19 11 2018

Լուկաշենկո VS Փաշինյան․ բուքմեյքերները կարող են խաղադրույքներ ընդունել․ Коммерсантъ

Լուկաշենկո VS Փաշինյան․ բուքմեյքերները կարող են խաղադրույքներ ընդունել․ Коммерсантъ

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնի շուրջ ՀՀ ու Բելառուսի «բախմանն» անդրադարձել է «Կոմերսանտ» պարբերականը։

Հոդվածի հեղինակ Վլադիմիր Սոլովյովը նկատում է, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակումը Հայաստանի ու Բելառուսի «ջանքերով» տաղտուկ կադրային հարցից վերաճել է «դիտարժան բախման»:

«Քաղաքականության ծանրքաշային Ալեքսանդր Լուկաշենկոն դուրս է եկել ընդդեմ հեռանկարային նորեկ Նիկոլ Փաշինյանի: Յուրաքանչյուրի համար հաղթանակն ավելի արժեքավոր է խաղասեղանին դրված մրցանակից ու ՀԱՊԿ հեղինակությունից»,- նշում է Սոլովյովը՝ հավելելով, որ մրցակիցներն իրար վրա են հարձակվում լրատվամիջոցների միջոցով:

«Դեկտեմբերի 6-ին Սանկտ Պետերբուրգում ՀՀ-ն և Բելառուսը դուրս կգան երևակայական մրցահարթակ: Կայանալու է ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովը, որի ընթացքում ՀԱՊԿ անդամ պետությունները կորոշեն, թե ով է հաղթողը»,-նշում է հեղինակը:

Սոլովյովը ներկայացնում է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնի հարցի շուրջ վերջին ամիսներին ծավալված բուռն իրադարձությունները, ըստ որոնց՝ Հայաստանը, քրեական գործի պատճառով Յուրի Խաչատուրովին հետ կանչելով հանդերձ, ցանկանում է նոր նշանակմամբ շարունակել պաշտոնավարել այդ պաշտոնում, իսկ Մինսկը ցանկանում է ռոտացիոն կարգով ստանալ ՀԱՊԿ ղեկավարի պաշտոնը:

Ըստ Սոլովյովի՝ շրջադարձային է համարվում այն պահը, որ Լուկաշենկոն նոյեմբերի 8-ին Աստանայում տեղի ունեցած ՀԱՊԿ գագաթնաժողովին գլխավոր քարտուղարի ընտրության հարցով քննարկումները ներկայացրել է նախևառաջ ՀԱՊԿ անդամ պետություն չհանդիսացող և Հայաստանի հետ հակամարտող Ադրբեջանի դիվանագիտական առաքելության ղեկավարին:

Հեղինակը հիշեցնում է, որ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է՝ հարցի առնչությամբ պարզաբանում կպահանջի Լուկաշենկոյից, մինչդեռ Բելառուսի ԱԳՆ-ն արձագանքել է՝ նշելով, որ «Փաշինյանն իրեն միջազգային դատախազի տեղ է դնում՝ փողոցային ժողովրդավարության օրենքները փորձելով բերել մեծ քաղաքականություն»: «Այս ամենից հետո դեկտեմբերի 6-ի հանդիպմանն ուշադրության գերբարձր մակարդակը երաշխավորված է: Ճիշտ ժամանակն է, որ բուքմեյքերական գրասենյակները սկսեն խաղադրույքներ ընդունել Լուկաշենկոյի ու Փաշինյանի մենամարտի ելքի արդյունքների վերաբերյալ»,-գրում է Սոլովյովը:

Ըստ հեղինակի՝ քաղաքականությունում հարուստ փորձ ունեցող Լուկաշենկոն շարժվում է այն տրամաբանությամբ, համաձայն որի՝ «ստորացուցիչ է համարում Փաշինյանի պես մրցակցին պարտվելը»:

«Բելառուսի նախագահը վաղուց բարձրագույն լիգայում է ու սովոր է անձամբ սահմանել խաղի կանոնները: Նույնը կարելի է ասել Լուկաշենկոյի ռուս, ղազախ ու տաջիկ գործընկերների մասին: Հայաստանի վարչապետը նրանց համար օտար է»,- գրում է Սոլովյովը, որի կարծիքով՝ եթե անգամ Փաշինյանը ՀԱՊԿ-ում որպես մրցակից չի ընկալվում, ապա հաստատ դաշնակից էլ չէ:

Ինչ վերաբերում է դեկտեմբերի 6-ին սպասվող հանդիպումից Փաշինյանի ակնկալիքներին, ապա նա ցանկանում է գլխավոր քարտուղարի պաշտոնը Սանկտ Պետերբուրգից Երևան տանել՝ հաշվի առնելով, որ դեկտեմբերի 9-ին ՀՀ-ում խորհրդարանական ընտրություններ են:

«Բայց եթե պաշտոնը, այդուհանդերձ, Բելառուսին բաժին հասնի, ապա Նիկոլ Փաշինյանի քաղաքական ընդդիմախոսներն ընտրությունների նախաշեմին կօգտագործեն այդ ձախողումն ու դեռ երկար նրան այդ մասին կհիշեցնեն: Եթե Փաշինյանն ավելի վաղ զիջեր, նման սյուժե չէր զարգանա: Բայց նա դա սկզբունքի հարց դարձրեց ու այնպես արեց, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի թեման հիմնականներից մեկը դառնա նաև Հայաստանի սահմաններից դուրս: Այս համատեքստում զիջումը թուլություն, «կոտրվել» կդիտարկվի:

Մինչդեռ Փաշինյանի՝ ՀԱՊԿ շրջանակում գործընկերների շրջանում թուլությունը հարգված չէ. թույլը նրանց համար երբեք յուրային չի դառնա: Այդ պատճառով Փաշինյանին Սանկտ Պետերբուրգում հաղթանակ է պետք, առնվազն՝ ոչ-ոքի»,-գրում է Սոլովյովը՝ հավելելով, որ հավանական է համարում վերջին տարբերակը, երբ գլխավոր քարտուղարի պաշտոնում կշարունակի աշխատել ժամանակավոր պաշտոնակատար Վալերի Սեմերիկովը, իսկ ժամկետի լրանալուց հետո Բելառուսը ռոտացիոն կարգով կստանձնի պաշտոնավարումը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ