ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, պատգամավորի թեկնածու Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան էջում լուսանկարներ է տեղադրել ու գրել, որ հերթական խախտումն է արձանագրել «Իմ քայլը» դաշինքի կողմից: «Նրանց թեկնածուները համատարած ոտնահարում են օրենքը՝ փակցնելով իրենց քարոզչական նյութերը տաքսիների վրա, ինչը արգելված է Ընտրական օրենսգրքով: Կոնկրետ այս նկարներում Նիկոլ Փաշինյանի աներձագ Հրաչ Հակոբյանն է»,- գրել է Արմեն Աշոտյանը: ԿԸՀ և դիտորդների ուշադրությունն է հրավիրել փաստի վրա՝ հավելելով․
«Սա էլ հիշեցում օրենքից: Ընտրական օրենսգիրք Հոդված 21 2. Հանրության համար տեսանելի քարոզչական պաստառ, քարոզչական տպագիր և այլ նյութեր կարող են փակցվել միայն` 2) ֆիզիկական անձանց համաձայնությամբ` նրանց պատկանող կամ նրանց տիրապետման ներքո գտնվող շենքերի, շինությունների (բացառությամբ պետական և համայնքային սեփականություն հանդիսացող շենքերի, հանրակրթական դպրոցների, բազմաբնակարան կամ ստորաբաժանված շենքերի, հասարակական սննդի կամ առևտրի օբյեկտների), տրանսպորտային միջոցների (բացառությամբ հասարակական տրանսպորտի և տաքսու) վրա կամ դրանց ներսում: Բազմաբնակարան կամ ստորաբաժանված շենքերի վրա քարոզչական պաստառ, քարոզչական տպագիր և այլ նյութեր կարող են տեղադրվել միայն ֆիզիկական անձի սեփականությունը հանդիսացող տարածքում (այդ թվում` պատշգամբներում, պատուհանների վրա և այլն) կամ արտաքին պատերին տեղադրված վճարովի գովազդային վահանակների վրա»:
***
«Ազգային առաջընթաց» կուսակցության ներկայացուցիչ Հայկ Գրիգորյանն էլ մամուլի ասուլիսում հայտարարեց, որ Գեղարքունիքի մարզում անցկացրած «Իմ քայլը» դաշինքի քարոզարշավին պետական համարանիշներով մեքենաներ կային, ինչը վարչական ռեսուրսի չարաշահում է:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը