22 11 2018

ԱՄՆ-ն հույս ունի սեպ խրել ՀՀ-ՌԴ հարաբերությունների միջև. Stratfor

ԱՄՆ-ն հույս ունի սեպ խրել ՀՀ-ՌԴ հարաբերությունների միջև. Stratfor

Կովկասում Վաշինգտոնն ուշադրությունը կենտրոնացնելու է Հայաստանի կառավարության հետ կապերն ամրապնդելու վրա: Այս կարծիքին են Stratfor առաջատար աշխարհաքաղաքական վերլուծական հարթակի փորձագետները: 

«Հայաստանն ավանդաբար եղել է ՌԴ-ի ամենամտերիմ և հավատարիմ դաշնակիցներից մեկը, սակայն ՀՀ-ի և Ռուսաստանի միջև քաղաքական լարվածություն էր առաջացել վերջին ամիսներին՝ պայմանավորված ապրիլյան թավշյա հեղափոխության արդյունքում ընդդիմության առաջնորդ Նիկոլ Փաշինյանի իշխանության գալով:

ԱՄՆ-ն հույս ունի, օգտվելով այդ լարվածությունից, սեպ խրել երկու երկրի միջև, մի բան, որ միշտ փորձել է անել»,-  նշում են վերլուծաբանները։

Ըստ վերլուծաբանների՝ դրա ապացույցն է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի այցը Հայաստան, որի ժամանակ նա արտահայտել է ԱՄՆ-ի հետաքրքրվածությունը Հայաստանին զենք վաճառելու հարցում: Մասնագետները նկատում են՝ Մոսկվան Բոլթոնի առաջարկը դիտարկել է որպես անմիջական մարտահրավեր: Նրանք նշում են, որ Ադրբեջանը նույնպես կգրավի ԱՄՆ-ի ուշադրությունը, մասնավորապես՝ Իրանի նկատմամբ ճնշում գործադրելու հարցում: Ադրբեջանն արդեն դադարեցրել էր Իրանից բնական գազ գնելու գործընթացը նախքան ամերիկյան պատժամիջոցների ուժի մեջ մտնելը: Չի բացառվում, որ երկիրն այս տարի կկրճատի տնտեսական կապերը Թեհրանի հետ:

Միաժամանակ հաղորդվում է, որ ԱՄՆ-ն կընդլայնի անվտանգության ոլորտում աջակցությունն ու ավելի շատ զորավարժություններ կանցկացնի Վրաստանի հետ, որը միակ երկիրն է տարածաշրջանում, որն ակտիվորեն ձգտում է անդամակցությանը ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ