Գազի գնի փոփոխություն լինելու է: Այս մասին դեկտեմբերի 21-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց քաղաքագետ, միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը: Նա հիշեցրեց, որ նախկինում գազի սակագնի բարձրացում Հայաստանում տեղի էր ունենում ձմռան ամիսներից հետո, և դրանից առաջ երկրի ղեկավարները գնում էին Մոսկվա, և որոշում էր կայացվում 2-3 ամսով հետաձգել գազի թանկացումը:
«Չեմ բացառում, որ սա այդ սցենարներից մեկն է, կրկնվող սցենար է, և վարչապետի պաշտոնակատարը մի քանի օրից կմեկնի Մոսկվա ու կխնդրի գազի գնի վերանայում կամ ժամկետի հետաձգում, իսկ ռուսական կողմը կհամաձայնի՞, թե՞ ոչ, դժվարանում եմ ասել: Բայց նախորդ բոլոր դեպքերում, երբ գազի գին է բարձրացել, հենց այսպես է եղել: Հիմա մի քանի օր սպասենք, հասկանանք՝ գազի գնի թեման ի՞նչ է լինում»,- նշեց քաղաքագետը:
Հանդիպմանը ներկա Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի ղեկավար, ՀՀ նախագահի խորհրդական Թևան Պողոսյանն իր հերթին նշեց, որ գիտեինք` պայմանագիրը երբ է ավարտվում, ուստի պարզ էր, որ դիմացինը մինչ այդ առաջարկ է անելու, որը կարող է լինել երեք տարբերակով` շարունակում ենք նույն ձևով, բարձրացնում ենք գինը կամ նվազեցնում»:
Բանախոսներն անդրադարձան նաև ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի խնդրին: Մասնավորապես երկուսն էլ համոզված են, որ ՀՀ-ին չի հաջողվելու պահել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հաստիքը։
Ինչ վերաբերում է հարցին՝ կարելի՞ է սա դիվանագիտական պարտություն համարել, Սուրեն Սարգսյանը նշեց, թե անկախ ՀԱՊԿ կառույցի նկատմամբ ունեցած վերաբերմունքից, պետք է արձանագրել, որ միջազգային կազմակերպությունում պետությունը կորցրեց իր ազդեցությունը։ Իսկ Թևան Պողոսյանը հորդորեց սա պարտության դաշտում չդիտարկել, այլ նոր հնարավորությունների արդյունավետ իրացում համարել։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը