2019 թվականի Երևանի բյուջեով վերելակային ֆոնդի պահպանման և շահագործման ծախսերը նվազել են, քանի որ այն մոտ 3 անգամ ուռճացված էր: Այս մասին դեկտեմբերի 21-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Երևանի փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանը՝ ավելացնելով, որ կրճատումը ոչ թե վերելակների պահպանման և շահագործման ուղղությամբ իրականացվող աշխատանքների և նյութերի հաշվին է, այլ կրճատվել են, որովհետև մենք կարծում ենք, որ նույն աշխատանքի ծավալը և նյութերը կարելի է ապահովել ավելի քիչ միջոցներով. «Վերելակային ֆոնդի կրճատման արդյունքում աշխատանքների և շահագործման ծավալ չի փոխվել ու չի փոխվելու»,- ընդգծեց փոխքաղաքապետը:
Ինչ վերաբերվում է նրան, որ քաղաքապետարանի աշխատակիցների վերապատրաստման համար 159 մլն դրամ է նախատեսվել, նա ասաց. «Երբ մենք պլանավորում ենք 159 մլն վերապատրաստման ֆոնդ, և դա ներկայացվում է որպես անգլերենի ուսուցման ծախս, սա այնքան էլ բարեխիղճ չէ: Այդ միջոցները պետք է ծառայեն աշխատակիցների աշխատանքային որակական հատկանիշների բարձրացմանը, դրա մեջ մտնում են առնվազն 22 ոլորտի նեղ մասնագիտական կարողություններ: Մենք չենք կարող քաղաքը թողնել այսպես՝ վատ վիճակում: Այն աշխատանքը, որն իրականացվում է այսօր, մեզ չի բավարարում: Մենք կարող ենք մեր դրած բարձր նշաձողին հասնել միայն բարձրակարգ որակավորում ունեցող անձնակազմով»,- հայտնեց Հայկ Սարգսյանը:
Քաղաքապետարանի աշխատակիցների պարգևավճարների ֆոնդի գրեթե կրկնակի ավելացման մասին փոխքաղաքապետն ասաց, որ դրա նպատակն աշխատակիցների մոտիվացիան բարձրացնելն է. «Պարգևավճարների նպատակը մեր այսօրվա քիչ աշխատավարձերը որոշ չափով բարձրացնելն է: Ինչու չենք անում աշխատավարձի բարձրացման ձևով, որովհետև դա օրենսդրական նորմատիվային գործընթաց է: Բացի այդ, պարգևատրման ֆոնդն ավելի ճկուն է: Երբ մարդը գիտի, որ բոլոր դեպքերում ամսվա վերջին ստանալու է իր X աշխատավարձը, սա որևէ մոտիվացման չի ծառայում: Մենք ժամանակավոր կիրառում ենք այս գործիքը: Եթե տեսնենք, որ այն չի բերում ցանկալի արդյունքի, այն կվերանայվի, իսկ աշխատավարձը հնարավոր չէ վերանայել»:
Հայկ Սարգսյանը նշեց, որ իրենք մեծ խմբով և ժամանակային մեծ ռեսուրսով աշխատում են տրանսպորտի ցանցի բարելավման ծրագրի վրա, որն իրենց համար իրականացրել է անգլիական WYG ընկերությունը:
«Ծրագիրն ավարտական փուլում է, սակայն մենք ավարտին չենք հասցնում, որովհետև որոշ դրույթներ մեզ համար ընդունելի չեն, և մենք բանակցում ենք այդ ընկերության հետ»,- ասաց նա:
Սարգսյանը տեղեկացրեց, որ վերջին անգամ, քաղաքապետի ներկայությամբ, ընկերության ներկայացուցիչների հետ հանդիպում տեղ է ունեցել նախորդ շաբաթ: «Հանդիպման արդյունքում եկել ենք եզրահանգման, որ ծրագրում կա վերանայումների և բարելավումների անհրաժեշտություն` կապված տոմսի սակագնի հաշվարկի հետ: Այս փուլում դեռ ծրագրի մշակման աշխատանքն ավարտված չէ, ու մենք չենք ստորագրում պայմանագիրը, քանի դեռ մեր նախանշված պայմանները, այդ թվում` սակագնի հաշվարկի մոդելը մեզ չեն հրամցվել այնքան պարզ ու մատչելի, որպեսզի կարողանանք գնահատել ստացված պրոդուկտը»,- ասաց փոխքաղաքապետը:
Հարցին` խոսքը նախորդ իշխանությունների մշակած ծրագրի մասի՞ն է, նոր ծրագիր չի՞ մշակվել, նա պատասխանեց. «Խոսքը մինչև մեր պատասխանատվությունը ստանձնելը գոյություն ունեցող ծրագրի մասին է»:
Այն հարցին, թե ծրագրի ստորագրումից հետո ինչքա՞ն ժամանակ կպահանջվի տրանսպորտային ցանցի բարելավման համար, փոխքաղաքապետը հստակ պատասխան չտվեց: «Ծրագրի ընդունմանը հաջորդում է ծրագրի մեկնարկային և գնահատման աշխատանքը, արժեքը: Դրան հաջորդում է ծրագրի` մրցույթի դրման գործընթացը: Մրցույթն առնվազն վեց ամիս կարող է տևել: Այս պրոցեսից հետո կսկսվեն մրցույթի հաղթողի հետ աշխատանքային բանակցային գործընթացները և այլն»,- ասաց նա:
Դիտարկմանը` նախորդ իշխանությունները վստահեցրել էին, որ տարեվերջին արդյուքններ կտեսնենք, Սարգսյանն արձագանքեց. «Հավաստիացնում եմ ձեզ` նույնիսկ եթե այս պահին ունենայինք պատրաստի ծրագիր, մեկ տարվա ընթացքում քաղաքի տրանսպորտային ցանցի հիմնովին վերափոխումը ֆանտաստիկ կլիներ: Մեկ տարում վերափոխել հնարավոր չէ»:
Երևանի փոխքաղաքապետն` անդրադառնալով հարցին` ինչո՞ւ են ավելացել քաղաքապետարանի աշխատակիցների արտասահմանյան գործուղումների ծախսերը, և արդյո՞ք դա չի առաջացնի երևանցիների դժգոհությունը, քանի որ նախկին իշխանությունների ամեն մի որոշումից նրանք դժգոհում էին:
«Ներկայացման և մատուցման խնդիր է: Այդ բյուջեն նախատեսված է Երևանի քաղաքապետի, ավագանու անդամների կողմից ինչպես քույր, այնպես էլ ոչ քույր քաղաքներ այցելությունների համար: Դրանց տակ հստակ դրված է ծրագիր, որևէ մեկը ինքնանպատակ չի գործուղվելու»,- նշեց փոխքաղաքապետը:
Հարցին` երևանցիներին հարցրե՞լ են դրա մասին, նա պատասխանեց, որ երևանցիներին հարցնելու ֆորմատը պահպանվել է` բյուջեն դրվել է հանրային քննարկման: «Թվով 40 հոգի, ցանկություն են հայտնել մասնակցել քննարկումներին: Այդ հանդիպման ժամանակ բոլոր հարցերը բարձրացվել են, այլ ֆորմատ, քան քաղաքացիների կարծիքը հարցնելու հանրային քննարկումներն են, հորինված չէ»:
Անդրադառնալով նրան, որ Երևանի 2019-ի բյուջեով նախատեսվում է բարձրացնել տեղական տուրքերը և վճարները, Հայկ Սարգսյանը նշեց, որ պարզելու համար, թե այդ փոփոխությունն ինչ բեռ կարող է առաջացնել փոքր բիզնեսի վրա, իրենք վերցրել են որպես հաշվարկի բազա քաղաքում ամենափոքր, մեկ լցակետ ունեցող, տնտեսապես ամենավատ գոտում գտնվող բենզալցակայանի շրջանառության տվյալներ. «Միջին օրական վաճառքը նման բենզալցակայանում կազմում է 400-500 լիտր: Պարզ թվաբանական հաշվարկով եթե ավելի 250 հազար դրամը բաժանում ենք օրական ծավալի վրա, դա 1.37 դրամ 1 լիտրի վրա բեռ է առաջացնում՝ 450, 430, 420 գնի պայմաններում»,- ասաց նա՝ հավելելով. «Մինչդեռ, փոքր և մեծ վառելիքի լիցքավորման կետերում տուրքերը ավելացել են նույն չափով. «Այո, այստեղ կա անհամաչափ բաշխում, բայց դա Երևանի լիազորությունների տիրույթում չէ և այդ բաշխումն օրենքով է՝ միանման տուրք թե' փոքրի, թե՛ մեծի համար»:
Փոխքաղաքապետը վստահեցրեց, որ որևէ բենզալցակայան չի ունենա գնի այնպիսի տատանում, որը կբերի բիզնեսի խաթարմանը: Ըստ նրա՝ այն բեռը, որը ենթադրում է սահմանաչափերի բարձրացում, աննշան փոփոխություն է առաջացնելու բիզնեսների համար:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը