35 հազար դրամ: Փոփոխության է ենթարկվել նաև հեղուկ վառելիքի, սեղմված բնական գազի վաճառքի թույլտվության համար տարեկան սահմանվել է 600 հազար դրամ, նախկին 350 հազար դրամի փոխարեն: Փոփոխության են ենթարկվել Առևտրի, հանրային սննդի զվարճանքի, շահումով խաղերի, վիճակախաղերի կազմակերպման օբյեկտների, խաղատների, բաղնիք-սաունաների ժամը 24:00-ից հետո աշխատելու թույլտվության համար տարեկան տուրքի չափերը: Առևտրի օբյեկտների համար նախկինում 87 500 դրամի փոխարեն, տուրքը սահմանվել է 120 հազար դրամ, հանրային սննդի և զվարճանքի օբյեկտների համար 175 հազարի փոխարեն սահմանվել է 250 հազար դրամ, բազնիքների համար նախկին 875 դրամի փոխարեն 1,4 մլն դրամ, խաղատների համար 1 մլն 750 հազար դրամի փոխարեն 3 մլն դրամ, շահումով խաղերի համար 875 հազար դրամի փոխարեն 1,5 մլն դրամ, վիճակախաղերի համար 262 հազարի փոխարեն 450 հազար դրամ: Երևանի խորհրդանիշը, զինանշանը ֆիրմային անվանումներում օգտագործելու համար տեղական տուրք է սահմանվել 300 հազար դրամի չափով, նախկին 200 հազարի փոխարեն»,-ասաց նա:
2019 թ․ տուրքերի նախագիծն ընդունվեց բավականին թեժ մթնոլորտում։ Նախագծին դեմ էին արտահայտվում ԲՀԿ և «Լույս» խմբակցությունների ավագանու անդամները։ Նրանք դեմ քվեարկեցին տուրքերի բարձրացման նախագծին, սակայն «Իմ քայլը» դաշինքի 51 անդամները, կողմ քվեարկելով, կարողացան ընդունել փոփոխությունները։ Քաղաքապետ Հայկ Մարությանի համոզմամբ՝ փոփոխություններից խոշոր բիզնեսի մոտ ընդհանրապես ոչինչ չի զգացվելու, իսկ փոքրերի համար փոփոխությունը զգացվելու է շատ չնչին։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը