168.am-ը գրում է․ «Դեկտեմբերի 13-ին կայացավ հետընտրական Հայաստանի կառավարության առաջին նիստը, որը երկշաբաթյա դադարից հետո վարեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը: Վերջինս թեև նոր է վերադարձել արձակուրդից, սակայն, ինչպես երևում է՝ ընդհանրապես չի հանգստացել, ընդհակառակը, ավելի ագրեսիվ է դարձել: Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը սկսեց մեղադրել կառավարության որոշ անդամներին իր հանձնարարականները չկատարելու համար:
Փաշինյանի այդ ոճն ակամայից հիշեցնում է ԱՊՀ իր գործընկերներից մեկին: Օրեր առաջ Սանկտ Պետերբուրգ մեկնելուց առաջ Փաշինյանը խոստացել էր բացատրություններ պահանջել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյից, բայց, ինչպես երևում է, բացատրություն պահանջելու փոխարեն, Փաշինյանը «Բատկա»-ից խորհուրդներ է հարցրել, թե ինչպես ինքնահաստատվել՝ սեփական կադրերին ցեխը շպրտելով: Դե Լուկաշենկոն դրա մեծ վարպետն է, և ամեն ամիս ժողովրդի համար նման տեսարաններ է կազմակերպում՝ այցելելով այս կամ այն գերատեսչություն կամ ձեռնարկություն, տեղում ձերբակալելով, քննադատելով իր իսկ նշանակած կադրերին: Նման տեսանյութերը լիքն են համացանցում:
Գալով արդեն բուն խնդրին, որ որոշ նախարարներ չեն կատարել վարչապետի հանձնարարականները, պետք է փաստենք, որ դրա հիմքերը գալիս են հենց Փաշինյանից: Գիտե՞ք ինչու չեն կատարել, որովհետև այդ պաշտոնյաները տեսել են, որ երկրի համար կարևոր այս պահին, երբ անգամ հասարակ ՊՈԱԿ-ների տնօրենները տարեկան հաշվետվություններ ու գալիք տարվա ծրագրեր կազմելու նպատակով գիշեր-ցերեկ աշխատավայրերում են անցկացնում, նորին մեծություն վարչապետն իր կուսակցության շահը և ընտրություններում մի քանի ձայն ավել տանելը գերադասում է պետական հարցերից և 2 շաբաթով արձակուրդ է գնում՝ երկրի ղեկավարումը թողնելով մի խումբ թրաշամանուկների հույսին:
Իսկ եթե ղեկավարն այդպես է մտածում, ապա ինչո՞ւ պետք է նրա ենթականերն իրենց կոտորեն, առանց այն էլ լավ հարմարվել են՝ տաքուկ սենյակներ, ծառայողական ավտոմեքենաներ և այլն, իսկ պետության գործերը հետո էլ կանեն, կամ էլ Տիգրան Ավինյանի պես՝ կգան կառավարության նիստի, ու տեղում աշխատելու իմիտացիա կստեղծեն. ինչո՞ւ աշխատել, եթե, միևնույն է՝ ժողովուրդը դեռ հավատում է ամեն ինչին»։
Նյութն ամբողջությամբ կարացեք 168․am-ում
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը