18 12 2018

ՀՀ-ՌԴ պայմանագրի վերաբերյալ մտահոգություններն անհիմն են․ փորձագետ․ 168․am

ՀՀ-ՌԴ պայմանագրի վերաբերյալ մտահոգություններն անհիմն են․ փորձագետ․ 168․am

168․am-ը գրում է․ «Եթե հայկական կողմը սրան դեմ լիներ, սրանում ինքնիշխանության նսեմացում դիտարկեր, վստահաբար չէր համաձայնի»,- այս մասին մեզ հետ զրույցում ասաց ռուս ռազմական փորձագետ Պավել Ֆելգենգաուերը՝ անդրադառնալով դեկտեմբերի 17-ին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի կողմից շրջանառության մեջ դրված տեղեկությանն այն մասին, թե Հայաստանն ու Ռուսաստանը Հայաստանում ամերիկյան կենսաբանական լաբորատորիաների գործունեության թափանցիկությունն ապահովող, այդ թվում՝ այդ լաբորատորիաների տարածքում արտասահմանյան զինվորականների ներկայությունը բացառող պայմանագիր են մշակում։

«Եթե չեմ սխալվում, նոր իշխանությունների օրոք ռուսական կողմը ստացավ համաձայնություն Հայաստանի իշխանություններից՝ ուսումնասիրել այդ օբյեկտների գործունեությունը, համոզվելու համար՝ կա՞ն վտանգներ Ռուսաստանի համար, թե՞ ոչ։ Այսինքն՝ հայկական կողմը բաց է այս հարցում, և, ամենայն հավանականությամբ, նման պայմանագրի հիմքերը դրվել են ոչ շատ վաղ ժամանակաշրջանում։ Սրանում չկան այդ լաբորատորիաների գործունեությունը սահմանափակող դրույթներ, խոսքը ռազմական ներկայության և թափանցիկության մասին է, այսինքն՝ ժամանակ առ ժամանակ կլինի հասանելիություն։ Եթե հայկական կողմը սրան դեմ լիներ, սրանում ինքնիշխանության նսեմացում դիտարկեր, վստահաբար չէր համաձայնի, քանի որ ՀՀ ներկայիս իշխանությունները հաճախ են խոսում ինքնիշխանության կարևորությունից։

Բայց իմ տպավորությամբ, այս պայմանագրով պետք է ամրապնդվի դրանց ներկայիս կարգավիճակը, որ փոփոխություններ չեն լինելու՝ ռազմական ներկայության և այլ վտանգների տեսքով։ Սակայն դրանք հնարավոր են՝ հաշվի առնելով ՌԴ-Արևմուտք հակամարտությունը։ Այսինքն՝ ռուսական կողմի մոտիվացիան իրեն երաշխավորելն է հնարավոր խնդիրներից և մտահոգություններից։ Պայմանագրի բովանդակությանը մենք ծանոթ չենք, բայց հայտարարություններից կարող են ենթադրել հնարավոր բովանդակությունը, որը որևէ վտանգ չի պարունակում»,- ասաց Ֆելգենգաուերը։

Դիտարկմանը, որ, եթե կա դրանց հասանելիություն ռուսական կողմի համար, ինչո՞ւ ամրագրել այն պայմանագրով, Ֆելգենգաուերն ասաց, որ երևի թե կա մտայնություն, որ այսօր կա հասանելիություն, իսկ վաղը չի կարող լինել։ «Հայկական կողմն էլ, ելնելով դաշնակցային համերաշխությունից, փորձում է նման պայմանագրով վերջնականապես վերացնել այս մտահոգությունները։ Այնուամենայնիվ այստեղ ինքնիշխանության կորուստ կամ նսեմացում չի դիտարկվում, այս պայմանագիրը կազմվում է համատեղ համաձայնությամբ։ Դատելով ՀՀ կառավարության վերջին ամիսների դիրքորոշումից այս հարցում, կողմերի մոտեցումները համահունչ են, չկա որևէ խնդիր։ Այսինքն՝ հայաստանյան մտահոգություններն անհիմն են»,- ասաց Ֆելգենգաուերը»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք 168․am-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ