20 12 2018

Չի կարող որևէ բան լինել, որը կսպառնա Արցախի ժողովրդի ֆիզիկական անվտանգությանը. Աննա Նաղդալյան

Չի կարող որևէ բան լինել, որը կսպառնա Արցախի ժողովրդի ֆիզիկական անվտանգությանը. Աննա Նաղդալյան

ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանն այս տարվա մայիսից պաշտոնը ստանձնելուց հետո  ունեցել է 23 պաշտոնական և աշխատանքային այց, նաև  ՀՀ-ում  անցկացրել է մոտ 150 առանձին հանդիպում, 53-ը՝ արտաքին գործերի նախարարների հետ: Այս մասին դեկտեմբերի 20-ին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը:

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակը  շեշտեց, որ Հայաստանը մեծապես կարևորում է բազմակողմ հարթակները՝ մեջբերելով Զոհրաբ Մնացականյանի խոսքը, թե «աճող պոպուլիզմի և ծայրահեղականության ներկա մարտահրավերներն ընդգծում են առավել բազմակողմ հարթակ ունենալու հրամայականը»:

Անդրադառնալով  ԵԱՀԿ ՄԽ խմբի աջակցությամբ  Միլանում տեղի ունեցած` Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպմանը, Աննա Նաղդալյանը հիշեցրեց, որ դրա արդյունքում ընդունվել է հնգակողմ հայտարարություն, իսկ դրան հաջորդած նախարարական համաժողովում ելույթ ունենալիս Զոհրաբ Մնացականյանը նշել է՝ «խաղաղությանը նպաստող միջավայրը  էական նշանակություն ունի բանակցային գործընթացի համար», և որ այս առումով «նշանակալի ներդրում կլինի Դուշանբեում ձեռք բերված համաձայնության  և ավելի վաղ տեղի ունեցած  պայմանավորվածությունների իրագործումը»:

Նա նշեց, որ այն, ինչը ոմանց համար բիզնես է, մեր ժողովրդի համար մահացու գործիք է, և ՀՀ ԱԳՆ-ը մշտապես իր օրակարգում է պահում տարածաշրջանում սպառազինությունների մրցավազքի կանխարգելման օրակարգը: Հարցը բարձրացվում է տարբեր մակարդակներում՝ գործընկերների հետ հանդիպումներում և բազմակողմ հարթակներում: «Մեզ համար սկզբունքային դիրքորոշում է, որ սպառազինության մրցավազքը տարածաշրջանում պետք է կանխվի: Բայց մեր այս հայտարարությունը երբեք չպետք է շփոթել կարողությունների պակասի հետ: ՀՀ Զինված ուժերն ունի բարձր պատրաստվածություն, վճռականություն, ռազմատեխնիկական հագեցվածություն՝ երաշխավորելու Հայաստանի և Արցախի անվտանգությունը»,- ասաց նա: Ինչ վերաբերում է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի՝ Ադրբեջանին Ռուսաստանի կողմից զենք վաճառելու մասին հայտարարությանը, Աննա Նաղդալյանը նշեց, որ Բելառուսի նախագահի հայտարարություններին անդրադարձել են վարչապետի պաշտոնակատարը և նրա խոսնակը: «Նախարարը նշել է, որ զենքի վաճառքը և մատակարարումն ուղղակիորեն նպաստում է դրա կիրառմանը և կիրառման սպառնալիքին, և մասնակից պետություններն այս առումով պետք է վերանայեն իրենց գործելաոճը»,- հայտարարեց ԱԳՆ խոսնակը:

Անդրադառնալով կենսաբանական լաբորատորիաներին, խոսնակը նշեց, որ պետք է վերահաստատել, որ այդ լաբորատորիաները պատկանում են Հայաստանին «Լաբարատորիաները վերահսկվում են մեր կողմից, այդտեղ աշխատում են բացառապես հայ փորձագետներ: Դրանք ունեցել են և կունենան բացառապես քաղաքացիական բնույթ, և ռազմական ներկայության կարիք չկա»,- նշեց նա: Աննա Նաղդալյանը նաև ընդգծեց, որ ՀՀ-ն որևէ բանակցություն չի վարում իր տարածքում 3-րդ երկրի զինվորների տեղակայման մասին:

Հարցին, թե Մադրիդյան սկզբունքներն արդյոք մնո՞ւմ են օրակարգում, Աննա Նաղդալյանը հիշեցրեց, որ Հայաստանի դիրքորոշման համաձայն՝ բանակցությունները պետք է շարունակվեն ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում, բացառապես խաղաղ ճանապարհով, իսկ առաջնահերթությունը Արցախի անվտանգությունն ու կարգավիճակն են, ինչպես նաև երկարաժամկետ խաղաղության հաստատման մեջ Արցախի վճռորոշ ձայնը: «ԱԳ նախարարները պայմանավորվել են պահպանել հանդիպումների դինամիկան, և բոլոր հանդիպումներից հետո մենք հստակ ներկայացրել ենք արդյունքներն ու պայմանավորվածությունները»,- նշեց ԱԳՆ քարտուղարը:

Պատասխանելով այն հստակեցնող հարցին, թե կարգավիճակը կարելի է տարբեր կերպ հասկանալ, եւ ասվածից արդյոք հետևո՞ւմ է, որ ինքնորոշման իրավունքը երկրորդ պլան է մղվել, Աննա Նաղդալյանը շեշտեց, որ չի կարող որևէ բան լինել, որը կսպառնա Արցախի ժողովրդի  ֆիզիկական անվտանգությանը:

Մեկնաբանելով հայկական լրատվամիջոցներում իրարանցում առաջացրած Միլանում հանդիպման արդյունքների վերաբերյալ Ադրբեջանի ԱԳ նախարարի հայտարարությունը՝ Աննա Նաղդալյանը հիշեցրեց, որ այն ամենը, ինչի մասին Մամեդյարովը հայտարարել է դեկտեմբերի 19-ին, Զոհրաբ Մնացականյանն ասել է դեռևս դեկտեմբերի 6-ին՝ հանդիպումից հետո. խոսքը վերաբերել է հանդիպումների դինամիկայի շարունակման մասին փոխըմբռնման հասնելուն եւ հնգակողմ հայտարարության տեքստի համաձայնեցմանը:

ԱԳՆ մամուլի քարտուղարը հիշեցրեց, որ Հայաստանում բազմիցս են խոսել բանակցությունների առաջմղման համար մթնոլորտի ստեղծման անհրաժեշտության մասին: Ինչպես նաեւ պայմանավորվածությունների կատարման, ռազմատենչ հայտարարություններից հրաժարվելու անհրաժեշտության մասին: Լավ է, որ Ադրբեջանից առաջին անգամ նման մի բան հնչեց, հավելեց Նաղդալյանը:

Ինչ վերաբերում է Ղազախի և Աղստեւի տեղամասերում բանակային ստորաբաժանումները սահմանապահ ուժերով փոխարինելու Ադրբեջանի իշխանությունների որոշմանը, ապա ԱԳՆ-ում կարծում են, որ առայժմ վաղ է գնահատական տալ:

Պատասխանելով հարցին այն մասին, թե նախօրեին հայտնի դարձավ, որ Ղրղզստանը ՀԱՊԿ-ում կաջակցի Բելառուսի թեկնածությանը, Նաղդալյանն ասաց, որ վերջնական որոշում դեռ չկա, հետևաբար, անհնար է առանձին անձանց վերաբերյալ կարծիք հայտնել:

Ինչ վերաբերում է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում հավանական թեկնածու, Բելառուի Անվտանգության քարտուղար Ստանիսլավ Զասի այցին Երևան, ապա ԱԳՆ-ն հայտնեց, որ այս պահին նման այց չի նախատեսվում: Ինչ վերաբերում է ԱԳՆ նախարարի տեղակալ Կարեն Նազարյանի` Վատիկանում ՀՀ դեսպան նշանակվելու մասին տեղեկությանը, Աննա Նաղդալյանը պատասխանեց. «Դեսպանների փոփոխումը՝ հետկանչը, նշանակումը բնականոն բնույթ է կրում նախարարությունում: Դեսպանների նշանակման կարգը տեղի է ունենում ՀՀ սահամանադրության հիման վրա և դիվանագիտական ծառայության մասին օրենքի շրջանակներում: Մինչև գործընթացի ավարտը մենք դեսպանների մասին նշանակման վերաբերյալ որևէ մեկնաբանություն հրապարակային չենք տալիս»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ