Փաստաբան Նորայր Նորիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Պաշտպանության նախարարության կողմից վարվող կադրային քաղաքականությունն ուղղակի տարակուսանք է առաջացնում:
Մարդուն ուղարկել են Չինաստանի լավագույն ռազմաբժշկական բուհերից մեկում սովորելու:
Վերջինս 3 տարի սովորելուց հետո ստացել է սրտաբանի որակավորում, պատրաստ է և ունակ իրականացնելու սրտի բարդ վիրահատություններ: Այժմ վերադարձել է՝ ակնկալիքով, որ իր ստացած գիտելիքներին համարժեք նշանակում կստանա և կաշխատի:
Եվ ի՞նչ: Վերցրել ու նշանակել են հեռավոր հոսպիտալում որպես ընդունարանի պետ:
…Այսօր դիմել եմ պաշտպանության նախարարին՝ կից ներկայացնելով զինծառայողի կողմից նախարարին ուղղված զեկուցագիրը՝ իրեն զինված ուժերից արձակելու և պահեստազոր հաշվառման ուղարկելու մասին:
Պաշտպանության նախարարության կադրային քաղաքականությունը որոշող հարգարժա՛ն սպաներ, վերանայե՛ք Ձեր վարքագիծը:
Մարդկային ճակատագրերին Ձեր՝ մատների արանքով նայելու տխուր ձեռագրով մենք անվերադարձ կորցնում ենք մեր լավագույն կադրերին, ինչն անխուսափելիորեն ազդում է բանակի մարտունակության վրա»:
Նարինե Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Տոնածառը, ծառայողական մեքենաները, մեծաթիվ ուղևորությունները պետության հաշվին, թանկարժեք և ծախսատար մեծաթիվ ծառայողական մեքենաները, դրանց վառելիքի ծախսերը կվճարի աղքատ պետությունը և ես՝ դասախոսական իմ աշխատավարձից, նաև դուք՝ ձեր աշխատավարձերից: Ձեր անձնական միջոցները ծախսեք, ի՞նչ եք պետբյուջեն մսխում: Այս ի՞նչ անարդյունավետ, ահռելի ծախսեր են աղքատ, պարտքերի մեջ խրված, կրկնակի շրջափակման ենթարկված պետության մեջ»:
Քաղաքագետ Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Իշխանության զարմանքները
Վերջին մի քանի օրերին ՀՀ իշխանությունների գործելաոճը բավականին զարմանքների պատճառ դարձավ…
Նախ, պարզվում է, որ հետհեղափոխական ԱԳՆ-ն նույն աշխատաոճն է ընտրել, ինչ նախահեղափոխականը՝ լռակյաց դիվանագիտություն… ՀՀ ԱԳՆ-ն ընդամենն արձագանքողի դերում է… Հայաստանի արտաքին հարաբերություններին վերաբերող կարևոր տեղեկությունները, ինչպես միշտ, շատ դեպքերում, մենք իմանում ենք Մոսկվայից, Բաքվից կամ այլ մայրաքաղաքներից… Իսկ պաշտոնական Երևանն ընդամենը լղոզված արձագանքում է այդ ամենին, լինի դա ՌԴ ԱԳՆ ղեկավար Լավրովի հայտարարությունը՝ Հայաստանում արտասահմանցի զինծառայողների գտնվելու վերաբերյալ պայմանագիր ստորագրելուն, թե Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի լավատեսությանը՝ կապված ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի հետ հանդիպումից, երբ բոլորն էլ լավ գիտեն, թե ինչ է նշանակում, երբ թուրք-ազերին գոհ է մնում հայ պաշտոնյայի հետ հանդիպումից…
Զարմանք է հարուցում նաև ՀՀ վարչապետի մեղմ արձագանքը Բելառուսի նախագահի լկտի հայտարարություններին… Կցանկանայի, որ երկրի ներսում «սևերին» պատեպատ ծեփող և ասֆալտին փռող մեր վարչապետը նույնն էլ աներ արտաքին «սևերի» նկատմամբ… Սակայն, որքան հասկանում եմ, այդ ամենին հայ հասարակությունն ականատես չի լինելու…
Զարմանքների շարքը կրկին շարունակեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որը դեկտեմբերի 17-ին իրեն խորհրդական նշանակեց Արշակ Կարապետյանին՝ ՀՀ Զինված ուժերի Գլխավոր շտաբի հետախուզության վարչության նախկին պետին, որը 2016 թ-ի ապրիլյան պատերազմից առաջ որևէ տեղեկություն չի ունեցել ազերի-թուրքերի սպասվող հարձակման մասին…
Սույն անձին 2016 թ-ի ապրիլյան կարճատև պատերազմից հետո առաջինը “ցտեսություն” ասացին ԶՈՒ-ից և աքսորեցին Մոսկվա… Փաշինյանի նեղ շրջապատի կողմից սույն անձի «հանցագործությունները» փաստելուց հետո էլ ՀՀ վարչապետը վերջինիս նշանակում է իրեն խորհրդական… Հետաքրքիր է… Ի՞նչ ծառայությունների դիմաց է Կարապետյանը դարձել Փաշինյանի խորհրդական…
Զարմանալի է նաև այն, որ ՀՀ վարչապետ Ն. Փաշինյանը Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման ժամանակ ձեռք բերված համաձայնությունների մասին կարծիք է հայտնում՝ մեջբերելով Բաքվի դիրքորոշումը…
Երբևէ որևէ մեկը տեսել է, որ պաշտոնական Բաքուն հայ-ադրբեջանական տարբեր մակարդակներին վերաբերող բանակցությունների մասին ճիշտ տեղեկատվություն տարածի… Պաշտոնական Բաքվի կարծիքը բարձրաձայնելը ամենամեծ սխալն է…
Ուրախ կլինեմ, որ այսուհետ մեր իշխանությունները մեզ զարմացնեն իրենց ձեռքբերումներով, հատկապես արտաքին քաղաքականության և երկրում սոցիալ-տնտեսական վիճակի շոշափելի բարելավման առումով… Իսկ այս շրջանում, շատ ուրախ կլինեմ, որ մեր իշխանությունները մեզ վերը նշված զարմանքներից զերծ պահեն…
Հ.Գ. Իր տարեվերջյան մամլո ասուլիսի ժամանակ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել է, որ հաջորդ շաբաթ Մոսկվայում հանդիպելու է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին… Այս անգամ ևս Հայաստանի վարչապետի արտասահմանյան այցի մասին մենք իմանում ենք արտասահմանից… Հուսանք՝ Փաշինյանը ևս մեզ պես նոր չիմացավ, որ Մոսկվա է այցելելու հաջորդ շաբաթ…»:
Նարեկ Մալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Այս գրառումը ուղղված է բացառապես իրավապահ համակարգի աշխատակից տղերքին։ Լուսանկարում քաղաքացիներ Մ. Ա., Գ.Ս., Ա.Մ. սելֆի են անում ՀՀ վարչապետի հետ։ Առաջին հայացքից սովորական նկար է, սակայն այս լուսանկարը խորհրդանշում է մեր պետության այսօրվա վիճակը։ Լուսանկարում բոլորը՝ բացի վարչապետից դատապարտված են ավազակային հարձակման հոդվածով (ռազբոյ), դուրս են եկել համաներումով և օրեր անց՝ դեկտեմբերի 1-ին Քաջարանում արդեն ակտիվ մասնակցում են Իմ Քայլը դաշինքի քարոզարշավին։
Համաներումը ընդհանուր առմամբ մարդասիրական ակտ է, չհաշված որ Փաշինյանի ձեռնարկած համաներման իմաստը ՊՊԾ գունդը գրաված, 3 ոստիկան սպանած, բանկոմատը թալանած խմբին ազատելն էր։ Ինչպես նաև կարելի է ասել, որ Փաշինյանը ՆԱԵՎ ավազակային հարձակում կատարած անձանց վարչապետն է և դա սխալ պնդում չի, սակայն բազմաթիվ իրողություններ համադրելով արդեն ցավով արձանագրում եմ, որ Փաշինյանը СУГУБО այս մարդկանց վարչապետն է… Ցավով եմ արձանագրում տղերք…»
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը