08 12 2018

Նիկոլ Փաշինյանը կկալանավորի՞ Լևոն Տեր-Պետրոսյանին․ 7or.am

Նիկոլ Փաշինյանը կկալանավորի՞ Լևոն Տեր-Պետրոսյանին․ 7or.am

Քոչարյանի գործի և կալանավորման իրավական կողմին անդրադառնալու իմաստ չկա, քանզի հայտնի գաղտնալսման հրապարակումից հետո թեման պետք է դիտարկել բացառապես քաղաքական դաշտում: Երբ ուժային կառույցները և դատարանները դառնում են քաղաքական վենդետայի գործիք, իրավաբանությունն իր տեղը զիջում է քաղաքականությանը, հոգեբանությանը, պատմությանը և էթիկային: Այս մասին գրում է 7or.am-ը։

Եթե Քոչարյանին մեղադրանք է առաջադրվում այն կանխավարկածից ելնելով, որ 2008-ի նախագահական ընտրությունները կեղծվել են, ապա այդ դեպքում պետք է սկսել հիմքից, այլապես կստացվի ընտրովի արդարադատություն: Իսկ կեղծիքի հիմքը դրվել է 1995-ի խորհրդարանական և 1996-ի նախագահական ընտրություններով:

Ընդ որում՝ 2008-ի ընտրությունների պահով այն ժամանակվա իշխանական թիմից որևէ մեկը չի ընդունում, որ եղել են կեղծիքներ և չկան փաստական ապացույցներ (իրավաբանության մեջ մարդկանց զգացողությունները և համակրանք-հակակրանքները հաշվի չեն առնվում, թեև շատերի կարծիքով Սերժ Սարգսյանը չի ընտրվել), ինչպես նաև չկան անհերքելի ապացույցներ, թե ինչպես են մարտի 1-ին զոհվել 10 մարդիկ, իսկ ահա 1996-ի իշխանությունների կարկառուն ներկայացուցիչների խոսքերը և խոստովանությունները ընտրակեղծիքների և սահմանադրական կարգի տապալման մասին կան: Այսինքն՝ եթե խոսքը սահմանադրական կարգը մի խումբ անձանց մասնակցությամբ բռնի տապալելու մասին է, ապա դա եղել է 1996-ին ու դա ապացուցված է հենց կատարողների խոստովանությամբ:

Այն ժամանակվա ամենակարող Պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանը Տեր-Պետրոսյանի հրամանով Երևան տանկեր մտցնելուց հետո հայտարարեց, որ եթե նույնիսկ Վազգեն Մանուկյանը 100 տոկոս ձայն հավաքեր, ապա ուժայինները նրան չէին ենթարկվելու, այսինքն՝ իշխանություն տվող չկար: Ուժայիններն այն ժամանակ, բացի Վազգեն Սարգսյանից, հանդիսանում էին Վանո Սիրադեղյանը (Ներքին գործերի նախարար) և Սերժ Սարգսյանը (Ազգային անվտանգության նախարար):

Վանո Սիրադեղյանն այն օրերին աղմուկ հանած «Արշալույսգեյթի» խնջույքի ժամանակ հայտարարում էր, որ հանուն իշխանության պահպանման գոնե մի 800 մարդ պետք էր սպանել, իսկ 1998-ի իշխանափոխությունից հետո խոստովանել է, որ 1996-ի ընտրությունները կեղծվել են, քանի որ ՀՀ 1-ին նախագահը, ըստ Վանո Սիրադեղյանի պատմածի, պատրաստ չէր ընտրությունների 2-րդ փուլին։

Հիմա եթե արդարություն են ուզում հաստատել, ուրեմն նախ պետք է սահմանադրական կարգի տապալման, այսինքն՝ 1996-ի գործը քննվի (գործի շրջանակներում կան հիմնական դերակատարների հրապարակային խոստովանությունները), հետո նոր քաղաքական ու իրավական առումներով հասկանանք, թե ինչ է եղել 2008-ին: Հակառակ դեպքում ստացվում է, որ այս տարվա ապրիլ-մայիսին տեղի է ունեցել ոչ թե թավշյա հեղափոխություն և քայլ դեպի նոր Հայաստան, այլ հին ուժերի ռևանշ՝ Նիկոլ Փաշինյանի միջոցով և ժողովրդական լայն զանգվածների օգտագործմամբ (չմոռանանք, որ Նիկոլ Փաշինյանի քաղաքական ու ֆինանսական «հայրերն» են եղել Լևոն Տեր-Պետրոսյանը և Վանո Սիրադեղյանը): Իսկ թե ինչ նպատակներ է բացի անձնական վրեժից հետապնդում այդ ռևանշը, կարելի է միայն կռահել՝ հաշվի առնելով, թե ինչպիսի տեսակետներ ունի Տեր-Պետրոսյանը Ղարաբաղի հարցով և ինչով է զբաղված այժմ Նիկոլ Փաշինյանը նույն այդ հարցով:

Վանոյի ասած՝ և ուրեմն, հարցերի հարցը մնում է հետևյալը՝ արդյոք 1995-1996-ի համար կալանավորվելո՞ւ է Տեր-Պետրոսյանը, թե՞ ոչ:

Նյութն ամբողջությամբ կարդացեք 7or.am-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ