22 11 2018

«Դիվանագիտական կոնֆլիկտ»՝ սեռական փոքրամասնությունների պատվին

«Դիվանագիտական կոնֆլիկտ»՝ սեռական փոքրամասնությունների պատվին

Հայտնի ռուս լրագրող Սերգեյ Դորենկոն պատասխանել է Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպանատան կոշտ արձագանքին, որը վերաբերում է իր կողմից ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին ուղղված քննադատությանը: Այս մասին հայտնում է rusarminfo.ru-ն:

Հիշեցնենք, որ Դորենկոն ավելի վաղ ասել է, որ Փաշինյանը պետք է հստակ դիրքորոշում ունենա ԼԳԲՏ հարցում. կա՛մ աջակցի ԼԳԲՏ ակտիվիստներին, կա՛մ էլ ավանդական ընտանեկան արժեքներին:

ՌԴ-ում ՀՀ դեսպանատունն արձագանքել էր Դորենկոյի՝ «Խոսում է Մոսկվան» ռադիոկայանի եթերում հնչեցրած քննադատությանը: Դեսպանատան պաշտոնական ֆեյսբուքյան էջում նշվում էր, որ «վերջին շրջանում ռուսական մեդիատիրույթում հանդիպում ենք Հայաստանի ներքին զարգացումների վերաբերյալ տրամաբանությունից զուրկ, ոչ ադեկվատ, սադրիչ հայտարարությունների, որոնց թվին են դասվում Դորենկոյի վերջին արտահայտությունները»:

«Պարոն Դորենկոն մոռացել է եթերի էթիկայի բոլոր նորմերի մասին ու, հավանաբար, երրորդ անձանց մատուցմամբ իրեն թույլ է տվել մի շարք վիրավորական արտահայտություններ մեր երկրի, ժողովրդի, նրա ղեկավարության հասցեին»,-ասված է դեսպանատան հայտարարությունում:

Սրան ի պատասխան լրագրողը Telegram ալիքում գրել է.

«Կցանկանայի մեծ հարգանքով պատասխանել ՀՀ դեսպանատանը՝ նշելով, որ երբեք ինձ թույլ չէի տա անհարգալից վերաբերմունք դրսևորել Հայաստանի նկատմամբ: Հայաստանն ու նրա զարմանալի տաղանդավոր և աշխատասեր ժողովուրդն արժանի են բարձրագույն հարգանքի»:

Հաղորդավարը մանրամասնել է, որ իր կարծիքը վերաբերում էր ոչ թե Հայաստանին, այլ երկրում ընթացող քաղաքական գործընթացի մասնակիցների հակասական քայլերին:

«Ենթադրում եմ, որ այդ ամենի վերաբերյալ կարծիք ունենալն իմ իրավունքն է»,-ընդգծել է Դորենկոն:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ