24 12 2018

Գողությունից մինչև Նոր Տարի. Ֆեյսբուքյան անցուդարձ

Գողությունից մինչև Նոր Տարի. Ֆեյսբուքյան անցուդարձ

Աշոտ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Առավոտը բարի չէր հարևանիս համար, մի քանի օր առաջ նույնը արել են մեկ այլ հարևանի մեքենայի հետ: Այսինք մենք ունենք սիստեմատիկ գողությունների հետ: Եթե հանցագործը վերադառնում է հանցագործության վայր, դա շատ վատ է:

Ու նման տեսարանների կարող ենք հանդիպել քաղաքի տարբեր բակերում: Ոստիկանության հարգելի աշխատակիցներ, այս վիճակին պետք է վերջ տրվի, չեմ կարծում որ ժողովրդավարությունը նշանակում է ամենաթողություն»:

Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Տոների մեջ ավելի շատ հոգի դրեք, քան փող, և ամեն ինչ ավելի լավ կլինի:

Ինչո՞ւ մենք չենք կարողանում լիարժեք հանգստանալ, ուրախանալ և վայելել տոներն ամբողջությամբ: Մեր բոլոր ուրախությունների մեջ դրոշմվում է հոգսը, ձևը, ներվը:

Ծնունդ, Նոր տարի, կնունք հաճախ վերածվում են նյարդերի կծիկի, որի մեջ խճճվում են "ամեն ինչ հասցնեմ", "փողս քիչ է, պարտք անեմ", "մի բան պակաս չլինի", "բա ընկերներս/բարեկամներս/հարազատներս/այլմոլորակայինները ինչ կմտածեն", "մեքենան որտեղ կանգնացնեմ", "նույն շորը չհագնեմ՝ արդեն տեսել են" և այլ ներվ կրծող, գլխուղեղում խավարասերների խաչասերումից ծնված և այլոց աչքի և խոսքի համար ապրելու գերնպատակից առաջացած բարդույթները:

Նվերը կարող է լինել սիմվոլիկ, փոքր, բայց հոգով և սրտով, սեղանը՝ համեստ, բայց համեղ ու ընտանեկան:

Արհեստականորեն բարդացված, դրսի համար կազմակերպվող, պարտքերով ու ջղայնությամբ համեմված ուրախությունը լիարժեք լինել չի կարող, երջանկության զգացողություն պարգևել չի կարող, խաղաղացնել չի կարող:

Վայելեք կյանքը, ինչպիսին որ կա, եղեք բնական, մերժեք պայմանականություններն ու ձևականությունները, տոների մեջ ավելի շատ հոգի դրեք, քան փող, և ամեն ինչ ավելի լավ կլինի:

Հ.Գ. 23.12.2016-ին գրածս, ցավոք, տեղին է նաեւ այսօր»։

Անինա Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Հաշվի առնելով այն, որ բազմաթիվ մարդիկ այդքան էլ չեն պատկերացնում, թե ինչի համար է նախնական կալանք կիրառվում և ինչ է դա առհասարակ, մի փոքր պարզաբանեմ.

Նախ՝ գոյություն ունեն մի քանի խափանման միջոցներ, որոնցից մեկն էլ կալանքն է: Խափանման միջոց կիրառում են մեղադրյալի նկատմամբ, որպեսզի կանխեն նրա ոչ պատշաճ վարքագիծը և ապահովեն դատավճռի կատարումը:

Ըստ քրեադատավարական օրենսգրքի 135-րդ հոդվածի՝ խափանման միջոց ՝ այդ թվում կալանք, կարող է կիրառվել միայն այն դեպքում, երբ ձեռք բերված նյութերը բավարար հիմք են տալիս ենթադրելու, որ մեղադրյալը կարող է՝ թաքնվել, խոչընդոտել նախաքննության և դատաքննության գործընթացին, կատարել քրեական օրենքով չնախատեսված արարք, խուսափել պատժի կրումից, խոչընդոտել դատավճռի կատարմանը:

Այս հիմքերի առկայության դեպքում էլ խափանման միջոց ընտրելիս հաշվի է առնվում ՝ վերագրվող արարքի վտանգավորությունը, մեղադրյալի անձը, տարիքը, առողջական վիճակը, սեռը, զբաղմունքը, ընտանեկան դրությունը., գույքային դրությունը և այլն:

Այստեղից հետևություն, որ նախնական կալանքը ոչ թե պետք է լինի պատժի տեսակ, այլ կիրառվի ըստ օրենքի և նախատեսված դեպքերում, հակառակ պարագայում մենք նորից ունենալու ենք տարիներ շարունակ կիրառվող արատավոր պրակտիկան, երբ իշխանության համար ոչ ցանկալի մարդկանց պատժելու համար նախնական կալանք էին տալիս , իսկ հետո էլ դատարանները ստիպված մեղադրական վճիռ էին կայացնում, քանի որ երկար ժամանակ կալանքի տակ էին պահել:

Սա նորմալ չէ, նախնական կալանքը ոչ մի պարագայում և ոչ մեկի դեպքում չի կարելի դիտարկել որպես պատժի տեսակ և պահանջել, որ մարդուն կալանքի տակ պահեն մինչև գործի քննության ավարտը, եթե դրա համար չկան իրավական բոլոր հիմքերը»:

Վարդան Ոսկանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Մի բան ասեմ, հատկապես թուրքական լոլիկներ չշպրտեք վրաս․ գիտե՞ք, ինչո՞ւ է Ամերիկան գերտերություն, իսկ մենք՝ ոչ։

Որովհետև պաշտոնական Թեհրանի հետ քարոզչական պատերազմում Վաշինգտոնն օգտագործում է ցանկացած գործիքակազմ՝ ասենք, ԱՄն պետքարտուղարը շնորհավորում է Իրանի ժողովրդին ձմեռային արևադարձի իրանական տոնի կապակցությամբ և գիտենալով, որ իրանցիները բանաստեղծության մեծագույն սիրահար են, դեռ մի շատ խորը քարոզչական բովանդակությամբ երկտող էլ՝ պարսից դասական պոեզիայից մեջբերում։

Հա՛, ինչ էի ասում՝ ուրեմն․ որպես իրանական ժողովուրդներ ձմեռային արևադարձի տոնը մեր հակառակորդ Ադրբեջանում հատկապես նշում են թալիշները և կովկասյան պարսիկները (թաթեր)՝ անվանելով այն «չըլլա շավ» և «չիլլա», համապատասխանաբար։

Պատկերացնո՞ւմ եք, ինչպիսի հզոր քարոզչական հարված կստանար Բաքվի բռնապետական վարչակարգը, եթե Հայաստանից բարձրաստիճան պաշտոնյայի մակարդակով շնորհավորանք հնչեր այդ կապակցությամբ։

Ասեմ, որ դեռ ամեն ինչ կորած չէ, Նովրուզն առջևում է՝ մարտի 21-ին»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ