Ես չեմ ուզում ածականներ օգտագործել, բայց կարծում եմ, որ դա իմպուլսիվ հայտարարություն չէր, դա բավական լավ մշակված էքսպրոմտի տեսքով ներկայացված հայտարարություն էր: Այս մասին նոյեմբերի 30-ին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ համամասնական ցուցակում 2-րդ համարը զբաղեցնող Դավիթ Շահնազարյանը` անդրադառնալով վարչապետի պաշտոնակատար, «Իմ քայլը» դաշինքը գլխավորող Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը՝ ուղղված Արցախի իշխանություններին: Նրա դիտարկմամբ` Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը նույն շղթայից է, ինչ Սասուն Միքայելյանի կողմից արված հայտարարությունը:
Շահնազարյանը նկատեց, որ մինչև հիմա որևէ մեկը ոչ միայն Արցախի իշխանությունների, այլև քաղաքացու հետ նման տոնով չէր խոսել: «Արցախի իշխանություններն այդ թեթևամիտ և սադրիչ հայտարարություններին որևէ պատասխան չտվեցին, որովհետև Փաշինյանի այն փորձը, որ նա արդեն կատարում է իր թիմի հետ, նպատակաուղղված է ստեղծել հրապարակային հակադրություն Արցախի Հանրապետության իշխանությունների հետ։ Արցախի իշխանություններն, իհարկե, նման սադրանքի չեն տրվի, որովհետև ի տարբերություն Հայաստանում իշխող ներկայիս վարչախմբի՝ նրանք ունեն բարձր աստիճանի պատասխանատվություն»,-մանրամասնեց նա:
Անդրադառնալով վարչապետի հայտարարություններին, թե Շահնազարյանը Սերժ Սարգսյանի գլխավորությամբ տասը տարի վարել է Ղարաբաղը հանձնելու քաղաքականություն, Դավիթ Շահնազարյանն ասաց. «Նիկոլ Փաշինյանը փորձում է քաղաքական բանավեճը իջեցնել հայհոյանքի աստիճանի, դա շարքային սադրանք է, դա նրան չի հաջողվի։ Ես և իմ այսօրվա գործընկերները որևէ դեպքում չենք իջնի այդ մակարդակին: Այս հայտարարությունը մեկ անգամ ևս վկայեց, որ Նիկոլ Փաշինյանը բացարձակ հեռու է Արցախի հարցին տիրապետելուց: Եթե հիշում եք, նա հայտարարեց, որ Սերժ Սարգսյանի իշխանության ժամանակ ես եմ բանակցել, այնպես որ, անիմաստ հայտարարությունները մեկնաբանելու կարիք չունեմ։ Եթե ցանկանում են, ես նրանց հրավիրում եմ բանավեճի հենց Արցախի հարցով. Նիկոլ Փաշինյանին, արտգործնախարարին կամ որևէ մեկին, որը կհայտարարի, որ այդ հարցում ներկայացնում է ներկայիս կառավարությունը»,- ասաց նա:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը