Աշտարակում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախընտրական քարոզարշավին ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն ասաց, թե այս օրերին իրեն շատ մարդիկ են մոտենում օգնության համար։
«Մարդիկ հարցերով խնդրում են, սրտիցս արյուն ա գնում, որ անմիջապես լուծում տամ, բայց, գիտեմ՝ վաղը-մյուս օրը պետք է ասեն՝ Ծառուկյանը ընտրակաշառք տվեց, որ ձայն տան», - ասաց Գագիկ Ծառուկյանը։
Նա նշեց, թե ինքը ոչ մեկին չի ասում իրեն ձայն տան։ «Ում հավատում է, ում վստահում է ժողովուրդը, նրան էլ թող ձայն տա։ Ես ինչ արել եմ, ավելի շատ եմ անելու», - ասաց նա։
ԲՀԿ առաջնորդը ներողություն խնդրեց այն մարդկանցից, որոնց այս օրերին չի կարողացել օգնել։
«Ժողովուրդը ներող կլինի, խնդրեմ, դիմեք, ասեք, ընտրություններից հետո անպայման կկարգավորենք», - նշեց Գագիկ Ծառուկյանը։
Նա ժողովրդին կոչ արեց հույսով ու հավատով լինել։ «Մարդը, որ կոտրվեց, ապագա չկա, ամեն ինչ լավ է լինելու», - վստահեցրեց Գագիկ Ծառուկյանը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը