05 12 2018

Փաշինյանի հետ 5 արտասահմանյան ուղևորություն` 7 ամսում

Փաշինյանի հետ 5 արտասահմանյան ուղևորություն` 7 ամսում

ՀՀ վարչապետի պաշտոնակատարի տիկին Աննա Հակոբյանի գրասենյակը ներկայացրել է Աննա Հակոբյանի իրականացրած աշխատանքների ամփոփ հաշվետվությունը:

Ինչպես տեղեկացնում են Աննա Հակոբյանի գրասենյակից, ՀՀ վարչապետի պաշտոնակատարի տիկին Աննա Հակոբյանը գործունեության յոթ ամսվա ընթացքում իրականացրել է հասարակական, առողջապահական, բարեգործական և մշակութային ուղղվածության մի շարք աշխատանքներ, որոնք ամփոփ կերպով ներկայացվում է սույն հաշվետվության մեջ:

Ըստ այդմ, տիկին Հակոբյանն ուղեկցել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին արտասահմանյան այցերի ժամանակ՝ Վրաստան (30.05.2018 – 31.05.2018թթ.), Ռուսաստանի Դաշնություն (13.06.2018 – 14.06.2018թթ.), Ֆրանսիայի Հանրապետություն՝ Շառլ Ազնավուրի հոգեհանգստի արարողությանը (05.10.2018 – 06.10.2018թթ.), Լիբանան (20.10.2018 – 21.10.2018թթ.) և Փարիզ (10.11.2018 – 11.11.2018թթ), տվել մի քանի տասնյակ հարցազրույցներ տեղական և միջազգային լրատվամիջոցներին, հանդիպել հայ մտավորականների, հասարակական ականավոր գործիչների, քաղաքացիների հետ:

Հունիսի 11-ին Աննա Հակոբյանը հանդես եկավ հորդորով՝ դատարկ բնակարանները ժամանակավորապես տրամադրել անապահով ընտանիքներին: «Սիրելի′ ժողովուրդ, Հայաստանում և այլ երկրներում բնակվող բարեսիրտ քաղաքացիներ, ես ամեն օր ստանում եմ սատարման տասնյակ խնդրագրեր, որոնց մի մասը հնարավոր է լուծել միայն բարի կամքի դրսևորման շնորհիվ: Այս առիթով դիմում եմ իմ այն հայրենակիցներին, որոնք Երևանում կամ Հայաստանի որևէ այլ բնակավայրում ունեն դատարկ բնակարաններ և պատրաստ են ժամանակավորապես՝ առնվազն մի քանի ամսով, տրամադրել սոցիալական խնդիրներ ունեցող ընտանիքների՝ ազատելով նրանց վարձ վճարելու բեռից: Չեմ խուսափի իմ անձնական երաշխիքը տալ, որ այդ հյուրընկալումը կլինի իսկապես ժամանակավոր, մինչև բնակարանն ազատելու՝ տանտիրոջ պահանջը»,- իր ելույթում ասել է Աննա Հակոբյանը: Այդ կոչին արձագանքել են բազմաթիվ մարդիկ և ներկա դրությամբ 5 ընտանիքներ անվարձահատույց ապահովվել են ժամանակավոր կացարաններով: Ընտանիքներից մեկն էլ այսօր բնակվում է վարչապետի բնակարանում: Բացի այդ, բիզնես ոլորտի գործընկերների շնորհիվ օգնություն է տրամադրվել 10 անապահով ընտանիքների մեկ տարվա բնակվարձի փոխհատուցման չափով: Ապագայում նախատեսվում է լուծել այս ընտանիքների մասնագիտության ստացման և աշխատանքի տեղավորման հարցերը:

Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողով

ՀՀ վարչապետի պաշտոնակատարի տիկին Աննա Հակոբյանն ակտիվ գործունեություն է կատարել Երևանում հոկտեմբերի 11-12-ին տեղի ունեցած Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովի ժամանակ: Բացի պաշտոնական հանդիպումներին մասնակցությունից, Աննա Հակոբյանը հոկտեմբերի 11-ին Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովի ընթացքում Ֆրանկոֆոնիայի մասնակից պետությունների ղեկավարների կանանց հետ այցելել է Մատենադարան:

Հոկտեմբերի 12-ին Ֆրանսիայի առաջին տիկին Բրիջիթ Մակրոնի և Ֆրանկոֆոնիայի մյուս կին հյուրերի հետ շրջել է Երևանում:

«City of smile» բարեգործական հիմնադրամ

«Ciy of smile» բարեգործական հիմնադրամի նպատակն է կոորդինացնել աշխատանքներն ու արդյունավետ կերպով, համատեղ ուժերով պայքարել մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների հետ կապված խնդիրների դեմ: Հիմնադրամի գործունեության մեկնարկը տրվել է հուլիսի 27-ին, մինչ օրս հիմնադրամի մուտքերը կազմել են 198 միլիոն դրամ. ցուցաբերվել է օժանդակություն քաղցկեղով հիվանդ 60 երեխայի և երիտասարդի:

Մայիսի 17-ին ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի նախաձեռնությամբ տեղի է ունեցել հրատապ աշխատանքային հանդիպում մանկական ուռուցքաբանության և արյունաբանության ոլորտի բարեգործական հիմնադրամների և մասնագետների մասնակցությամբ: Հանդիպման ընթացքում քննարկվել են մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների հետ կապված հիմնախնդիրները Հայաստանի Հանրապետությունում և դրանց լուծման կարճաժամկետ ու երկարաժամկետ ուղիները:

Մայիսի 22-ին ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի հրավերով տեղի է ունեցել մանկական ուռուցքաբանության եւ արյունաբանության ոլորտի բարեգործական հիմնադրամների եւ մասնագետների մասնակցությամբ երկրորդ հանդիպումը: Ներկաները վերահաստատել են պատրաստակամությունը՝ համախմբել բոլոր ուժերը և հնարավորությունները քաղցկեղով հիվանդ երեխաների բուժումը բնականոն շարունակելու համար: Այս նպատակով նախատեսվել է բարեգործական հիմնադրամների և ոլորտի մասնագետների մասնակցությամբ ստեղծել խոշոր հիմնադրամ` City of smile, որը կկոորդինացնի աշխատանքները և հանդես կգա խնդրով մտահոգ բոլոր մասնագետների, կազմակերպությունների և անհատների անունից: Այս առումով առաջարկ է եղել Աննա Հակոբյանին՝ ներգրավվել հոգաբարձուների խորհրդի կազմում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ