30 11 2018

Ինչո՞ւ Հայաստանի իշխանությունները չեն մասնակցում հայ-ռուսական քննարկմանը

Ինչո՞ւ Հայաստանի իշխանությունները չեն մասնակցում հայ-ռուսական քննարկմանը

Երևանում տեղի է ունենում «Լազարևյան ակումբի» առաջին նիստը՝ «Հայաստան և Ռուսաստան՝ երկու Հայրենիքներ: Պաշտպանություն և անվտանգություն» թեմայով:

Ակումբի նախաձեռնողները երկու երկրների հայտնի քաղաքական գործիչներ, դիվանագետներ, գիտնականներ, լրագրողներ, մշակույթի գործիչներ, ձեռներեցներ և հասարակական գործիչներ են։

Ակումբի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ Ե՛վ Ռուսաստանը, ե՛ւ Հայաստանը պետք է ուժեղ լինեն, որպեսզի հաղթահարեն իրենց կայուն զարգացմանը սպառնացող արտաքին և ներքին մարտահրավերները․ «Պատահական չէ, որ անկախության բոլոր փուլերում Ռուսաստանն ու Հայաստանը միմյանց աջակցել են, որի հաստատումն է համատեղ անդամակցությունն ԱՊՀ-ին, Եվրասիական տնտեսական միությանը, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը: Նման իրավիճակում արգասաբեր ու արդյունավետ կարող են լինել միայն համատեղ, երկկողմանի ու բազմակողմանի գործողությունները»:

Ուշագրավ է, որ Հայաստանից մասնակցում են քաղաքական գործիչներ, փորձագետներ, ռազմական գործիչներ, վերլուծաբաններ, խորհրդարանական գործիչներ, սակայն իշխանության որևէ ներկայացուցիչ չի մասնակցում։ Ընդամենը կարճատև ներկայություն ապահովեց պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը։ Այնինչ, թե Հայաստանի նախագահն է հրավիրվել, թե վարչապետի պաշտոնակատարը, թե Անվտանգության խորհրդի քարտուղարը և այլ իշխանավորներ։

Ակումբի ներկայացուցիչներից Կոնստանտին Զատուլինն ասաց․ «Մենք տեղյակ ենք, իհարկե, որ Հայաստանի նախագահը, համենայնդեպս, այցով արտասահմանում է եւ պատրաստվում է մասնակիցներին հանդիպել վաղը միջոցառման փակմանը: Խորհրդարանի խոսնակ Արա Բաբլոյանը Սանկտ Պետերբուրգում է միջխորհրդարանական վեհաժողովի լիագումար նիստում: Դե, իսկ որքանով գիտեմ, վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ներկայումս ակտիվորեն մասնակցում է նախընտրական քարոզարշավին: Մենք այս մարդկանցից վիրավորված չենք»:

Զատուլինը դիվանագիտորեն կարող է շրջանցել նեղացածությունը՝ միայն նշելով․ «Մեզ թվում էր, որ պետք է պաշտպանության ու անվտանգության թեման հետաքրքիր ու հասկանալի լինի Հայաստանում բոլորին»։ Սակայն, կարծում ենք, որ դա հաշվի կառնեն։

Փաստ է, որ հայ-ռուսական հարաբերությունների ամենօրյա լավացումից խոսող ՀՀ իշխանությունն այս պահին մի քանի ժամով չի կարող կտրվել հայհոյախառն քարոզարշավից և մասնակցել նիստի, որտեղ, ի դեպ, անկարևոր հարցեր չեն քննարկվում։

Գուցե պատճառը ոչ թե քարոզարշավն է, այլ այն, որ նիստին մասնակցում են քաղաքական, վերլուծական առումով ասելիք ունեցող դեմքե՞ր, որոնք չեն կիսում այսօրվա իշխանության հայացքները, որոնց հետ բանավիճել նրանք կարող են միայն հեռակա կարգով՝ բեմերից։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ