Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ հանդիպել է մեր երկրի տարբեր ոլորտներում գործունեություն ծավալող գործարարներին: Հանդիպումն անցկացվել է «Բիզնես միջավայր և ներդրումներ. մարտահրավերներ և լուծումներ» խորագրով: Իր ելույթում վարչապետի պաշտոնակատարն անդրադարձել է Հայաստանի տնտեսությունում տեղի ունեցող գործընթացներին և տնտեսական զարգացման հեռանկարներին: Այս մասին հայտնում են ՀՀ վարչապետի աշխատակազմից:
Նիկոլ Փաշինյանը, մասնավորապես, նշել է.
«Հայաստանի Հանրապետության մեծարգո նախագահ, հարգելի գործարարներ, հարգելի հյուրեր,
ՀՀ նախագահը շատ ճիշտ նկատեց, որ մենք, ըստ էության, գտնվում ենք մեր երկրի զարգացման մի շատ կարևոր փուլում, երբ քաղաքական հեղափոխությունը պետք է տրանսֆորմացվի, կամ ավելի ճիշտ զուգորդվի տնտեսական հեղափոխությամբ: Եվ իհարկե, այս գործում մեր մեծագույն դաշնակիցը, Հայաստանի մեծագույն դաշնակիցը, գործարար խավն է, և մենք հույս ենք դնում մեր գործարար մարդկանց տաղանդի վրա, որովհետև մի քանի անգամ ասել եմ, որ ինչպես ամեն մարդ չէ, որ կարող է ստեղծել արվեստի գլուխգործոց, ինչպես ամեն մարդ չէ, որ կարող է ճեղքում իրականացնել գիտության մեջ, այդպես էլ գործարարությունը հատուկ տաղանդի կարիք և անհրաժեշտություն ունի: Համոզված եմ, որ Հայաստանի Հանրապետությունում և, ընդհանրապես, հայ ժողովրդի բազմաթիվ ներկայացուցիչներ տիրապետում են այդ տաղանդին, ընդ որում, ոչ միայն նրանք, ովքեր այսօր արդեն զբաղվում են դրանով, այլև մարդիկ, ովքեր ինչ-ինչ պատճառներով ձեռնպահ են մնացել Հայաստանում նման գործունեության ծավալելուց:
Մեր դերն է, որպեսզի քաջալերենք այդ մարդկանց, աջակցենք, նպաստենք, որպեսզի այդ տաղանդը լիարժեք բացահայտված լինի:
Հիմա այդ նոր փուլը թևակոխելուց առաջ Հայաստանում տեղի են ունենալու արտահերթ խորհրդարանական ընտրություններ և տեղյակ եք, որ այս ընտրություններում պատգամավորի թեկնածուների թիվը, ովքեր նաև համարվում են գործարար, էականորեն նվազել է, և դա Հայաստանում տեղի ունեցող քաղաքական պրոցեսների արդյունք է: Բայց ես ուզում եմ ընդգծել, որ սա որևէ կերպ չի կարելի մեկնաբանել որպես Հայաստանում գործարարի կարգավիճակի նսեմացմանը նպաստող կամ գործարարի կարգավիճակը նսեմացնող գործընթաց: Հակառակը, մենք համոզված ենք և ուզում ենք, ու հասնելու ենք դրան, որ Հայաստանի Հանրապետությունում լինեն շատ ավելի մեծ թվով գործարարներ, այսինքն՝ արդյունք ստեղծող մարդիկ, որոնց կարգավիճակն ավելին է, քան օրինակ՝ պատգամավորինը, նախարարինը և պետական որևէ պաշտոնյայինը: Ընդհանուր առմամբ, չեմ ուզում, որ սա էլ մեկնաբանվի որպես պետական պաշտոնյայի կարգավիճակի նսեմացում, ուղղակի կարծում եմ, որ մեր երկրի ապագան կառուցելու գործում շատ ճիշտ դերաբաշխում պետք է արվի և, ընդհանրապես, բիզնեսը, տնտեսությունը չպետք է քաղաքականացվի և դա, կարծում եմ, բխում է բոլորի շահերից՝ և՛ հանրության, և՛ գործարար խավի, և՛ արդյունավետ կառավարման: Ուզում եմ ընդգծել, որ այն պրոցեսները, որոնց մասին ես առիթ ունեցա խոսել նախորդ ամիս՝ Հայաստանի Հանրապետության ԱԺ-ում, սկսել են իրենց դրսևորել: Եթե հիշում եք, շատ էր քննարկվում, որ մեր երկրում տնտեսական ակտիվության ցուցանիշը սեպտեմբերին անկում է ապրել, և ըստ էության, կառավարության մեկնաբանությունը հետևյալն է. տեղի են ունենում բնականոն գործընթացներ, երկրի տնտեսությունը տրանսֆորմացիայի գործընթաց է ապրում և տեղի է ունենում տնտեսական կառուցվածքի փոփոխություն: Արդեն հոկտեմբեր ամսվա տնտեսական ակտիվության ցուցանիշները գալիս են վկայելու, որ իրավիճակի նման մեկնաբանությունը հիմնավոր է, որովհետև սեպտեմբերի անկումից հետո մենք հոկտեմբերին 3 տոկոս տնտեսական ակտիվության ցուցանիշ ենք ունեցել: Այսինքն՝ ունենք տնտեսական ակտիվության ցուցանիշի աճ այն պայմաններում, երբ երկրի ավանդական ոլորտները երկնիշ անկում են արձանագրել, խոսքը գյուղատնտեսության և հանքարդյունաբերության մասին է: Մենք հոկտեմբերին ունենք արդյունաբերության 8,1 տոկոսանոց աճ, որը տեղի է ունեցել արտադրության, այլ ոչ թե հանքարդյունաբերության հաշվին: Սա մեզ համար բավականին լավատեսական և ուրախացնող ցուցանիշ է, միևնույն ժամանակ, ի տարբերություն սեպտեմբերի՝ հոկտեմբերին ունեցել ենք արտահանման 12 տոկոսանոց աճ, ինչը նշանակում է, որ մեր կանխատեսած և բարձրաձայնած առողջացման պրոցեսները մեր երկրում տեղի են ունենում:
Իհարկե, այս ամենը չի նշանակում, թե մենք մտադիր ենք անտեսել հանքարդյունաբերությունը, կամ մենք չենք կարևորում գյուղատնտեսությունը, բայց մեր առաջ հստակ խնդիր է դրված, որ Հայաստանի Հանրապետությունում հանքարդյունաբերությունը պետք է տեղի ունենա միջազգային լավագույն բարձր չափանիշներին համապատասխան և կանխատեսելի լինի շրջակա միջավայրի և մեր երկրի ազգային ու տնտեսական շահերի պաշտպանության առումով: Եվ գյուղատնտեսության մեջ մենք մտադիր ենք լրջորեն աջակցել նոր տեխնոլոգիաների ներդրմանը, այնպիսի տեխնոլոգիաների, որոնք որևէ նեգատիվ ազդեցություն չեն ունենա մեր գյուղատնտեսական արտադրանքի էկոլոգիական առումով մաքրության և ընդունելիության վրա, բայց միևնույն ժամանակ մեր գյուղատնտեսությունն այդպիսի մեծ կախվածություն չի ունենա, օրինակ՝ եղանակային պայմաններից և գաղտնի կերպով Հայաստան սպրդած վնասատուներից:
Մեզ համար շատ կարևոր է նաև հետևյալը. վերջին ամիսներին շատ է խոսվում ներդրումների և ներդրումային ծրագրերի մասին: Անկեղծ ասած, ես այդ թեմային խուսափում էի անդրադառնալ և հիմա էլ առանձնապես գոհ չեմ, որ պետք է անդրադառնամ, որովհետև չեմ ուզում այս խնդրի մասին խոսել, քանի դեռ կոնկրետ ներդրումներն իրականություն չեն դարձել: Բայց հիմա, քանի որ մենք նոր փուլ ենք մտնում, ուզում եմ վստահորեն արձանագրել, որ եթե այն տնտեսական ներդրումային ծրագրերը, որոնց վերաբերյալ այս պահին արդեն կան շատ կոնկրետ պայմանավորվածություններ և պարտավորություններ, մեր պայմանավորված ժամկետներում իրականություն դառնան, ապա արդեն հաջորդ տարի Հայաստանի Հանրապետությունը տնտեսական առումով բոլորովին նոր կարգավիճակ կունենա, որովհետև այդ մի քանի խոշոր ներդրումային ծրագրերն ի վիճակի կլինեն ոչ միայն ամբողջությամբ փոխել Հայաստանի տնտեսության կերպարը, այլ նաև նոր հորիզոններ կբացեն մեր հետագա տնտեսական զարգացման համար:
Եվ ես ուզում եմ հույս հայտնել, որ Հայաստանում և Հայաստանից դուրս հայության շրջանում այս ուղերձը շատ հստակ կտարածվի: Մենք ուզում ենք ևս մեկ անգամ վերահաստատել, որ Հայաստանում սեփականության վերաբաշխում չի լինելու, սեփականության իրավունքը երաշխավորված է, ներդրումների անվտանգությունը երաշխավորված է: Մենք հույս ունենք, որ քաղաքական գործընթացները մեր գործարարներին կքաջալերեն անելու նորանոր ներդրումներ, որովհետև, իսկապես, ինչպես քաղաքական հեղափոխության դեպքում, այդպես էլ տնտեսական հեղափոխության դեպքում մեր ամենակարևոր և աշխատող բանաձևը ներառումն է, մասնակցությունը յուրաքանչյուր քաղաքացու, յուրաքանչյուր գործարարի շահագրգռվածությունն այդ հեղափոխությունն իրականացնելու գործին: Մենք հույս ունենք, որ յուրաքանչյուր ոք, ով քայլ ունի անելու, անպայման կանի այդ քայլը, ընդ որում մենք հույս ունենք, որ այդ պրոցեսին կներգրավվեն նոր մարդիկ, նոր ուժեր և, Հայաստանի Հանրապետությունն իսկապես կդառնա մի երկիր, որտեղ ոչ թե խոշոր բիզնեսը փոքրանում է, այլ փոքր բիզնեսը դառնում է միջին, միջինը՝ խոշոր և այդպես շարունակ: Սա շատ կարևոր արձանագրում է, որովհետև երբեմն տպավորություն է ստեղծվում, որ մենք, պայքարելով հանուն փոքր բիզնեսի, ուզում ենք այնպես անել, որ այն հավերժ մնա փոքր և, պայքարելով ընդդեմ խոշոր բիզնեսի, ուզում ենք այնպես անել, որ նա հնարավորինս փոքրանա: Մենք ուզում ենք, որ Հայաստանի տնտեսությունն իրոք լինի տեխնոլոգիական, արդյունաբերական տնտեսություն, որն իսկապես համապատասխանում է 21-րդ դարի չափանիշներին, հնարավորություններին, հեռանկարներին և, ինչու չէ, որոշակիորեն արձագանքում է այն մարտահրավերներին, որոնք կան մեր երկրի առաջ ՝ տնտեսական, քաղաքական նաև անվտանգության առումով:
Հարգելի բարեկամներ, Մեր այս հանդիպումն անցկացվում է համահայկական կարևորագույն միջոցառման նախօրյակին: Ինչպես գիտեք, վաղը Լոս Անջելեսում մեկնարկելու է «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից կազմակերպվող հերթական հեռուստամարաթոնը: «Հայաստան» համահայկական հիմնադրամը մեր երկրի զարգացման համար ստեղծված կարևոր գործիքներից է: Այն կոչված է միավորել մեր ջանքերը և համախմբել մեզ միասնական ծրագրերի ու նպատակների իրագործման շուրջ: Անցյալում առկա բացասական երևույթները ստվեր նետեցին հիմնադրամի գործունեության, նրա հիմքում դրված սկզբունքների վրա և խաթարեցին նրա նկատմամբ եղած վստահությունը: Գործադիր տնօրենի փոփոխությունը կոչված էր վերականգնել հասարակության անհրաժեշտ վստահությունը հիմնադրամի նկատմամբ և այն վերստին դարձնել հայ ժողովրդի համախմբմանը ծառայող կառույցի:
Իրականացվելու են սկզբունքային փոփոխություններ հիմնադրամի կառավարման գործընթացում՝ այն դարձնելով առավել թափանցիկ, վերահսկելի, հաշվետու և արդյունավետ: Այս փոփոխությունները շատ շուտով տեսանելի կլինեն և կներկայացվեն հանրությանը: Վերափոխվելու է հիմնադրամի գործադիր մարմնի կառուցվածքը՝ ծրագրային բովանդակության մաքսիմալ արդյունավետությունը և ծախսերի նպատակայնությունը ապահովելու համար: Գտնում եմ, որ հիմնադրամը կարող է լուծել առանցքային այնպիսի խնդիրներ, որոնք այս պահին կառավարությունն առկա ռեսուրսներով չի կարող լուծել: Այդ իսկ պատճառով կարևորում եմ գործարար համայնքի աջակցությունը հիմնադրամին:
Այս տարվա հավաքված գումարները ծառայելու են Արցախում խորքային հորերի ու կաթիլային ոռոգման համակարգերի զարգացմանը, Հայաստանում ենթակառուցվածքների զարգացմանը, դպրոցների արևային էներգիայով սնուցման համար անհրաժեշտ քայլերի ձեռնարկմանը, բարձր տեխնոլոգիաների ստարտափերի համար բարենպաստ պայմանների ստեղծմանը, երիտասարդական ստեղծարար կենտրոնի հիմնմանը: Հիմնադրամը գործելու է բացարձակ թափանցիկության և բարձր հաշվետվողականության սկզբունքներով: Մենք անելու ենք հնարավորը, որպեսզի ձեր նվիրաբերած ամեն մի լումա ծառայի իր նպատակին:
Եվ ի վերջո մեր գործողությունները վերջին ամիսներին հենց դրան էլ ուղղված են եղել, որովհետև գիտեք հիմնադրամի տնօրինության շուրջ ստեղծված իրավիճակը, կարծում եմ, բոլորիդ հայտնի է և այդ ժամանակ հնչում էին հարցեր՝ արդյոք պետք էր այդ ամենն անել թափանցիկ, հրապարակային, բոլորին հասանելի ձևով: Կարծում եմ, որ այո, հենց այդպես էլ պետք է անել, որպեսզի բոլորի համար շատ հստակ լինի, որ Հայաստանի կառավարությունը որևէ կերպ չի հանդուրժի թեկուզ մի լումայի ոչ ճիշտ օգտագործումը, որովհետև իսկապես «Հայաստան» համահայկական հիմնադրամի գումարները հայության ջանքերով և քրտինքով հավաքված գումարներ են, և այդ գումարները պետք է լինեն միանշանակ վստահելի ձեռքերում: Եվ մեր բոլոր գործողություններն ուղղված են վստահելիության մակարդակը բարձրացնելուն, և որևէ կասկած չկա, որ մենք բոլոր միջոցները կձեռնարկենք հիմնադրամի գործունեությունն առավել արդյունավետ, առավել թափանցիկ դարձնելու համար: Եվ ես հույս ունեմ, որ այս գործողությունները և ընդհանրապես այն մթնոլորտը, որ տիրում է Հայաստանում, իր արձագանքը կգտնի հայության, նաև հայաստանցիների շրջանում, և «Հայաստան» համահայկական հիմնադրամի հերթական դրամահավաքը կանցնի բարձր տրամադրությամբ և մեծ արդյունավետությամբ:
Շնորհակալություն»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը