23 11 2018

Ձեզ թվում է՝ ես նստած գծում եմ՝ էս սրան, էս՝ սրա՞ն. Նիկոլ Փաշինյան

Ձեզ թվում է՝ ես նստած գծում եմ՝ էս սրան, էս՝ սրա՞ն. Նիկոլ Փաշինյան

Այն ինչ տեղի է ունեցել և տեղի է ունենում, բոլորը ձեր աչքի առջև է. իսկ բոլորը համոզվա՞ծ են, որ եթե Մանվել Գրիգորյանի խափանման միջոցը փոխվի, նրա նկատմամբ վենդետա տեղի չի ունենա: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 23-ին, լրագրողների հետ զրույցում նշեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի պաշտպաններն ահազանգում են, որ նրա առողջական վիճակը շատ վատ է եւ նրա նկատմամբ վենդետա է իրականացվում:

«Հիմա մարդիկ կան, որ գրավով ազատ են արձակվել, հետո կալանավորվել են: Դա իրավական գործընթաց է: Եթե չեմ սխալվում, դատաբժշկական փորձաքննություն նշանակվել է և եզրակացություն եղել է: Թող դատարանն ու քննչական մարմինը որոշեն: Այս պահին իմ ձեռքի տակ չկա փաստ, որը վկայում է, որ Մանվել Գրիգորյանի առողջական վիճակն անհամատեղել է նրա կալանքի հետ»,-հայտարարեց վարչապետի պաշտոնակատարը:

Անդրադառնալով ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնի հարցում Երևանի և Մինսկի միջև «փոխհրաձգությանը» Փաշինյանը հայտարարեց, որ ինքը չի կարծում, թե Բելառուսի հետ կրքերը բորբոքվել են, որ հիմա էլ հանդարտվեն.

«Այն, ինչ ասել եմ՝ ուժի մեջ է և սրանից հետո լինելու է ուժի մեջ»,-հայտարարեց Փաշինյանը:

Դիտարկմանը, թե ՀՀԿ-ն ահազանգում էր, որ ուղղորդումներ են եղել ՔՊ-ի կողմից, իրենց համակիրներին «խորհուրդ են» տալիս հեռու մնալ ՀՀԿ շտաբներից, Փաշինյանն ասաց, որ ՀՀԿ-ն 20 տարում այնքան բան է արել, որ անգամ փողոցում չկարողանան քայլել, դրա պատասխանատուն է՞լ է ինքը:

Ինչ վերաբերում է բոլոր ուժերի համար հավասար պայմաններ ապահովելուն, Փաշինյանն ասաց. «Դե արդեն անհավասար են պայմանները. քաղաքական ուժեր կան, որ կարող են փողոցում կանգնել ու քարոզչություն անել, կան ուժեր, որ չեն կարող դա անել: Հիմա ի՞նչ անենք, զոռով տանենք ՀՀԿ-ականներին փողոցներում կանգնեցնե՞նք: Ոչ մի ապօրինի լծակ չի օգտագործվելու»:

Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանում բոլորի անվտանգությունն ապահովված է:

Նա անդրադարձավ նաև «Իմ քայլը» դաշինքի վարկանիշին՝ նշելով, որ մարզերում հանդիպումների ժամանակ իրենց վարկանիշի հետ կապված միայն պոզիտիվ շարժ է տեսնում. «Ես միշտ շփվել եմ ժողովրդի հետ և շարունակելու եմ շփվել: Երթը ունի քայլելու բնույթ»:

Ինչ վերաբերվում է մարզեր այցելելը, որպես վարչակական ռեսուրսի չարաշահում դիտարկելուն վարչապետի պաշտոնակատարը պատասխանեց.

 «Հայաստանում որևէ մեկի, որևէ քաղաքացու, այդ թվում՝ նաև ՀՀ վարչապետի՝ հանրահավաք անցկացնելու իրավունքը սահմանափակված չէ: Միջազգային չափանիշները, խնդրում եմ, ձեր կայքերում հրապարակեք: Այսինքն, ՀՀ վարչապետի պաշտոնակատարն ի՞նչ պիտի անի, պիտի սենյակից դուրս չգա՞»,-ասաց Փաշինյանը:

Դիտարկմանը, թե ինչո՞ւ, օրինակ, Երևանում երթը նոյեմբերի 24-ին է անցկացնում, ոչ թե 26-ին, երբ սկսվում է քարոզարշավը և երթը քարոզչական բնույթ չունի՞, Նիկոլ Փաշինյանն ասաց. «ՀՀ որևէ քաղաքացի որևէ օր երթ անելու համար սահմանափակվա՞ծ է: Իսկ օգոստոսի 17-ին, որ հանրահավաք էինք անում, խախտո՞ւմ էինք, թե չէինք խախտում, առջևում Երևանի ավագանու ընտրություններին էին: Կամ գնացել եմ Սյունիքի ու Տավուշի մարզ, խախտում անո՞ւմ էինք, թե չէ: Ցույց տվեք միջազգային չափանիշները, գիտեք, հերիք է Հայաստանում խոսվի առանց հիմնավորումների: Այսինքն՝ դուք ինձ ուզում եք արգելե՞լ: Ես ՀՀ բոլոր քաղաքացիներին կոչ եմ անում առաջիկա խորհրդարանական ընտրություններին քվեարկել «Իմ քայլը» դաշինքի օգտին, հիմա ես չարաշահեցի՞ վարչական ռեսուրսը»:

Դիտարկմանը, թե այդ ժամանակ վարչապետը պաշտոնավարման 100 օրն էր ամփոփում, Նիկոլ Փաշինյանն ասաց, որ հիմա էլ աշխատում է: «Ես խնդրում եմ, առաջադրանք համայն հայության իրավաբաններին, հատկապես հանրապետականներին. որևէ մեկը գիտի՞, որ որևէ քաղաքացի, այդ թվում՝ վարչապետը, սահմանափակված է որևէ օր որևէ հանրահավաք անելու համար: Դա իրենց Հայաստանում էր այդպես, այս Հայաստանում այդպես չէ: Կոչեր կարող են հնչել միշտ, քաղաքական ուժերը պետք է անընդհատ քարոզչություն անեն, քարոզչական ժամկետից դուրս գան որոշակի սահմանափակումների»,-ասաց Փաշինյանը:

Ինչ վերաբերում է ընդդիմության տեղերին, նա ասաց, որ ընդդիմության տեղերը որոշված են Սահմանադրությամբ, և տեղերը որոշելու է ժողովուրդը. «Հիմա ձեզ թվում է՝ ես նստած գծում եմ՝ էս սրան, էս՝ սրա՞ն: Ժողովուրդն է որոշում՝ ով լինի իշխանություն, ով լինի ընդդիմություն և ով դուրս մնա քաղաքական դաշտից: Ես ասել եմ, որ մեր քաղաքական առաքելությունը դա է, երբ ժողովուրդը որոշի, որ չլինենք իշխանություն, չենք լինի և դրանից հետո նույն ժպիտով շարունակելու ենք քայլել Երևանի փողոցներում»: Դիտարկմանը, թե ՀՀԿ-ն հայտարարում է, որ իրենք են միակ ընդդիմադիրը, մնացածը գրպանային ընդդիմություն են, Փաշինյանն ասաց. «Իրենց խորհուրդ եմ տալիս գրպան բառը մի քիչ զգույշ օգտագործել»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ