Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն դեկտեմբերի 14-ին ռուսական ԶԼՄ-ների հետ հանդիպման ժամանակ ասել է, որ ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցում «շիլաշփոթ» է ստեղծել. հայտնում է sputnik.by-ը:
Լուկաշենկոյի խոսքով` երբ Փաշինյանն իրեն է զանգահարել, ինքը հարցրել է՝ ինչո՞ւ է նա Խաչատուրովին քաղաքական դրդապատճառներով կալանավորել և ասել է, որ չի աջակցում քաղաքական դրդապատճառներով ձերբակալություններին:
Բելառուսի նախագահը նաև մանրամասնել է, թե ինչ են քննարկել Սանկտ Պետերբուրգում փակ դռների հետևում: Նրա խոսքով` Ռուսաստանի, և Ղազախստանի նախագահները Փաշինյանին մեկ հարց են տվել՝ ինչո՞ւ չի զանգահարել ու չի խորհրդակցել կարևոր որոշում կայացնելուց առաջ: «Չէ՞ որ խնդիրը ստեղծել է Փաշինյանը, ոչ թե մենք»,- ասել է Լուկաշենկոն:
Բելոռուսի նախագահը հավելել է, որ Հայաստանի իշխանություններն այս հարցում պետք է զիջեն մյուս անդամ երկրներին, քանի որ «հենց նրանք են ՀԱՊԿ-ին ներքաշել իրենց ներքաղաքական խնդիրների մեջ» : Նա նաև նշել է, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնի համար իր առաջադրած թեկնածուն՝ Զասը, կայցելի կազմակերպության անդամ բոլոր երկրներ, այդ թվում՝ Հայաստան: «Կարող եք չհամաձայնել նրա թեկնածությանը, կարող եք հետևել ձեր սկզբունքներին, բայց պետք է խոսեք նրա հետ: Գուցե նա ձեզ համար ավելի լավը լինի, քան ցանկացած հայ: Ինչո՞ւ եք վախենում բելառուսներից, չէ՞ որ մենք յուրային ենք»,- ասել է նա՝ ավելացնելով, որ ներողություն է խնդրել Փաշինյանից ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնի շուրջ վեճի համար:
Անդրադառնալով Ադրբեջանին զենք վաճառելուն Լուկաշենկոն ասել է, որ չպետք է հանդիմանել, որ Ադրբեջանին զենք են վաճառում:
Նրա խոսքով՝ «Պոլոնեզ» հրթիռային համալիրների փորձակմանը Բելառուս է հրավիրել թե՛ հայերին, թե՛ ադրբեջանցիներին, թե՛ ռուսներին, և նրանք հնարավորություն ունեին համոզվելու, որ դա իսկապես բարձր ճշգրտության զենք է:
«Ադրբեջանցիները խնդրել են վաճառել, իսկ մենք պետք է դրա համար վերցրած վարկը վերադարձնենք: Եվ ես այդ ժամանակ ասացի, որ ադրբեջանցիներին կվաճառեմ: Հայերին էլ առաջարկեցի համանման համալիր: Հայերը հրաժարվեցին՝ վկայակոչելով այն, որ ռուսական «Իսկանդեր» ունեն, այն շքերթի ժամանակ ցուցադրել են: Եվ մենք ադրբեջանցիների խնդրանքով նրանց համար համալիրը հասցրեցինք պատրաստել շքերթին»: Բելառուսի նախագահն ասել է նաև, որ անկախ ամեն ինչից, ինքը լավ է վերաբերվում բոլոր երկրներին, այդ թվում՝ Հայաստանին և հայերին:
Ալեքսանդր Լուկաշենկոն նաև հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցը քննարկվել է Երևանում ՀԱՊԿ գագաթնաժողովներից մեկի ժամանակ, երբ Հայաստանի նախագահն էր Սերժ Սարգսյանը: Լուկաշենկոն Հայաստանին և Ադրբեջանին կոչ է արել միասին լուծել խնդիրը՝ փոխզիջումների գնալով:
«Բացահայտ ասացի՝ նրանք ասում են օկուպացված 7 շրջաններ: Եվ մենք Պուտինի հետ առաջարկեցինք՝ Սերժ, հանձնիր 5 շրջանները: Իսկ նա պատասխանեց. «Եթե վերադարձնեմ, նրանք ճանապարհը կկտրեն, կգրավեն Ղարաբաղը և այլն»։ Իսկ մենք Պուտինի հետ խոստացանք, որ զորքեր կմտցնենք և դա թույլ չենք տա: Իսկ նա հրաժարվեց»,- ասել է Լուկաշենկոն:
Բելառուսի նախագահը նաև նշել է, որ դա իր համար զարմանալի է: «Ինչո՞ւ չեն ցանկանում վերադարձնել 5 շրջանները: Դատարկ են այդ շրջանները: Դա առաջին քայլն է, և այդ դեպքում Ադրբեջանը ևս կլիներ ՀԱՊԿ-ում և ԵԱՏՄ-ում: Եվ դա պայման է, որպեսզի Ադրբեջանն անդամակցի այդ կազմակերպություններին»,- հավելել է նա:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը