Այլևս երբեք ՀՀ քաղաքացու ձայնը չի կեղծվելու, այլևս երբեք լկտիություն չի լինելու, այլևս երբեք ՀՀ քաղաքացու վրայով ավտոներ չեն քշելու, կներեք գրոտեսկային համեմատության համար: Այս մասին նոյեմբերի 30-ին, Հրազդան քաղաքում բնակիչների հետ հանդիպման ժամանակ նշեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:
Նա թվարկեց, թե ինչ է տեղի ունեցել Հայաստանում վերջին 6 ամսվա ընթացքում.
«- 10 և 20 դրամով էժանացել է գազն ու լույսը սոցիալապես անապահով խմբերի համար որոշակի չափաքանակներով:
- Ի հեճուկս նախկինում կառավարության կնքած պայմանագրերի, խմելու ջուրը ՀՀ-ում չի թանկացել, թեև այս դեկտեմբերին պետք է թանկանար: Մինչև 2024 թվականը չի թանկանալու:
- 209 հազար մարդու աշխատավարձ բարձրացել է, ևս 200 հազար մարդու աշխատավարձ կբարձրանա 2019 թվականի ընթացքում,
- 85 հազար մարդու նպաստ ու թոշակ կավելանա հունվարի 1-ից:
- «Բնակարան երիտասարդ ընտանիքներին» ծրագրով հիփոթեքային վարկի տոկոսներն իջել են աննախադեպ ցածր մակարդակի:
- Բարձրացել են անշարժ գույքի գները ամբողջ հանրապետությունում: Սա նշանակում է, որ մարդիկ կարող են ավելի մեծ չափով վարկ ստանալ:
- 125 հազար մարդու վարկային պատմությունը մաքրվել է:
- Երկրորդ երեխայի ծննդի համար միանվագ նպաստը եռապատկվել է:
- 38 հազարով ավելացել է գրանցված աշխատողների թիվը:
- վերացել են տնտեսական մենաշնորհները:
- ՔԿՀ-ներում գերբեռնվածության խնդիրը լուծվել է:
- Երթևեկության կանոնների խախտման տուգանքների համաներում է տեղի ունեցել 150 հազար մարդու նկատմամբ, ներվել է 13 մլրդ դրամ:
- Սրտի ստենտավորման գները նվազել են 250 հազար դրամով:
- 2019 թվականից 200 հազար քաղաքացիներ առողջապահությունից կօգտվեն սոցիալական փաթեթի չափանիշներով:
- Երկրում վերացել է համակարգային կոռուպցիան:
- Երբեմնի օլիգարխիան զրկված է կառավարության որոշումների վրա ազդեցության բոլոր լծակներից:
- Վերջին 24 տարվա ընթացքում առաջին անգամ երկրում ընտրությունները չեն կեղծվում:
- Երկրում քաղբանտարկյալներ չկան, 60 տոկոսով գերակատարվել է ճանապարհաշինությունը,
- Զբոսաշրջության 8,8 տոկոս աճ է արձանագրվել:
- Հանրության առջև բացվել են Բաղրամյան 26-ի եև Ազգային ժողովի դարպասների դռները:
- Ոստիկանության զորքերը ոչ թե քաղաքացիներին են ջարդուփշուր անում, այլ մասնակցում են սահմանների պաշտպանությանը:
- Այս պահին ունենք ներգաղթ, արտագաղթի փոխարեն:
- 7 ամիսների ընթացքում 7 միլիարդ դրամի համայնքային ծրագրեր են իրականացվել և հիմա շարունակվում են,
- Հայ-ադրբեջանական սահմանին լարվածությունն ընկել է աննախադեպ ցածր մակարդակի և այս տարի հակառակորդի կրակոցներից զոհվածների աննախադեպ ցածր թիվ ունենք:
- Բաղրամյան 26-ը կրկին լինելու է նախագահի նստավայր:
- Բացառվել է պատմամշակութային հուշարձանների քանդումը:
- Քննչական մարմինները գործում են անկաշկանդ, ըստ նրա՝ առաջիկա օրերին նոր բացահայտումներ կլինեն:
- Հայաստանում տնասպորտային ուղերորահոսքը 12 տոկոսով աճել է»:
Փաշինյանը նաև հայտարարեց, որ բոլոր այն խնդիրները, որ այս կառավարության առաջ դրված են եղել, լուծվել են.
«Մենք հանձնված ենք ժողովրդի դատին, ժողովուրդը պետք է որոշի, թե արդյոք ուզում է, որ մենք կառավարենք Հայաստանն իր անունից: Ես համոզված եմ, որ մենք կլինենք լավ եւ արդյունավետ կառավարություն: Բայց այն պահին, երբ որոշեք, որ չեք ուզում, որ մենք լինենք կառավարություն, մենք ներողություն կխնդրենք, լուռ կհեռանանք և կզիջենք այն քաղաքական ուժին, որն այդ պահին կարժանանա ձեր վստահությանը»,-ընդգծեց Փաշինյանը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը