10 12 2018

Հայաստանը չի ձգտում դառնալ ՆԱՏՕ-ի անդամ. Նիկոլ Փաշինյան

Հայաստանը չի ձգտում դառնալ ՆԱՏՕ-ի անդամ. Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո արտասահմանյան լրատվամիջոցների հետ ունեցած հանդիպման ընթացքում նշել է՝ Հայաստանը չի ձգտում դառնալ ՆԱՏՕ-ի անդամ, գրում է ТАСС-ը։

Փաշինյանը հիշեցրել է, որ Հայաստանը հանդիսանում է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ: «Մենք ունենք հարաբերություններ ՆԱՏՕ-ի հետ, դրանք կապված են խաղաղապահ առաքելությունների հետ, այդ թվում՝  Կոսովոյում ու Աֆղանստանում, և մենք շարունակելու ենք մեր համագործակցությունը: Սակայն մենք չենք ձգտում դառնալ ՆԱՏՕ-ի անդամ»,- հայտարարել է ՀՀ վարչապետի պաշտոնակատարը:

Նա հավելել է, որ Հայաստանը շարունակում է իր գործընկերային հարաբերությունները և՛ Ռուսաստանի, և՛ Եվրամիության հետ, սակայն չի լինելու որևէ ուժի ազդեցության տակ:

Փաշինյանը նաև նշել է՝ Հայաստանը պատրաստ է Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատմանը, սակայն առանց Լեռնային Ղարաբաղի հետ կապված նախապայմանների։ 

Նրա խոսքերով՝ Երևանը պատրաստ է Թուրքիայի հետ ուղիղ հարաբերություններ հաստատել, առանց որեւէ նախապայմանների, և հուսով է, որ Թուրքիան նույնպես նման դիրքորոշում կունենա։ «Սակայն Թուրքիայի հետ հարաբերությունները կապված են Լեռնային Ղարաբաղի հարցի հետ, երրորդ երկրի հետ։ Նկատի ունեմ Ադրբեջանը»,- նշել է Փաշինյանը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ