23 11 2018

ԼՂՀ նախկին ՊՆ-ն՝ Խաչատուրովի, մարտի 1-ի գործի, Սեֆիլյանի հետ շփման և ընտրությունների մասին

ԼՂՀ նախկին ՊՆ-ն՝ Խաչատուրովի, մարտի 1-ի գործի, Սեֆիլյանի հետ շփման և ընտրությունների մասին

ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար, ԼՂՀ պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանը արտահերթ խորհրդարանական ընտրություններին որևէ քաղաքական ուժի չի սատարելու։ Այս մասին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում լրագրողների հետ զրույցում ասաց նա։

«Հեղափոխությունն իր ընթացքով գնում է, ես հետևում է ընդհանուր քաղաքական զարգացումներին»,–ասաց նա։

Անդրադառնալով «Սասնա ծռեր»-ի համահիմնադիր Ժիրայր Սեֆիլյանի   այն հայտարարությանը, որով նա առաջարկում էր Բակո Սահակյանին քննարկել Արցախում անցնցում իշխանափոխության հնարավորությունը, Բաբայանն արձագանքեց.

«Ես իմ տեսակետը Ղարաբաղի հարցով արտահայտել եմ շատ հստակ. չի՛ կարելի  Ղարաբաղում ունենալ իշխանություն, որը Հայաստանի հետ չի աշխատելու, չի  համագործակցելու, այսինքն Հայաստանի կարծիքը միշտ պետք է ի նկատի ունենալ, սակայն թե ինչ նկատի ուներ Ժիրայր Սեֆիլյանը, ես չեմ կարող ասել, քանի որ մենք չենք շփվում»։

Անդրադառնալով «Սասնա ծռեր» կուսակցության նախընտրական ծրագրի կարևոր դրույթներից մեկին, որով առաջարկվում է Արցախը դե յուրե միացնել Հայաստանին, Բաբայանն ասաց.

«Այս փուլում Արցախի Հանրապետությունը Հայաստանին միացնելը համարում եմ սխալ, Ռուսաստանի  հետ հարաբերություններ հետ կապված Ժիրայր Սեֆիլյանի և իր թիմի կարծիքը համարում եմ սխալ, ես ասել եմ իրեն իմ տեսակետի մասին։ Ժիրայր Սեֆիլյանի գործերն ինձ հետ որևիցե կապ չունեն:: Պա՞րզ է: Դրա համար մենք իրար հետ չենք շփվում, իմ կարծիքը ես իրեն ասել եմ, տեղյակ ա»:

Այն հարցին, թե ինչպես է վերաբերվում Յուրի Խաչատուրովի՝ մարտի մեկի գործով մեղադրյալ լինելուն և ՀԱՊԿ ԳՔ պաշտոնից հետ կանչվելուն, Արցախի ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանը պատասխանեց. «Որքան գիտեմ, ամսի 6-ին նորից հավաքվելու են այդ հարցի շուրջ, չեմ ուզում նախապես կարծիք արտահայտել, հայտարարություններ անել»:

Հարցին՝ ճի՞շտ որոշում էր հետկանչը, Ս. Բաբայանն ասաց. «Նորից եմ ասում՝ ես ո՛չ քննիչ եմ, ո՛չ դատախազ եմ, որ իմանամ՝ ինչի՞ համար, ո՞նց...»:

Դիտարկմանը, թե սահմանադրական տապալման մեջ են մեղադրում նրան, Բաբայանն արձագանքեց. «Տեսնո՞ւմ ես՝ մեղադրում են, ինձ էլ են մեղադրում չէ՞, հիմա տեսնենք՝ կարո՞ւմ են մինչև վերջ մեղադրել: Ես չգիտեմ՝ ինչքանո՞վ է դա իրական, ինչքանով՝ ոչ: Դատարանը որոշում կկայացնի, որից էլ մենք եզրակացություն կկազմենք»:

Հաջորդ հարցին՝ ի՞նչ հարաբերություներ ունի Յուրի Խաչատուրովի հետ, Արցախի ՊԲ նախկին հրամանատարը պատասխանեց՝ «բոլորի հետ միշտ էլ նորմալ հարաբերություններ եմ ունեցել, բացի մեկից»: Թե ով է այդ մեկը՝ չմանրամասնեց:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ