22 12 2018

Պահանջում ենք ազատ արձակել մեր հերոսին. Ցույց ընդդեմ Ռոբերտ Քոչարյանի կալանավորման. Լուսանկարներ

Պահանջում ենք ազատ արձակել մեր հերոսին. Ցույց ընդդեմ Ռոբերտ Քոչարյանի կալանավորման. Լուսանկարներ

Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտում՝ Ազնավուրի հրապարակում, բողոքի ցույց էր տեղի ունենում «Ազատություն Քոչարյանին» խորագրով: Ակցիայի մասնակիցները պահանջում էին ՀՀ և ԼՂՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակել: Ակցիայի ժամանակ ելույթով հանդես եկավ ԱՀ «Մեսրոպ Մաշտոց» շքանշանի ասպետ, ֆիզիկոս Գրիգորի Աֆանասյանը: 

«Այսօր գրեթե 30 տարի անց մենք կրկին հավաքվել ենք, և հավաքվել ենք Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության նախագահ Ռոբերտ Քոչարյանին պաշտպանելու համար: Ղարաբաղցիները իրենց ղեկավարներին չեն գցում: Միշտ ցույցերի ժամանակ Ռոբերտ Քոչարյանը կանգնել էր մեր կողքին և ելույթ էր ունենում, իսկ հիմա մենք պահանջում ենք անհապաղ նրա ազատ արձակումը: Սա Արցախի ձայնն է և այն պետք է լսելի լինի»,- ասաց Գրիգորի Աֆանասյանը 

«30 տարի առաջ մենք հաղթեցինք, որովհետև մենք եղանք միասնական, իսկ Ռոբերտ Քոչարյանն այն ժամանակ ընդամենը 33 տարեկան էր: Նա չվախեցավ մեծ պատասխանատվությունից և այդ բեռը վերցրեց իր վրա: Ճիշտ է՝ իր կողքին կային մեծ և պատասխանատու մարդիկ, բայց այդ տարիքում վերցնել պատասխանատվությունը, նշանակում է ունենալ տղամարդկություն, կամքի ուժ և սեր ժողովրդի նկատմամբ: Այդ ժամանակ մեզնից ոչ ոք չգիտեր, որ 30 տարի հետո մենք հավաքվելու ենք հրապարակում և պահանջելու ենք ազատություն մեր հերոսին, Արցախի հերոսին: Նա մեր հերոսն է»,- ելույթում ասաց ակցիայի մասնակից Վերա Խաչատրյանը: 

«Այսօր մենք ապրում ենք շատ մեծ ցավ: Այստեղ երկար տարիներ ղեկվարել է Ռոբերտ Սեդրակովիչ Քոչարյանը: Նա երիտասարդ տարիքում ինչ պաշտոն էլ որ զբաղեցրել է, պատվով է կատարել՝ սկսած արցախյան շարժումից, այն օրերից, երբ մարդիկ հավաքվել և միասնական Հայաստան են կանչել: Հայաստանից են նրան կանչել, որ Հայաստանում նա ղեկավարի և այսօր նա մեր շարքերում չէ: Ես խնդրում եմ անհապաղ ազատել այդ մարդուն, քանի որ թուրքը մի քանի քայլ այն կողմից տեսնում է և ուրախանում, որ իր ազգն է իր հերոսին դատապարտում: Ես խնդրում եմ եկեք մինչև վերջ կանգնենք և մեր պայքարը շարունակենք»,- ասաց ակցիայի մասնակից Ալեքսանդր Հայրապետյանը:

Ակցիայի մասնակիցներից մեկն ասաց, որ եթե հարկ լինի անգամ ոտքով Ստեփանակերտից կարող են հասնել Երևան, այդտեղ էլ ցույցեր անել, որպեսզի ազատեն Ռոբերտ Քոչարյանին:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ