27 11 2018

Այսօր բոլորը վրդովված են և հիասթափված. ԲՀԿ նախագահ

Այսօր բոլորը վրդովված են և հիասթափված. ԲՀԿ նախագահ

Աբովյան քաղաքում մեկնարկել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության  քարոզարշավը, որին մասնակցում է  կուսակցության առաջնորդ, նախընտրական ցուցակը գլխավորող Գագիկ Ծառուկյանը։ Ելույթի սկզբում նա հիշեցրել է՝ իր խոսքը գործ է, որ բոլոր ասածներն իրականություն են դարձրել:

«Այսօր հիմնական խնդիրը մեր երկրում սա է՝ պետք է լինի տնտեսական հեղափոխություն: Այսօր բոլորն էլ ուզում են աշխատել՝ 4-8 ժամվա փոխարեն 10 ժամ, որ արժանապատիվ տուն մտնել կարողանան, երեխայի, կնոջ  երեսին նայել, հոսանքի գումարը, երեխայի ուսման վարձը վճարել, ծնունդ և կնունք անեն: Մեկ անգամ են ծնվել, ուզում են կյանքի բարիքներից օգտվել»,- նշեց Ծառուկյանը՝ հավելելով, որ այլ երկրներում մեզանից վատ վիճակ է եղել, բայց համախմբվել են և դուրս եկել այդ իրավիճակից:

«Իհարկե, բոլորին էլ աջակցում եմ, բայց աջակցելով երկիր չես զարգացնի։ Բոլորն էլ ուզում են աշխատել։ Մեր ժողովուրդը 2 միլիոն մեծ կոլեկտիվ է՝ ձեր ցավը տանեմ, պետք է կարողանանք համախմբված լինել։

Նա նաեւ ընդունեց, որ ինչքան ոլորտ ունենք, այդքան էլ պրոբլեմ, իսկ հիմնական խնդիրը աշխատատեղի բացակայությունն է։ Ըստ նրա՝ այդ խնդիրները պետք է լուծել, իսկ մարդիկ  բանկից գումար են վերցնում կենցաղային հարցեր կարգավորելու կամ բուժման ծախսերը հոգալու:

«Ցանկացած գործարարի տարեկան շահույթը կարող է լինել 5-7 տոկոս, ուստի բանկի տոկոսը չի կարող 8-12 տոկոս լինել: Սա խնդիրներ է ստեղծում, դրա համար բանկի տոկոսը պիտի լինի 2-4»,- նշեց ԲՀԿ ղեկավարը՝ հավելելով, որ փոքր ու միջին բիզնեսին պետք է հարկերից ազատել, որ նրանք էլ կարողանան աշխատողների թիվն ավելացնել:

Ծառուկյանն արձանագրեց, որ պետության ողնաշարը փոքր ու միջին բիզնեսն է, եւ չի կարելի պետության բյուջեն կազմել փոքր ու միջին բիզնեսի վրա. «Եթե 650 հազար ընտանիք ունենք, 75 տոկոսն է փոքր ու միջին բիզնեսը. հիմնական տուրքերը բյուջեի 1–2 տոկոս է, կարելի է այդ մարդկանց ազատել հարկերից, որովհետեւ դա բյուջեի վրա ազդեցություն չի ունենա, բայց իրենց կօգնի»։

Անդրադառնալով տնտեսական աճի մասին իշխանության պնդումներին` Գագիկ Ծառուկյանը նշեց. «Տնտեսական աճը մարդը զգում է իր սառնարանը բացելուց: Այսօր բոլորը վրդովված են և հիասթափված»:

Ըստ նրա` օրենսդրական այնպիսի պայմաններ պիտի լինեն, որ դրսի ներդրողն ինքն ուզենա ՀՀ-ում ներդրում կատարել, ոչ թե նրան փորձենք խնդրելով բերել:

Նա ասաց, որ չի եկել խնդրելու, որ պարոն Ծառուկյանին ձայն տան, ինչ չափով ձայն տան, այն չափով էլ կարող են պահանջել։

ԲՀԿ նախընտրական ծրագիրն անդրադարձել է բոլոր ոլորտներին՝ բազմազավակ մայրերից մինչեւ գիտություն ու սպորտ։ 

Նա նաեւ վստահեցրեց, որ պատրաստ է իրեն նեղություն տալ, իսկ իր ունեցվածքը հազար ձեւով ստուգել են։

«Հարվարդը չեմ ավարտել, բայց ունեմ փորձ. ցանկացած կառույց, որը վերցրել եմ քանդված, ավիրված՝ հասցրել եմ ամենաբարձր ստանդարտներին։ Բոլոր ոլորտները գիտեմ»,– ասաց Գագիկ Ծառուկյանը։  Ասաց, որ պետք է նայել՝ ինչ օրենքներ կան և դրանցից ավելի լավն ընդունել։

Խոսքը պետք է գործ դարձվի, բոլոր խնդիրները լուծում ունեն՝ եզրափակեց Գագիկ Ծառուկյանը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ