23 11 2018

Քաղաքացիների 68.3 %-ը կքվեարկի «Իմ քայլի» օգտին. սոցհարցում

Քաղաքացիների 68.3 %-ը կքվեարկի «Իմ քայլի» օգտին. սոցհարցում

GALLUP International association-ի իրականացրած հարցման արդյունքները ցույց են տվել, որ Հայաստանի քաղաքացիների համար երկրի առջև ծառացած  ամենակարևոր խնդիրը գործազրկությունն է: Այս մասին նոյեմբերի 23-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց GALLUP International association-ի` Հայաստանում լիիրավ անդամ Էմ Փի Ջի ՍՊԸ-ի տնօրեն Արամ Նավասարդյանը:

«Քաղաքացիներին հարցրել ենք, թե որոնք են ներկա պահին մեր պետության առջև կանգնած ամենակարևոր խնդիրները: 45.2%-ը պատասխանել է՝ գործազրկությունը, 29.6%-ը կարծում է, որ տնտեսական վիճակը, 23.9%-ը` ցածր թոշակներն ու ցածր աշխատավարձերը»,- նշեց Նավասարդյանը:

Նրա խոսքով` ԼՂ հիմնախնդիրն ու արտաքին քաղաքականության խնդիրները ավելի քիչ տոկոսներ են ստացել: «ԼՂ հիմնախնդիրը կարևորության տեսանկյունից ստացել է 23.4%, իսկ արտաքին քաղաքականության խնդիրները` 8%»,- ասաց Արամ Նավասարդյանը:

Կարևորության ցածր ցուցանիշ են արձանագրել նաև առողջապահական համակարգի վատ վիճակը, արտագաղթը, կրթական համակարգի վատ վիճակը, գնաճը, բարձր կոմունալ վճարներն ու բարձր հարկերը:

Նշենք, որ 1111 հարցվածների 2.9%-ը տեղյակ չէ, որ դեկտեմբերի 9-ին ՀՀ-ում տեղի են ունենալու ԱԺ արտահերթ ընտրություններ:

Հարցին, թե Դուք ո՞ր կուսակցությանը կամ կուսակցությունների դաշինքին եք պատրաստվում տալ Ձեր ձայնը, քաղաքացիների պատասխանները հետևյալ տեսքն ունեն. ««Իմ քայլը» դաշինք՝ 68.3 տոկոս, ԲՀԿ՝ 6.7 տոկոս, ՀՀԿ՝ 1.5 տոկոս, «Լուսավոր Հայաստան»՝ 1.2 տոկոս, ՀՅԴ՝ 1 տոկոս, «Սասնա ծռեր»՝ 0.9 տոկոս, Քրիստոնեա-Դեմոկրատական Վերածնունդ՝ 0,3 տոկոս, «Մենք» դաշինք՝ 0,3 տոկոս, «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատներ՝ 0.2 տոկոս, ՕԵԿ՝ 0.1 տոկոս, «Ազգային առաջընթաց» կուսակցություն՝ 0 տոկոս»:

Ըստ հարցումների՝ 5 բալանոց համակարգով միջինացված տվյալներով ՀՀԿ–ն համարվում է ներկայիս ընդդիմություն, քանի որ միջինացված տվյալներով 3.8 բալ է հավաքել, իսկ 3 բալ հարցվածները տվել են ՀՅԴ-ին։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ