28 11 2018

ԲՀԿ-ի վրա ցեխ շպրտողների անցածը «Կենտրոն»-ով կներկայացնենք․ Ծառուկյան

ԲՀԿ-ի վրա ցեխ շպրտողների անցածը «Կենտրոն»-ով կներկայացնենք․ Ծառուկյան

«Բարգավաճ  Հայաստան» կուսակցությունը երկնքից աստղեր իջեցնելու խոստում չի տալու, որ իրեն ձայն տան: Այս մասին  Իջևանում  կազմակերպված  քարոզարշավի ընթացքում հայտարարեց  քաղաքական ուժի ղեկավար, ԲՀԿ ցուցակը գլխավորող  Գագիկ Ծառուկյանը: «Ամեն ինչ անելու եմ, որ լավ լինի, մեր երկիրը հզոր լինի: Ես ձեզ չեմ ասելու, որ մենք վերևից աստղեր ենք իջեցնելու կամ  ունենք կախարդական փայտիկ, ձեր ձայնը տվեք, և վաղն այս բոլորն անելու եմ: Ես իմ հնարավորության սահմաններում ամեն ինչ արել եմ, անում եմ և անելու եմ՝ անկախ ձայներից, թե ինչքան կտաք կամ չեք տա»,- նշեց նա: 

ԲՀԿ ղեկավարը վստահեցրեց, որ իր թիմին զգուշացրել է` մյուս քաղաքական ուժերին չվիրավորել: «Դուք ձեր գործը, արածները, կապերը ներկայացրեք, մեր ժողովուրդն  էլ ում կուզի, թող իր ձայնը տա, թե չէ մեկը մեկին վիրավորելով, ցեխ շպրտելով` այդպես հեղինակություն ձեռք բերելու կարիք չկա: Ուժեղ մարդը երբեք որևէ մեկին թթու բառ չի ասի: Ես իմ թիմին զգուշացրել եմ՝ եթե իմանամ մեկի վրա ցեխ եք շպրտում, իրանց հաշվին հեղինակություն ձեռք բերում, կուսակցությունից կհեռացնեմ»,- ասաց Ծառուկյանը:

Ծառուկյանը հավելեց՝ եթե մեկը փորձի ցեխ շպրտել ԲՀԿ–ի վրա, ապա «Կենտրոն» հեռուստաընկերությամբ հանրությանը «նրա անցածը կետ առ կետ կասեն՝ ով ա, ինչ ա, ումն ա, ինչի շնորհիվ ա, ինչի համար ա անում եւ իրա նպատակն ինչ ա»։ «Որ կյանքում քարը քարի վրա դրած չկա, 100 դոլար աշխատած չկա, մեկի մատից փուշ հանած չկա ու ելույթ է ունենում: Կարա՞ս անես, գնա արա, մենք էլ կողջունենք, կշնորհավորենք: Մենք պետք է խաղաղ ներկայացնենք մեր ծրագրերը»,- ասաց Ծառուկյանը:

Ամենակարեւոր խնդիրը ժողովրդի համար, ըստ Ծառուկյանի, բանկային համակարգն է. «Այսօր ամբողջ ազգովի բանկի տակ են, տոկոսի տակ են, վարկերի տակ են: Մենք ունենք 650 հազար ընտանիք, եւ ունենք միլիոն ու կես վարկառու, այսինքն՝ ամեն ընտանիքին 2 ու կես մարդ, համարյա 3 մարդ վարկի տակ է, այսինքն՝ կինը, ամուսինը, տղան, աղջիկը, մեկը վերցնելով, մյուսը փակելով: Խնդիրը պետք է կարգավորվի: Եվ պետության աջակցությունն է պետք եւ բանկերի սեփականատերերի: Այդ վիճակով բանկերի գրավներն էլ են արժեզրկվում»:

ԲՀԿ առաջնորդի խոսքով՝ այսօր վարկը  8-14 տոկոս է, բայց մարդկանց տարեկան շահույթը 7 տոկոս է, եթե վարկ վերցնես, ո՞նց ես տակից դուրս գալու. «Ո՞նց կարող է նման բան լինել, տուժելու դեպքում, ուրեմն գրավն էլ է կորելու: Պետք է լինի այնպես, որ դու բանկից տոկոս ես վերցնում, պետք է այն տարվա շահույթից պակաս լինի: Բանկի տոկոսը պետք է լինի 3-4 տոկոս, որ ժողովուրդը կարողանա շնչել»:

Ծառուկյանը շեշտեց՝ փոքր ու միջին բիզնեսին պետք է հնարավորություն տանք, թեթեւացնենք հարկերը. «Նրանք նոր ծիլեր են, ամբողջ աշխարհում փոքր ու միջին բիզնեսը պետության ողնաշարն է։ Տնտեսական ճգնաժամի ժամանակ հարկերը չեն ավելացնում, ավելացնելու դեպքում դառնում են գործազուրկ, հիմնարկները սնանկանում են, ժողովուրդն էլ նպաստ է ստանում կամ արտագաղթի ճանապարհն է բռնում»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ