ՀԱՊԿ գագաթնաժողովը հետաձգվել է Հայաստանի խնդրանքով: Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը, գրում է РИА Новости-ն:
«Աստանայում կայացած հանդիպման ժամանակ առաջնորդները պամանավորվել են, որ հաջորդ հանդիպումը կլինի դեկտեմբերի 6-ին, սակայն, հաշվի առնելով մասնավորապես հայկական կողմի խնդրանքը, որը հղում էր արել նախընտրական արշավին, որը կավարտվի դեկտեմբերի 9-ին, որոշում կայացվեց ՀԱՊԿ գագաթնաժողով չանցկացնել»,- ասել է նա:
Հիշեցնենք, որ այդ հանդիպման ժամանակ պետք է որոշվեր ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցը:
ՀԱՊԿ նիստը հետաձգելու կապակցությամբ վարչապետի պաշտոնակատարի մամուլի խոսնակ Արման Եղոյանը պարզաբանել է․ «Հայաստանը հանդես չի եկել ՀԱՊԿ` դեկտեմբերի 6-ի գագաթնաժողովը հետաձգելու առաջարկով: Ամեն ինչ եղել է այնպես, ինչպես վարչապետի պաշտոնակատարը ներկայացրել է դեկտեմբերի 2-ին լրագրողների հետ զրույցում»։
Թեմային ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ գրելով․ «Նիկոլ Փաշինյանի հերթական սուտը շատ արագ բացահայտվեց: Օրերս նա հայտարարում էր, որ Ռուսաստանի նախագահ Պուտինը առաջարկել է իրեն հետաձգել ՀԱՊԿ գագաթնաժողովը Սակայն արդեն այսօր Վլադիմիր Պուտինի օգնական Յուրի Ուշակովը պաշտոնապես հայտնեց, որ ՀԱՊԿ գագաթնաժողովը հետաձգվել է Հայաստանի ղեկավարության խնդրանքով՝ հաշվի առնելով մեր ընտրությունները:
Ստի ոտքը կարճ է, ու հազարապատիկ ցավալի է, որ Նիկոլ Փաշինյանը նման էժան մանիպուլյացիաների է ենթարկում Հայաստանի արժանապատվությունն ու պետական շահը:
Այսպե՞ս եք երկիր ներկայացնում, պարոնայք»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը