Politik.am-ը գրում է․ «Քննչական կոմիտեի ղեկավարի նախկին տեղակալ Վահագն Հարությունյանը, ով գտնվում է հետախուզման մեջ, երեկ լրատվամիջոցներից մեկին տված իր բացառիկ հարցազրույցում մի քանի կարևոր հայտարարություն արեց։ Մի կողմ թողնենք նրա դեմ հարուցված քրեական գործի վերաբերյալ իր հնչեցրած աղմկոտ գնահատականներն ու անդրադառնանք նրա կողմից հիշատակված մի կարևոր հանգամանքի։
Վահագն Հարությունյանը արդարացիորեն նկատեց իր հարցազրույցում, թե ինչու ՀՔԾ ներկա ղեկավար Սասուն Խաչատրյանը, իր մեկնաբանությամբ՝ «Սուպեր Սասունը», իր դատախազ աշխատած տարիներին չէր խոսում սահմանադրական կարգի տապալման և «Մարտի 1-ի» գործի կոծկման մասին։
Ուսումնասիրելով Խաչատրյանի կենսագրությունը՝ տեսնում ենք, որ նա «սահմանադրական կարգի տապալումից» առաջ ու հետո կարևորագույն պաշտոններ է զբաղեցրել։
Այսպես՝ Սասուն Խաչատրյանը 2000-2003 թվականները եղել է Մալաթիա-Սեբաստիա համայնքի դատախազության քննիչ, 2003-2008 թվականներին՝ Երևան քաղաքի դատախազության քննիչ, ավագ քննիչ, ավագ դատախազ, Շենգավիթ համայնքի դատախազի տեղակալ, 2008-2013 թվականներին՝ Երևան քաղաքի դատախազի տեղակալ, 2013-2014 թվականներին՝ Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազ, 2014-2016 թվականներին՝ Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատախազ, 2017-2018 թվականներին՝ ՀՀ գլխավոր դատախազության հատկապես կարևոր գործերի քննության նկատմամբ հսկողության վարչության պետի տեղակալ։
Ու այսքանից հետո հարց է առաջանում, թե իրեն գիտակ իրավաբան համարող անձը ինչպես է շարունակել աշխատել մի համակարգում, որը ձևավորվել է «սահմանադրական կարգի տապալման» արդյունքում, իսկ գուցե՞ սահմանադրական կարգ չի էլ տապալվել և «Սուպեր Սասունը» գործ է «կարում»։ Իսկ եթե, այնուամենայնիվ ,«սահմանադրական կարգ» տապալվել է, ապա պետք է Սասուն Խաչատրյանին հարցնել, թե ի՞նչ էր անում նա այդ համակարգում»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը