10 12 2018
Սա պարտություն է, սակայն ոչ` մեր ընտրողների․ ՀՅԴ հայտարարությունը
Հայ Յեղափոխական դաշնակցությունը հայտարարություն է տարածել՝ կապված արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքների հետ․
«Արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքում Հայ Յեղափոխական Դաշնակցությունը ներկայացված չի լինի Հայաստանի Հանրապետության 7-րդ գումարման Ազգային Ժողովում:
Սա պարտություն է, սակայն ոչ` մեր ընտրողների: Եվ այս պարտության մեջ մենք տեսնում ենք հետևյալը.
- Ընտրողն այսօր իր ձայնը տվեց անհատին, ոչ գաղափարին ու ծրագրին,
- Ընտրության մասնակիցների մի ստվար զանգվածն այսօր կենտրոնացած է «ներքին թշնամու» կերպարի վրա ու ապշելու աստիճան անհոգ է արտաքին և ներքին վտանգներին հանդիման,
- Դաշնակցության մոտեցումներն այսօր ընկալվում են փոքրամասնության կողմից,
- Պատշաճորեն չի կարևորվում արցախյան գործոնը քաղաքական օրակարգում,
- Ձևավորվում է Ազգային ժողով` առանց հստակ գաղափարական և ազգային դիմագծի:
Այս կարճատև քարոզարշավը նաև կարևորվեց նրանով, որ մենք՝
- Ստացանք իրատեսական պատկերացում համակիրների այն բանակի մասին, որը կմասնակցի մեր պայքարին: Այդ բանակը փոքրաթիվ է, բայց փոխարենը իրական, նրա որոշումը հստակ է, ոչ մոդայիկ և թելադրված է միայն ու միայն ներքին համոզմամբ ու հստակ գիտակցությամբ: Ոչ մի անգիտակից քվե, ոչ մի պատահական մարդ:
- Կարողացանք բանավիճել, բարձրաձայնել մեր մտահոգությունները, հակադարձել վտանգավոր միտումներին, բերել մեր փաստարկները: Այս պահին մեր խոսքը լայն ընկալում չունեցավ ու թերագնահատվեց, սակայն մեզ հաջողվեց ցույց տալ իրավիճակն անտեսված կողմից, մտածելու ու վերլուծելու առիթ ստեղծել ու արթնացնել զգոնությունը: Ժամանակի ընթացքում անկողմնակալ, հայրենիքի ճակատագրով մտահոգ ու Արցախի հիմնախնդրի նշանակությունը ճիշտ պատկերացնող մեր քաղաքացիները կհամադրեն ամեն օր ստացվող նորությունները մեր հնչեցրած մտահոգությունների հետ և կգիտակցեն, թե ինչի մասին էինք խոսում, ահազանգում:
Մենք շնորհակալ ենք ՀՅԴ-ին կողմ քվեարկած քաղաքացիներին,
Մենք շնորհակալ ենք մեր երիտասարդներին՝
- անմնացորդ նվիրումի ու կրակոտ էներգիայի համար,
- մեր ընդհանուր գործի մեջ հոգի դնելու համար,
- հայության ամենաազգային և ամենապատասխանատու կազմակերպության հետ իրենց կյանքը կապելու համար:
Շնորհակալ ենք մեր շարքերին՝
- ամենօրյա հետևողական աշխատանքի,
- տարիներով ապացուցված հավատարմության,
- խստապահանջության, դիտողությունների, բայց և կարգապահության համար:
Փակվում է պատմության այս փուլը ու գալիս է նորը: Մենք մուտք ենք գործում այդ նոր պատմության մեջ համազգային կուռ կառույցով, ապագայի մեր երազանքով ու պայքարելու վճռականությամբ:
Հայ Յեղափոխական Դաշնակցություն
10 դեկտեմբեր 2018թ.»։
Հիշեցնենք, որ ընտրությունների արդյունքներով, ՀՅԴ-ն դուրս է մնում խորհրդարանից։