10 12 2018

Երևանի խոսքն ու գործը հակասում են իրար. Զատուլին

Երևանի խոսքն ու գործը հակասում են իրար. Զատուլին

Ռուսաստանի Դաշնության Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինը Комсомольская правда-ի հետ զրույցում անդրադարձել է ՀՀ-ում կատարվող իրադարձություններին:

Պատասխանելով ռուս-հայկական հարաբերությունների մասին հարցին` նա նշել է, որ  Երևանի խոսքն ու գործը հակասում են իրար. Փաշինյանի կառավարությունն ասում է, որ այդ հարաբերությունները դեռ երբեք այդքան լավ վիճակում չեn եղել և հետաքննություն է սկսում «Ռուսական երկաթուղիներ»-ի դեմ, խոսում են համագործակցության ամրապնդման և ՌԴ-ից ներդրումների հասնելու մասին և ՀՀ-ում «Գազպրոմի»-ի դեմ քրեական գործ հարուցում:

Խոսելով ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի գործի մասին` Զատուլինը նշել է, որ ՌԴ-ն, անկասկած, բացասական է գնահատում քաղաքական մոտիվներով հետապնդումները, ինչն անում են հաղթած հեղափոխականները:

Հարցին` մտավախություն չունի՞, որ ՀՀ նոր ղեկավարության օրոք երկիրը կդադարի ՌԴ-ի դաշնակիցը լինելուց և կդառնա ԱՄՆ-ի դաշնակիցը, Զատուլինն ասել է. «ՀՀ-ն բոլոր նախագահների օրոք փորձել է լավ հարաբերություններ ունենալ գերտերությունների հետ, հատկապես` ԱՄՆ-ի և Ֆրանսիայի: Մեր կողմից ազնիվ չէր լինի հակառակը պահանջել` հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՀՀ-ն թշնամական հարաբերություններ ունի իր երկու հարևանների հետ: Սակայն, եթե արդեն վերցրել ես ՀԱՊԿ-ի շրջանակում պարտավորածություններ, ապա պետք է երեք անգամ մտածես, նախքան այլ զենք գնելու երազանքների գիրկն ընկնելը, մանավանդ, որ ՌԴ-ն ռազմական տեխնիկա է մատակարարում գրեթե անվճար»:

Զատուլինը հավելել է, որ իրենք ուշադրություն են դարձրել այն հանգամանքին, որ ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը Երևանում վերջերս առաջարկեց հայկական իշխանություններին «փոխել պատմական առաջնահերթությունները», մոռանալ «պատմական նախապաշարումները»` հավանաբար նկատի ունենալով Ցեղասպանությունը: «Ինչ արած, ՀՀ-ի համար դա ընտրություն է` հրաժարվե՞լ նախնինների հիշողությունից և Ցեղասպանության զոհերից` հանուն ժամանակակից արտաքին քաղաքական կոնյունկտուրայի»,- եզրափակել է նա:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ