14 12 2018

Ստանիսլավ Զասի՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում լինելը Հայաստանի համար դրական փաստ չէ. փորձագետ

Ստանիսլավ Զասի՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում լինելը Հայաստանի համար դրական փաստ չէ. փորձագետ

Աստանայում Բելառուսի անվտանգության խորհրդի պետքարտուղար, գեներալ-լեյտենանտ Ստանիսլավ Զասի հետ հանդիպման ժամանակ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևն իր աջակցությունն է հայտնել նրան՝  որպես ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնի թեկնածու, հայտնում է ՌԻԱ «Նովոստի» գործակալությունը:

«Դուք զինվորական եք և համապատասխան կրթություն ունեք: Աշխատել եք գլխավոր շտաբում, Բելառուսի Հանրապետության անվտանգության խորհրդում: Դուք ծանոթ եք ՀԱՊԿ-ի աշխատանքին, մասնակցել եք տարբեր հանդիպումների և համաժողովների: Մենք ձեզ կաջակցենք»,- ասել է  Ղազախստանի նախագահը:

Ռազմական փորձագետ Վան Համբարձումյանը լրագրողների հետ զրույցում վստահեցրեց, որ Ստանիսլավ Զասի՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում լինելը Հայաստանի համար, մեղմ ասած, դրական փաստ չէ: 

«Զասն ավարտել է Բաքվի բարձրագույն համազորային հրամանատարական ուսումնարանը: Նա ադրբեջանամետ գործիչ է, ընկերական կապեր ունի Իլհամ Ալիևի հետ: Ավելին` այն մարդն է, որի միջնորդությամբ, ավելի ճիշտ՝ նախաձեռնությամբ է տեղի ունեցել  Ադրբեջանին բելառուսական  «Պոլոնեզ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգի վաճառքի գործարքը: Մինչ գործարքի կնքումը, նա 4 օր եղել է Բաքվում: Բելառուսի նախագահը չի ցանկացել վաճառել իրենց այդ մահացու զինատեսակը որևէ երկրի, սակայն Ստանիսլավ Զասը մեծ հեղինակություն ունի Լուկաշենկոյի մոտ և կարողացել է համոզել նրան: Նման մարդու՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում նշանակվելը վտանգավոր է Հայաստանի համար կամ առնվազն որևէ լավ բանի չի հանգեցնի»,- ասաց ռազմական փորձագետը:

Անդրադաձնալով հայ-ռուսական հարաբերություններին փարձագետը նշեց, որ նախկինում հարաբերությունները բոլորովին այլ մակարդակի էին, հիմա՝ այլ: «Ժամանակին ռուսական կողմը մեծ ճնշումների միջով է անցել, երբ Հայաստանին «Իսկանդեր»-ի մատակարարման հարցն  էր լուծում»,- ասաց ռազմական փորձագետը:

Ըստ նրա` նախ` մեծ աղմուկ բարձրացրեց Ադրբեջանը, ապա` Թուրքիան, որովհետև Թուրքիայի համար էլ է դա վտանգ ներկայացնում, բայց ՌԴ-ն, վստահելով հայկական կողմին,  վաճառեց «Իսկանդեր»-ը, որն այն զինատեսակն է, որ շատ երկրներ երազում էին ձեռք բերել, բայց Ռուսաստանը Հայաստանին տվեց, երբ անգամ Ասադին է մերժել: Իսկ հիմա` մայիսից  սպառազինություն չի մտել Հայաստան: Ռուսական կողմն այսօր վստահություն չունի մեր հանդեպ: Նայեք՝ Պուտինը մինչ օրս Փաշինյանին չի շնորհավորել, երբ անգամ Քոչարյանի ծնունդ է շնորհավորել»,- շեշտեց փորձագետը:

Նրա պնդմամբ` Բաքվի գնած բելառուսական «Պոլոնեզ»-ը որոշ դեպքերում իր բնութագրով գերազանցում է «Իսկանդեր»-ին: ««Պոլոնեզ»-ը միաժամանակ կարող է 8 թիրախ խոցել, իսկ «Իսկանդեր»-ն ունի 2 հրթիռ, որոնք արձակելուց հետո պիտի լիցքավորվի: Հակահրթիռային պաշտպանության համար ավելի հեշտ է պայքարել «Իսկանդերի» դեմ, քան «Պոլոնեզի», քանի որ այն նախատեսված չէ ռեակտիվ արկերի դեմ պայքարելու համար»,- ասաց Վան Համբարձումյանը:

Ինչ վերաբերում է Սու-30ՍՄ կործանիչների մատակարարմանը, փորձագետը շեշտեց, որ սրա շուրջ բանակցությունները սկսվել են դեռևս նախորդ իշխանությունների ժամանակ: Ըստ նրա՝ ռազմական նպատակահարմարության տեսանկյունից դրանց ձեռք բերումն անհիմն ծախս է: «Դա զուտ գովազդ է, ռազմական տեսանկյունից անիմաստ: Դրա փոխարեն կարելի էր ռուսական անօդաչու սարքեր գնել, ռադիոէլեկտրոնիկայի միջոցներ»:

Համբարձումյանը նաև նշեց, որ եթե Նիկոլ Փաշինյանի խոստացած հավելյալ 2.5 միլիարդ դոլարն առաջիկա հինգ տարում ներդրվի  ՀՀ ԶՈւ-ում և ճիշտ նպատակի համար ծախսվի, ապա Հայաստանին կհաջողվի ինչ-որ չափով սպառազինությունների  հավասարակշռությունը վերականգնել:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ