Կենտրոնական ընտրական հանձնաժողովը 48 ժամ է տրամադրել ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցող երեք՝ «Բարգավաճ Հայաստան», «Սասնա ծռեր» և «Օրինաց երկիր» կուսակցություններին՝ պատգամավորների թեկնածուների փաստաթղթերը լրացնելու համար:
Հանձնաժողովի արտահերթ նիստում ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը նշեց, որ այս կուսակցությունների պարագայում առաջացել է փաստաթղթերը լրացնելու համար 48 ժամ տրամադրելու անհրաժեշտություն: «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ընտրական ցուցակով պատգամավորի թեկնածու Անահիտ Արամայիսի Ստեփանյանի փաստաթղթերից բացակայում է հայերենին տիրապետելու հավաստող փաստաթուղթը կամ Կրթության և գիտության նախարարության կողմից տրված տեղեկանքը»,- ասաց Մուկուչյանը:
«Սասնա ծռեր» կուսակցության ընտրական ցուցակով պատգամավորի թեկնածու Համլետ Գոգիի Նահապետյանի փաստաթղթերից բացակայում է վերջին չորս տարում միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսանալու և վերջին չորս տարում Հայաստանի Հանրապետության մշտապես բնակվելու մասին տեղեկանքը, ինչպես նաև պատգամավորի թեկնածու Ռաֆայել Միքայելի Ռոստոմյանի փաստաթղթերում բացակայում է հայերենին տիրապետելու հավաստող փաստաթուղթը կամ Կրթության և գիտության նախարարության կողմից տրված տեղեկանքը:
«Օրինաց երկիր» կուսակցության ընտրական ցուցակով պատգամավորի թեկնածու Արմինե Միշայի Բաբայանի փաստաթղթերից բացակայում է վերջին չորս տարում միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսանալու և վերջին չորս տարում Հայաստանի Հանրապետության մշտապես բնակվելու մասին տեղեկանքը, իսկ պատգամավորների թեկնածու Գևորգ Սողոմոնի Հարությունյանի և Վահագն Մեխակի Սողոյանի փաստաթղթերից բացակայում է հայերենին տիրապետելու հավաստող փաստաթուղթը կամ Կրթության և գիտության նախարարության կողմից տրված տեղեկանքը»,- հավելեց նա:
Նշված ժամկետը լրանում է 2018 թվականի նոյեմբերի 19-ին` ժամը 16:00-ին: Այն կարող է բողոքարկվել վարչական դատարանում 3-օրվա ընթացքում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը