Քաղաքական գործիչ, ԱԺ պատգամավորի ՀՀԿ թեկնածու Դավիթ Շահնազարյանը, նախապես տված խոստման համաձայն, մամուլի ասուլիս էր հրավիրել՝ բացահայտումներ անելու Արցախի հարցում ՀՀ իշխանության գործունեության վերաբերյալ։
Ասուլիսի առաջին կեսը ներկայացնում ենք առանց կրճատումների՝ ներկայացնելով նաև տեքստային հատվածներ նրա մտքերից։
Իշխանության գալուց կարճ ժամանակ անց մեղադրանք ներկայացվեց ՀԱՊԿ-ում գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին, և շատերին թվում էր, որ դա անփորձությունից է, սակայն ինձ համար դեռ այն ժամանակ ակնհայտ էր, որ սա քաղաքականության հեթական քայլերից էր:
Բոլոր հավաստիացումները, որ Հայաստանը կպաշտպանի այդ պաշտոնը, իշխանության կողմից ստեր էին, քանի որ վերջին հայտարարությունը, ըստ որի հետաձգվել է այդ հարցի քննարկումը, հետաձգվել է այն պատճառով, որ առայժմ համաձայնության չեն եկել, թե այդ պաշտոնում փոխարինելու է Բելառուսի ներկայացուցիչը, թե գործող տեղակալը:
Երբ եռանախագահները հունիսի 13-ին այցելեցին Հայաստան, դրանից հետո բառ անգամ չկա այդ մասին նրանց բոլոր հայտարարություններում: Օրակարգի նման կորուստը չափազանց լուրջ է, և կարծում եմ՝ արդեն անշրջելի կորուստ է հայկական կողմերի համար:
Ադրբեջանը տանում է բանակցություններ նմանատիպ փաստաթուղթ ստորագրելու վերաբերյալ, դրանք շատ մոտ են ավարտելուն, և ԵՄ բարձրաստիճան պաշտոնյանները հիմա ուղակի ասում են, որ այլ ձևակերպումներ են լինելու: Սա արդեն շատ մեծ կորուստ է և այս կառավարության ԵՄ հարաբերություններում խոշորագույն պարտություն:
Սեպտեմբերի 25-ին ՄԱԿ-ի ելույթից հետո երկու օր անց Դուշանբեում տեղի ունեցավ «պատմական» հանդիպումը, որից հետո հայտարարվեց իշխանությունների կողմից, որ պայմանավորվածություն է ձեռքբերվել, որ պետք է խստորեն պահպանվի հրադադարի ռեժիմը, օպերատիվ կապ հաստատվի: Թեև իշխանությունները ներկայացնում էին դա՝ որպես մեծագույն նվաճում, սակայն փաստերը հակառակն են ցույց տալիս:
Վերջերս հայտարարություն հնչեց Պաշտպանության նախարարության կողմից, որտեղ նշվեց, թե Ադրբեջանի դիրքերի առաջխաղացում կա, բայց չեզոք գոտու իրենց հատվածում: Առաջինը՝ չեզոք գոտի չկա, կա միջդիրքային տարածք, որը մայիսից սկսած էապես կրճատվել է:
Դուշանբեի հանդիպումից հետո այդ դիրքերը, որոնք առաջ էին տրվել, սեպտեմբերի 27-ից հետո ապահովվել են ճանապարհներով, որոնք ապահովելու են Ադրբեջանի այդ դիրքերի կենսունակությունը: Ահա թե ինչի համար էին այդ Դուշանբեի պայմանավորվածությունները:
Արցախի շփման գծում սեպտեմբերի 27-ից մեծ թափով Ադրբեջանն իրականացնում է շինարարական աշխատանքներ, բլուրների մեծ մասն արդեն պատրաստ է: Այդ բլուրները շփման գծի ամբողջ երկայնքով են, ավելի մեծ խտություն կա հարթավայրային ռելիեֆներում, 1300 մետր է շփման գծում, բարձրությունը 12-15 մետր է:
ԼՂ հակամարտության կոնտեքստում հաշվի առնելով, թե հայկական կողմերի քաղաքականությունը, որ հարձակում չի նախատեսվում, և Ադրբեջանի քաղաքականությունը, որը գիշեր-ցերեկ նոր պատերազմի մասին է խոսում, այսքան ծախսատար բլուրներն ունեն բացարձակապես հարձակվողական նշանակություն: Կիրթ մարդը, ինչպես Ալիևին համարել է գործող վարչապետի պաշտոնակատարը, շարունակում է հռետորաբանությունը, շարունակում է, ինչպես նախարարն է ասել, կառուցողական քաղաքականությունը:
Ադրբեջանը նախապատրաստում է հարձակում, Նիկոլ Փաշինյանը սկսել է քաղաքական հարձակում Արցախի ռազմական ղեկավարության վրա այս կողմից: Ես հեռու եմ այն մտքից, որ սա անփորձության հետևանք է, սա քաղաքականություն է, ինչի համար որոշ ուժեր նպաստել են, որ նա գա իշխանության:
Քաղաքականությունը, որը վարում է ներկա իշխանությունը Արցախի հարցում, հիմնված է մեկ բանի վրա՝ իշխանություն Արցախի փոխարեն։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը